Չեխիայի հայերի համար 2020 թվականը սկսվեց մշակութային ձեռնարկների առատությամբ, սակայն ամեն ինչ շատ արագ ընդհատվեց Քովիդ 19 կորոնավիրուսի տարածման եւ երկրում մտցված սահմանափակումների պատճառով։ Տարեվերջին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական պատերազմը դարբաջ չեխահայության միասնականության ու պայքարի լավագույն դրսեւորումներից մեկը։ Շատ չեխահայեր, որոնք մինչ այդ նույնիսկ չէին մասնակցել համայնքային միջոցառումներին, իրենց մասնակցությունը բերեցին ոչ միայն Արցախին ու Հայաստանին ցույց տրվող օգնությանը, շատերը մասնակից դարձան ամենատարբեր բողոքի ակցիաների, հանդես եկան հրապարակումներով ու հարցազրույցներով։ Շատերը մարդասիրական օգնություն ուղարկեցին Հայաստան, ոմանք էլ մեկնեցին Արցախ, տեղում սատարելու արցախահայությանը։
Ամփոփելով անցնող տարին, հուսանք, որ նոր 2021 թվականն ավելի արդյունավետ կլինի ոչ միայն Չեխիայում ապրող հայերի, այլեւ աշխարհի ողջ հայության համար՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում։
Եվ այսպես՝ կարեւոր ձեռնարկներն ու հանդիպումները համառոտ։
Հունվարի 6-ին Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան պատարագը՝ հանդիսապետությամբ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի։
Հայր Սուրբն իր քարոզում ներկայացրեց հայերի կողմից հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնը նշելու խորհուրդը, ապա սիրո ու խաղաղության աղոթքով ավարտեց իր խոսքը։
Այնուհետեւ տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Ջրօրհնեքի Խաչքավորն էր եկեղեցու բարերար, հայտնի գործարար եւ կինոպրոդյուսեր Արմեն Անանիկյանը, ով ներկա էր արարողությանը։
Վերջում մանուկներին բաժանեցին սուրբծննդյան նվերներ, որ պատրաստել էր պրահայաբնակ Անդրանիկ Ասատրյանը։
Սուրբ Ծննդյան պատարագին ներկա էր նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ինչպես նաեւ Չեխիայում Իրաքի դեսպանուհին, ով ցանկություն էր հայտնել ներկա գտնվելու Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Ծննդյան արարողությանը։
Դաշնակահար Նարե Արղամանյանի մենահամերգը
Հունվարի 18-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում վիեննաբնակ հայտնի դաշնակահար Նարե Արղամայնանը հանդես եկավ տպավորիչ մենահամերգով՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի դաշնամուրի սոնատը, որն ի դեպ համաշխարհային պրեմիերա էր, եւ որին ներկա գտնվեց նաեւ կոմպոզիտորը՝ ջերմորեն ողջունելով հայ դաշնակահարուհու կատարումը։
Այնուհետեւ Նարեն մի շնչով ներկայացրեց Կոմիտասի յոթ ստեղծագործությունների դաշնամուրային մշակումները, իսկ համերգային ծրագիրը եզրափակեց Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների կատարմամբ։
Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը
2020 թվականի հունվարի 19-ին Պրահայի Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճն առաջին անգամ հյուրընկալել էր Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին։ Հիմնադիր ղեկավար մաեստրո Սեգեյ Սմբատյանը տարիներ առաջ այստեղ արդեն ղեկավարել էր չեխական նվագախմբին, սակայն աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ ելույթը բացառիկ տպավորություն թողեց լեփ-լեցուն դահլիճում։ Այս համերգը մաս էր կազմում եվրոպական շրջագայության, որի ընթացքում հայ երաժիշտները համերգներով հանդես եկան Եվրոպայի լավագույն համերգասրահներում՝ Մյունխենում, Զալցբուրգում, Շտուտգարտում, Բեռլինում, Լոնդոնում, Վիեննայում, եւ վերջապես՝ Պրահայում։ Վերջին համերգը՝ հունվարի 21-ին Մոսկվայում։
Տիգրան Մանսուրյանի հանդիպումը Բռնոյում
Հունվարի 22-ին չեխական Բռնո քաղաքի ֆիլհարմոնիայի սրահներից մեկում տեղի ունեցավ մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հանդիպումը տեղի հայության հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Մաեստրո Մանսուրյանը ներկաներին պատմել է իր կյանքի ու ստեղծագործական ուղու՝ մասնավորապես Գերմանիայում ունեցած հաջողությունների եւ ձայնագրությունների մասին, պատասխանել է ներկաների հարցերին, վերջում նաեւ նվագել է։
Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը հնչեց Բռնոյում
Հունվարի 23-ին եւ 24-ին Բռնոյի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կամերային նվագախմբի, երգչախմբի եւ օպերային երգիչներ Անյա Պետերսենի եւ Անդրյու Ռեդմոնդի, ինչպես նաեւ դիրիժոր Ալեքսանդր Լիբղայխի ղեկավարությամբ ,,Բախ եւ Մանսուրյան,, ծրագրի շրջանակներում կատարվեց Տիգրան Մանսուրյանի հանրաճանաչ ,,Ռեքվիեմը, որը 2011 թվականին գրվել է գերմանական նվագախմբի եւ Ալեքսանդր Լիբղայխի պատվերով։
Նախօրեին, արդեն չեխական կենտրոնական լրատվամիվոցները իբրեւ շաբաթվա կարեւորագույն մշակութային իրադարձություն ներկայացրել էին ,,Ռեքվիմեի,, փայլուն կատարումը Բռնոյում, իսկ մաեստրո Մանսուրյանի եւ նրա ստեղծագործությանը անդրադարձել էին չեխական կարեւորագույն երաժշտական լրատվամիջոցները, ,,Հարմոնիե, ,,Օպերա պլույս, ,,Ակտուալնի,, ամսագրերն ու կայքէջերը։ Համերգը կազմակերպվել էր Բռնոյի ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ , եւ վայելում էր նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանավորությունը։
Նաղաշ անսամբլի ելույթը Պրահայում
Հունվարի 27-ին հայկական ,,Նաղաշ,, անսամբլը Ջոն Հոդյանի գլխավորությամբ ելույթ ունեցավ Ռուդոլֆինումի Յոզեֆ Սուկի անվան հրաշագեղ դահլիճում։ Անսամբլի եվրոպական շրջագայության վերջին կետը Պրահան էր։ Հունվարի 16-ից մինչեւ 27-ը անսամբլը ելույթներ ունեցավ Լեհաստանի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների եւ Չեխիայի 8 քաղաքներում։ Նրանք ներկայացրեցին ինչպես ,,Աքսորի երգեր,, եռագրության վերջին երրորդ ալբոմից նոր երգեր, այնպես էլ նախորդ երկու ալբոմներից ստեղծագործություններ։
Դաշնակահար Վարդան Մամիկոյանի մենահամերգը Պրահայում
Փետրվարի 1-ին հանրահայտ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը Պրահայի Ռուդոլֆինում հայտնի սրահում հանդես եկավ Բախի եւ Բուսոնի, Ռավելի եւ Շոպենի ստեղծագործությունների կատարմամբ։ Համերգի ավարտից հետո հանդիսատեսը չէր ցանկանում հեռանալ դահլիճից, ինչը ստիպեց գերմանաբնակ հայ երաժշտին երկու անգամ ծրագրից դուրս նվագել ՝ նախ Սայաթ Նովայի մոտիվներով ,,Էլեգիա,, Բաբաջանյանի մշակումը եւ Խաչատրյանի ,,Սուսերով պարի,, իր դաշնամուրային մշակումը։
Ջութակահար Արա Մալիքյանը Պրահայում
Հայազգի վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանը ապրիլի 4-ին առաջին անգամ պետք է հանդես գար Պրահայի 02 Univers մարզահամերգային դահլիճում։ Նրա Թագավորական ավտոտնակ/ The Royal Garage/ շոու ծրագիրը Եվրոպական շրջագայության ընթացքում պետք է ներկայացվեր չեխ հանդիսատեսին։
Փետրվարի 19-ին Արա Մալիքյանն այդ մասին հայտարարեց Պրահայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Սակայն համավարակի պատճառով համերգը մեկ տարով հետաձգվեց։
Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգեցին Պրահայում
Փետրվարի 19-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, որն անցկացրեց Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Ներկաներին դիմեց նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Սուրբ Հարության տոնական պատարագը
Ապրիլի 12-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության տոնական պատարագը։ Պատարագիչն էր Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պատարագին հնչեց Պոլսո մայր եղանակը, սարկավագի եւ դպրաց դասերը կատարեց Հայկ սրկ.Ութիջյանը, իսկ Սուրբ խորանին ծառայեցին Նարեկ եւ Գարիկ Չարչյանները։
Առաջին անգամ պատարագն անցկացվում էր արտակարգ դրության պայմաններում եւ դռնփակ, բայց առցանց հեռարձակմամբ, որին հետեւեցին բազմաթիվ հայորդիներ։ Պատարագի ձայնագրությունը կարող եք դիտել հետեւյալ հասցեով. https://www.youtube.com/watch?v=U0ZBZnH4U30
Հայկ Ութիջյանի նվագախումբը՝ Ամսվա նվագախումբ Եվրոպայում
Եվրոպական համալսարանական նվագախմբերի ցանցը 2020 թվականի ապրիլին ,,Ամսվա նվագախումբ,, է ճանաչել Պրահայի Կարլի համալսարանի ուսանողական նվագախումբը, որի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է դոկտոր Հայկ Ութիջյանը։ Եվրոպայում գործող 120 համալսարանական կամ ուսանողական նվագախմբերի համակարգող կենտրոնը նման որոշում է կայացնում արդեն չորրորդ անգամ։ Այս անգամ պատիվը տրվել է չեխական համալսարանական նվագախմբին՝ մեր հայրենակցի ղեկավարությամբ։ Այս պատվին նվագախումբը արժանացել է ոչ միայն մոտ 20 տարիների ընթացքում կատարած աշխատանքի, այլեւ վերջին տարիների ու հատկապես 2020 թվականին ծրագրած համերգների համար։
Դիանա Խոջայանը՝ չեխական Սուպերսթար մրցույթում
Ապրիլի 12-ին չեխական ՚Նովա՚ հեռուստաընկերությունն եթեր հեռարձակեց Չեխիայի եւ Սլովակիայի ՙՙՍուպերսթար՚ երաժշտական շոու-մրցույթի երկրորդ փուլի տեսագրությունը,որին ինչպես արդեն հաղորդել էինք , մասնակցում էր Բռնո քաղաքից մեր հայրենակցուհի Դիանա Խոջայանը։ 17 ամյա Դիանան փայլուն ելույթ ունեցավ եւ անցավ երրորդ փուլ՝ հայտնվելով 40 լավագույն մասնակիցների շարքում։ Երկրորդ փուլում Դիանան կատարեց Չակա Քհանի Ain’t Nobody/Chaka Khan/ անգլերեն երգը։ Մրցույթից հետո, Դիանան նախաձեռնեց մասնակիցների առցանց ելույթը, որպեսզի կորունավիրուսի տարածման պատճառով մեկուսացման մեջ հայտնված մարդիկ չհուսահատվեն։
Չեխիայի եւ Բալկանյան չորս երկրների հարգանքի տուրքը՝ նաեւ առցանց ոգեկոչմամբ
Այս տարի ապրիլյան ձեռնարկները Չեխիայում չեղարկվեցին համավարակի պատճառով, սակայն Չեխիայում Հայաստանի դեսպանության, Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու եւ Չեխահայ համայնքի համատեղ ուժերով ապրիլի 22-24-ը տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում Պրահայի հայկական խաչքարի մոտ, սրբադասված նահատակների հիշատակին նվիրված փակ ժամերգություն եւ պատրաստվեցին բազմաթիվ ելույթներ՝ առցանց հեռարձակման համար։
Քանի որ Պրահայում Հայաստանի դեսպանությունը ներկայացված է նաեւ Սերբիայում, Սլովենիայում, Խորվաթիայում եւ Չեռնոգորիայում, ապա ոգեկոչման առցանց ակցիային մասնակցեցին նաեւ այս երկրների քաղաքական գործիչները, հայագետներն ու համայնքային գործիչները։
Չեխոսլովակաիայի համար զոհված հայերի հիշատակը հարգեցին Վիսոչինայում եւ Պրահայում
Հայ զինվորների գերեզմաններ կան Չեխիայի եւ Սլովակիայի տարբեր շրջաններում, թե առանձին գերեզմանոցներում, եւ թե եղբայրական գերեզմաններում։ Նրանցից է 19 տարեկանում զոհված Արշավիր Դավիդյանը, որը մասնակցել է Սազավա գյուղի պաշտպանությանը եւ նրա գերեզմանը գտնվում է գյուղի կենտրոնում։ Ամեն տարի այստեղ Ուրարտու հայ-չեխական միության եւ Վիսոչինայի մարզի հայ համայնքի ջանքերով տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ։ Այս տարի մայիսի 8-ին համավարակի պատճառով միայն փոքրաթիվ թվով հայեր են ծաղիկներ խոնարհել Արշավիր Դավիդյանի շիրմաքարին, ինչպես նաեւ առաջին աշխարհամարտի զոհվածների հուշարձանին։ Նրա հիշատակը հարգել են նաեւ քաղաքապետարանի եւ մարզպետարանի ներկայացուցիչները՝ ծաղկեպսակներ զետեղելով հայ զինվորի հուշաքարին։
Իսկ մայիսի 9-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը և դեսպանության աշխատակիցները, ինչպես նաեւ չեխահայեր ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են խոնարհել Չեխոսլովակիայի ազատագրման ժամանակ զոհված Կարմիր բանակի զինվորների և 1945 թ․ Պրահայի ապստամբության մասնակիցներին նվիրված հուշարձաններին։
Չեխիայի Սենատը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ սոցիալ-դեմոկրատ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևը, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։
Միլան Շտյեխը ներկայացնելով բանաձեւը, նշել է, որ սենատոր Միլուշե Հորսկայի հետ պատրաստել են եւ ներկայացրել մի փաստաթուղթ, որի նպատակն է ոչ միայն 2-րդ համաշխարհային պատերազմի, այլեւ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության դատապարտումը։
Հայկական լավաշի նոր արտադրություն Պրահայում
Պրահայի Կբելի թաղամասում բացվել է հայկական լավաշի նոր արտադրություն՝ նոր հոսքագծով, որի նմանն, ըստ արտադրողների, Արեւելյան Եվրոպայում չկա։ Հայկական լավաշի այս արտադրանքն արդեն ստացել է չեխական եւ եվրոպական հավաստագիր։
Չեխիայում լավաշ թխել են 1990-ականներից, այժմ էլ դեռեւս տարբեր քաղաքներում մեր հայրենակիցները շարունակում են թխել լավաշ։
,,Լավաշ Պրահա,, ընկերությունը Գարիկ Պետիկյանի եւ Մարիա Տուրյանինի ղեկավարությամբ թեեւ բացվել է 2020 թվականին, սակայն ունի 14 տարվա պատմություն։ Դեռեւս 2006 թվականից Գարիկի հայրը՝ Հայկ Պետիկյանը տիկնոջ հետ լավաշ են թխել։ Պրահայում լավաշը կարող եք պատվիրել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 420- 778 023 336 կամ 420- 608 415 668։ Կայքէջը՝ lavashprag.cz
Չեխաբնակ գեղանկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը Ուհերսկե Հրադիշտե քաղաքում
Հուլիսի 16-ին չեխական Ուհերսկե Հրադիշտե քաղաքի «S Angelem» պատկերասրահում բացվեց մեր հայրենակից գեղանկարիչ , պատմաբան Աշոտ Առաքելյանի ցուցահանդեսը, որին ներկա էին բազմաթիվ տեղացի մտավորականներ, հեռուստատեսության ու թերթերի ներկայացուցիչներ, հարակից քաղաքաներից եկած հյուրեր։ Բայց ցուցահանդեսի սկզբում կազմակերպիչը՝ «Ինտերյեր գրուպ» ընկերության նախագահ Մարեկ Պավելկան անակնկալ էր պատրաստել ներկաների եւ հայ նկարիչի համար։
Ցուցահանդեսի բացումը կատարեց Սլովակիայից հրավիրված հայ երգչուհի, դաշնակահար Կարինե Սարգսյանը, որի կոմիտասյան մշակումների հուզիչ կատարումները հիացրին ներկաներին։ Հատկապես ազդեցիկ էր «Նուբար» , «Շողեր ջան» , «Հով արեք սարեր» երգերի կատարումները, իսկ «Նազան յար»ի էթնո-ջազային կատարումը արժանացավ բրավոների ու ջերմ ծափահարությունների։
Հոգեհանգստյան կարգ եւ ծխական ժողով Պրահայում
Հուլիսի 20-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց՝ նվիրված հուլիսի 14-ին հայ-արբեջանական սահմանին զոհված չորս հայ հերոսների հիշատակին։ Հոգեհանգստյան կարգը կատարեցին Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը եւ Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբը հոգեհանգստյան արարողության ավարտին ողջունեց Տիրան Սրբազանին, որը եպիսկոպոսի կարգավիճակում առաջին անգամ էր Պրահայում, եւ ըստ էության նրա առաջին արտասահմանյան այցն էր համավարակի սահմանափակումներից հետո։
Անդրադառնալով մեր քաջարի զինվորներին՝ Սոսին, Գարուշին, Գրիշային եւ Սմբատին, Սրբազան հայրը աղոթեց նրանց հոգու հանգստության համար, նաեւ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ ամուր ու կանգնուն մնան Հայոց սահմանները, ուժ ու կորով մաղթելով մեր զինվորներին եւ միասնականություն՝ ողջ ազգին։
Հոգեհանգստյան կարգին նախորդել էր ծխական խորհրդի ժողովը, որի ընթացքում որոշում ընդունվեց մեկ ամիս անց անցկացնել ծխական ընդհանուր ժողով, ինչի մասին մեր հայրենակիցները կստանան հավելյալ ծանուցում։ Ծխական խորհրդի ժողովում ելույթ ունեցավ Տիրան Սրբազանը, այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում։
Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խաղաղություն է մաղթել հայ ժողովրդին
Հուլիսի 21-ին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեսպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան իր նստավայրում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանին եւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։
Չեխ սենատորները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում
Հուլիսի 21-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում կայացավ Չեխիայի Խորհրդարանի Սենատի անդամների և Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների բարեկամական հանդիպում, որին մասնակցություն բերեցին Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահներ Միլան Շտյեխն ու Միլուշե Հորսկան, Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան, սենատորներ ու Սենատի աշխատակազմի աշխատակիցներ, դեսպանության չեխ բարեկամներ, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և Չեխիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Չեխահայերի ցույցը Պրահայում Ադրբեջանի դեսպանության մոտ
Հուլիս 24-ին ժամը 17-ին Չեխիայի հայ երիտասարդական միության ջանքերով հսկում-ցույց անցկացվեց Պրահայում Ադրբեջանի դեսպանության դիմաց։ Հայ ցուցարարները վանկարկում էին Արցախ-Հայաստան, Վերջ տվեք ագրեսիային, Միայն խաղաղ կարգավորում եւ այլն։ Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ ներկաների Տերունական աղոթքից հետո, հայ երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր, պարեցին ավանդական ժողովրդական պարեր, ինչը բնականաբար արժանանում էր հակառակ կողմի սուլոցներին, նաեւ երգելու փորձերին եւ բացականչություններին։
Սլովակաբնակ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի ցուցահանդեսը բացվեց չեխական Օլոմոուցում
Հուլիսի 30-ին չեխական Օլոմոուց քաղաքի Յոլա ցուցասրահում բացվեց սլովակաբնակ հայ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի եւ սլովակ աբստրակտ նկարչուհի Կատարինա Վիդրովայի համատեղ ցուցահանդեսը։ Հայ նկարիչը ցուցադրել է մոտ 30 աշխատանք։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը։
Հայաստանին նվիրված ձեռնարկ՝ Պրահայի Բուբենեչ թաղամասի եկեղեցում
Օգոստոսի 3-ին դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Բուբենեչ թաղամասի Սուրբ Գոթարդի եկեղեցում մասնակցել է Բուբենեչի կաթոլիկ եկեղեցական ծուխի հոգևոր առաջնորդ Միլոշ Սաբոյի նախաձեռնությամբ անցկացվող Հայաստանին նվիրված մեկամսյակի մեկնարկն ազդարարող միջոցառմանը։
Նախաձեռնության շրջանակներում կազմակերպիչների կողմից եկեղեցու հետևորդներին ներկայացվեn են Հայաստանի ու հայ ժողովրդի ողջ պատմությունն ու մշակույթը, աշխարհաքաղաքական դիրքն ու դրանով պայմանավորված ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկությունները։
Մուրադյանների արվեստը՝ Պրահայի Lughnasadh 2020 ցուցահանդեսում
Օգոստոսի 6-ին Պրահայի քաղաքապետարանի դահլիճներից մեկում՝ ,,Նովոմեստսկե ռադնիցե,,ում, բացվեց LUGH ընկերության ավանդական ցուցահանդեսը, որն այս անգամ նվիրված էր Չեխիայի մայրաքաղաքի Մորան թաղամասին։ Այս ընկերությունը 1995 թվականից սկսած նախ Վիշեհրադ պատմական համալիրում, ապա այլ քաղաքներում ու ցուցասրահներում անցկացնում է Չեխիայում ստեղծագործող նկարիչների համատեղ ցուցահանդես։Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին 42 նկարիչներ, որոնցից երեքը՝ մեր հայրենակիցներն էին, իսկ ավելի ստույգ՝ Մուրադյանների ընտանիքի երեք սերնդի ներկայացուցիչներ՝ Շավարշ Մուրադյանը՝ նրա որդին՝ Հովիկ Մուրադյանը եւ նրա թոռը՝ Դավիթ Մուրադյանը։
Ավելացնենք նաեւ, որ վերջերս Պրահայում բացվել է Հովիկ Մուրադյանի ցուցասրահը՝ Hovik ART GALLERY-ն, որտեղ մշտապես կարելի է ծանոթանալ նրա աշխատանքներին, ցանկության դեպքում՝ նաեւ գնել դրանք։ Հասցեն՝ Pohorelec 5, Praha 1
Պրահայում հիշատակեցին Բեյրութի անմեղ զոհերին
Օգոստոսի 7-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Բեյրութի պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։
Հայր Սուրբը աղոթք բարձրացրեց առ Աստված 150-ից ավելի լիբանանցիների հոգիների հանգստության համար, այդ թվում հայազգի 11 զոհերի՝ Նազար Նաճարեանի, Ճեսիքա Պէզճեանի, Տելիա Փափազեանի, Ժագ Բարամագեանի, Անահիտ Պէրպէրեանի, Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեանի, Վարուժան Թոսունեանի, Գայա Ֆոտուլեանի, Սարգիս Թէքիրեանի, Շանթ Յակոբեանի եւ Ալիս Պալեանի համար։Հոգեհանգստյան կարգին ներկա էին Չեխիայում Հայաստանի եւ Լիբանանի դեսպանները։
Դավիթ Մարտիրոսյանը՝ Եվրոպական Միության Շախմատի երիտասարդական առաջնության հաղթող
Օգոստոսի 22- Չեխական Kouty nad Desnou քաղաքում անցկացված Եվրոպական Միության Շախմատի երիտասարդական առաջնությունում բացարձակ չեմպիոն է դարձել չեխաբնակ հայազգի շախմատիստ 10-ամյա Դավիթ Մարտիրոսյանը։
Առաջնության մոտ 30 մասնակիցների շարքում, նա խաղացել է 9 մրցակցի հետ՝ տանելով վեց հաղթանակ եւ երեք՝ ոչ ոքի։
Ընտրվեց Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական նոր խորհուրդ
Օգոսոտոսի 23-ին, հավարտ ժամերգության, Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ընդհանուր անդամական ժողովը։ Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ Վարդապետ Փիլավչյանի օրհնության խոսքից հետո, ելույթ ունեցավ ծխական խորհրդի ատենապետ Տիգրան Աբրահամյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ինչպես նաեւ ծխական խորհրդի անդամներին համատեղ աշխատանքի համար։ Ատենապետը բարձր գնահատեց Հայր Բարսեղի կողմից անցած տարիներին իրականացրած գործունեությունը, ինչի շնորհիվ այսօր հայ համայնքն ունի եկեղեցի, իրականցնում է հոգեւոր գործունեություն։
Հրաժեշտ հայտնի լրագրող Դանա Մազալովային
2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, հեռուստալրագրող, հրապարակախոս, հայտնի մտավորական Դանա Մազալովան։ Դանա Մազալովայի հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին , հինգշաբթի օրը Ստրաշնիցկի գերեզմանատան Բախսովա սրահում։ Մգո սրահում հավաքվել էին նրա հարազատները, ընկերները, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, նախկին սենատոր եւ Եվրոխորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան, չեխահայ համայնքի ներկայացուցիչները՝ Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի գլխավորությամբ։
Հրաժեշտի հանդիսությունը սկսվեց եւ ավարտվեց Դանայի սիրելի երգերով, որոնց թվում ՝ նաեւ երկու հայերեն երգ։ Ներկաներին դիմեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով Հայաստանի եւ Արցախի կառավարությունների, ժողովուրդների եւ իր անունից ցավակցություն հայտնեց Դանա Մազալովայի հարազատներին ու ընկերներին։
Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր քաջալերանքն է հայտնել հայ ժողովրդին
Այսօր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան ընդունել է Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին եւ Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի պատվավոր անդամ Տիգրան Աբրահամյանին։ Հանդիպման ընթացքում Հայր սուրբը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանում առկա իրավիճակը։
Կարդինալ Դուկան իր մտահոգությունն է հայտնել, աղոթք բարձրացրել Արցախում խաղաղության համար եւ իր քաջալերանքը հայտնել հայ ժողովրդին։ Հոկտեմբերի 2-ին ժամը 18-ին Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ ընդհանրական աղոթք՝ Արցախի ու Հայաստանի խաղաղության, հայ զինվորի եւ հաղթանակի համար։
«Կիլիկիա» պարախմբի գերազանց ելույթը Կարլովի Վարիի միջազգային փառատոնում
Սեպտեմբերի 5-6-ը չեխական Կարլովի Վարիի 25-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնում առաջին անգամ ելույթ ունեցավ հայկական պարախումբ։ Ինչպես Գալա համերգի բացմանը նշեց փառատոնի գլխավոր տնօրեն եւ կազմակերպիչ Լուբոր Հանկան, համավարակի պատճառով չկարողացան մասնակցել Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի եւ այլ երկրների ֆոլկլորային խմբերը, սակայն փառատոնի հանդիսատեսին ողջունելու է եկել Պրահայի հայկական «Կիլիկիա» պարախումբը։ 11 մասնակից խմբերը, որոնց թվում էին նաեւ Չեխիայում գործող գնչուական, ուկրաինական, բելառուսական, ռուսական, չեխական եւ այլ ազգային- ժողովրդական էթնիկ խմբեր, ներկայացրեցին իրենց ազգային երգն ու պարը։
Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ գործող Պրահայի հայ երիտասարդական «Կիլիկիա» պարախումբը ոչ միայն փայլեց փառատոնի երկու օրերի ընթացքում , ներկայացնելով «Յարխուշտա», «Քոչարի», Կոմիտասի «Շորոր», ազգագրական «Շորոր» եւ «Բերդ» պարերը, այլեւ նվաճեց մասնակիցների, կազմակերպիչների ու հանդիսատեսի սերը։
Հոգեւոր համերգ՝ Դանա Մազալովայի հիշատակին
Սեպտեմբերի 13ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչանը մատուցեց Սուրբ Խաչի տոնին նվիրված պատարագ, որի վերջում Հայր սուրբը ներկաներին քարոզեց Սուրբ Խաչի խորհրդի մասին։
Այնուհետեւ ներկաները ունկնդրեցին մի հրաշալի դասական համերգ, որը ներկայացրեց Կարլի համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի գլխավոր դիրիժոր դոկտոր Հայկ Ութիջյանը։ Նա եւ իր երգչախմբի եւս 4 երգիչներ կատարեցին հայ հոգեւոր շարականներ եւ տաղեր, որոնք ընդմիջվեցին դոկտոր ՈՒթիջյանի մանրամասն բացատրություններով։ Համերգը նվիրված էր օրերս կյանքից հեռացած չեխ հայամետ լրագրող Դանա Մազալովային հիշատակին։
Հայաստանին նվիրված ձեռնարկ չեխական Լիբեզնիցեում
Սեպտեմբերի 21-ին չեխական Լիբեզնիցե ավանի գրադարանը կազմակերպել է Հայաստանին նվիրված դասախոսություն։ Այն կվարի լուսանկարիչ եւ ճանապարհորդ Դագմար Ֆրանկովան։ Հանդիպումը տեղի կունենա Արխա համայնքային կենտրոնում ժամը 18.30-ին։
Չեխահայ Ալեքս Բրսոյանը շահեց առաջին մրցանակը շախմատի մրցաշարում
Չեխական Յիհլավա քաղաքում ծնված 8ամյա Ալեքս Բրսոյանն առաջին անգամ մասնակցել է Վիսոչինայի մարզի շախմատի շրջանային մրցաշարին եւ գրավել պատվավոր երրորդ տեղը։ Մրցաշարն անցկացվել է մինչեւ 16 տարեկան երեխաների շրջանում։
Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցն սկսեց նոր ուսումնական տարեշրջանը
Սեպտեմբերի 19-ին Պրահայի շաբաթօրյա դպրոցում հանդիսավորապես բացվեց նոր ուսումնական տարեշրջանը։ Հայ մանուկներին ողջունեցին դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, դպրոցի համահիմնադիր եւ նախկին ղեկավար, ուսուցչական կազմի անդամ Արմեն Քոլոյանը։
Հայաստան՝ Բարդուղիմեոս առաքյալի երկիր. հոկտեմբերի 14-ին ձեռնարկ չեխական Վելոհրադում
Հոկտեմբերի 14-ին Վելեհրադի Սուրբ Կիրիլ եւ Մեֆոդիի անվան տանը տեղի կունենա Հայաստանին նվիրված ձեռնարկ, որի ընթացքում կներկայացվի կովկասյան այդ երկրի մարդիկ, մշակույթն ու հոգեւոր ժառանգությունը։
Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի սանձազերծած պատերազմը .-Չեխիայի հայ համայնքի հայտարարությունը
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28 2020-Չեխիայում գործող հայկական կազմակերպությունների եւ չեխահայ համայնքի ներկայացուցիչների անունից խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակումը Արցախի\ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության / սահմանապահ դիրքերի, քաղաքների եւ գյուղերի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հղի կանանց ու երեխաների վրա։
Մենք մտահոգված ենք ոչ միայն հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ կազմակերպած ագրեսիայով, այլեւ այն տեղեկատվական մեկնաբանություններով, որոնք հավասարության նշան են դնում երկու կողմերի միջեւ եւ կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները։
Հայտարարության մեջ մասնավորապես հայ համայնքը կոչ է արել՝
Կոչ ենք անում չեխական և եվրոպական քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտներին, մարդասիրական ու հասարակական կազմակերպություններին և միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության սկսած լայնածավալ հարձակումը և հանդես գալ համապատասխան կոչով՝ վերադառնալու խնդրի խաղաղ կարգավորման ուղղված բանակցություններին։
Նաեւ չեխական եւ եվրոպական մի շարք ԶԼՄ-ների կոչ ենք անում և ակնկալում իրավիճակի անկողմնակալ լուսաբանում՝ հիմնվելով բացառապես՝ երկկողմանի պաշտոնական տեղեկատվությունների վրա, այլ ոչ թե երրորդ երկրի լրատվամիջոցի, այս պարագայում՝ ռուսական ՏԱՍՍ-ի, որը ինչպես ցույց է տվել հակամարտության պատմությունը, երբեք չի ապահովել օբյեկտիվ լուսաբանում։
Կոչ ենք անում Չեխիայի նախագահին, վարչապետին, խորհրդարանի երկու պալատների անդամներին խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան։
Համայն հայությունը թե՛ Հայաստանում եւ Արցախում, եւ թե՛ սփյուռքում, կողմ են միայն խաղաղությանը, երկխոսությանը ու խնդրի խաղաղ լուծմանը, սակայն նաեւ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության դեպքում արժանի հակահարված ցույց տալ։ Մենք թույլ չենք տա, որ 100 տարի անց Թուրքիան Ադրբեջանի միջոցով ցեղասպանություն իրականացնի նաեւ Լեռնային Ղարաբաղում։
Երեքշաբթի, սեպտեմբերի 29-ին Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը Լանիի նախագահական դղյակում ընդունել է Չեխիայի բարձրագույն պաշտոնյաներին։ Հանդիպմանը մասնակցում էին Հանրապետության Նախագահը, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և ներքին գործերի նախարարը `քննարկելու արտաքին քաղաքական խնդիրներ, այդ թվում ՝ Քովիդ 19-ի շարունակվող տարածումը, անվտանգության խնդիրներ, Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում, Միջին Արեւելքում եւ Իրանում տիրող իրավիճակը, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները, Եվրամիության եւ Վիշեհրադյան Քառյակի երկրների հետ հարաբերությունները։ Չեխիայի բարձրագույն ղեկավարները տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակի մասին։
Նշվել է, որ տեղի են ունեցել 2016-ի գարնանից ի վեր ամենաարյունալի բախումները: Ներկաները ափսոսանք են հայտնել զոհերի թվի կապակցությամբ և համաձայնել, որ պետք է դադարեցնել լայնածավալ ռազմական հարձակումը: Ներկաները երկու կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել սրված իրավիճակը, որը սպառնում է խաղաղ բնակչությանը և կայուն լուծում փնտրել միայն դիվանագիտական բանակցությունների միջոցով: Այս մասին տեղեկացրել է Չեխիայի նախագահի մամուլի քաղրտուղար Յիրժի Օվչաչեկը։
Կարդինալ Դուկայի կոչը
Հոկտեմբերի 3-ին Կարդինալ Դոմինիկ Դուկան հավատացյալներին կոչ արեց աղոթել Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար: Այս մասին ČTK- ին ուղարկված հայտարարության մեջ նշել է Պրահայի արքեպիսկոպոսության խոսնակ Պրինցը:
«Մենք միավորված ենք հայ քրիստոնյաների հետ այն համերաշխությամբ, որը ցույց է տվել, մասնավորապես, Պրահայի գրող Ֆրանց Վերֆելն իր «Քառասուն օր» վեպում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ազգի ցեղասպանությունը պատկերող այս իրադարձությունները ոչ միայն պատմական հիշողություն են, այլեւ մտահոգություններ են առաջացնում մեր քրիստոնյա եղբայրների ճակատագրի վերաբերյալ», - ասել է Դուկան:
Պրահայում աղոթք բարձրացվեց հայ զինվորի, խաղաղության ու հաղթանակի համար
Հոկտեմբերի 2-ին Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստյան կարգ եւ զորակցության աղոթք՝ Արցախում մարտնչող մեր զինվորների, խաղաղության եւ հաղթանակի համար։ Հայր Սուրբը ներկաներին համախմբման կոչ արեց եւ նշեց, որ ոչ մի ուժ չի կարող հաղթել հայ ժողովրդին եւ նրա աննկուն ոգին։ Ներկաները նույնպես մասնակից դարձան համընդհանուր աղոթքին, հատվածներ կարդացին Սուրբ Ներսես Շնորհալու ,,Հավատով խոստովանիմ,,ից հատվածներ։
Ներկաներին դիմեց Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով տեղեկություններ փոխանցեց պատերազմական իրավիճակում դեսպանության գործունեության եւ Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակի մասին։
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը խոսեց համայնքային կազմակերպությունների, եկեղեցու եւ դեսպանության միջեւ ընթացող համագործակցության եւ համակարգված աշխատանքի մասին, եւ կոչ արեց ներկաներին չհավատալ սոցիալական ցանցերում հայտնվող տարբեր ակցիաների մասին հայտարարություններին, որոնք կազմակերպված չեն Հայաստանի դեսպանության, եկեղեցու կամ համայնքային հայտնի կառույցների կողմից։ Նաեւ կոչ արվեց շարունակել դրամահավաքը, որի ամփոփումը կկատարվի վաղը եւ առաջին փուլի ընթացքում հավաքված գումարը կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին։
Հոկտեմբերի 3-ին ժամը 16ին Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որով Պրահայի հայությունը միացավ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հայտարարված զորակցության համազգային աղոթքին՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
Չեխական ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնը դիմել է բարձրաստիճան ղեկավարներին
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ին Թերեզինի ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը, անվտանգության փորձագետների հետ միասին, Չեխիայի Սահմանադրության բարձր պաշտոնյաներին կոչ է անում դատապարտել Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը և նախաձեռնել քայլեր ՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների կանխմանը:
Պրահայի Ստարոմեստսկա հրապարակը մեկ ժամով ,,քարացավ,,՝ Արցախյան պահանջատիրությամբ ու հայկական դուդուկի մեղեդիներով
Հոկտեմբերի 9-Ին Պրահայի Ստարոմեստսկա հրապարակում տեղի ունեցավ չեխահայ երիտասարդության հսկում- բողոքի ակցիան՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիային եւ չեխական քաղաքական էլիտայի բացարձակ անտարբերությանը։
Կորոնավիրուսի պատճառով Չեխիայում հայտարարված արտակարգ դրության հաստատած կանոնները թույլ չեն տալիս, որպեսզի բազմամարդ ցույցեր կամ հավաքներ անցկացվեն։ Այդ պատճառով նաեւ Հայ երիտասարդական միությունը շատ շատերի ցանկությունը չէր կարող բավարարել, քանի որ ոստիկանությունը նախապես զգուշացրել էր, որ առավելագույնը 20 հոգի կարող են մասնակցել։ Բայց հրապարակում կանգնելու ցանկացողների թիվը հասավ 50-ի եւ մեր երիտասարդները կանգնեցին միմյանցից երկու մետր հեռավորության վրա։ Նրանց էին միացել նաեւ չեխ ընկերները։ Բերանները փակել էին ,,չեխ,, գրությամբ, իսկ ձեռքներին բռնել էին տարբեր պատգամներով գրություններ։
Չեխ սենատորները կոչ են արել Մինսկի խմբի համանախագահներին՝ արագորեն նպաստել խաղաղության հաստատմանը
Հոկտեմբերի 13-ին Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների , պաշտպանության եւ անվտանգության կոմիտեն բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կոմիտեի նախագահ Պավել Ֆիշերը չեխական հեռուստատեսությանը հայտնեց, որ կոչ են անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին ավելի ակտիվորեն աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Չեխ սենատորները համարում են , որ նաեւ մարդասիրական օգնություն է պետք ցուցաբերել Ղարաբաղի ժողովրդին։
Սենատորները դիմել են կառավարությանը, որպեսզի պատրաստ լինի հատկապես տուժած մայրերին ու երեխաներին մարդասիրական օգնություն ուղարկելու։ Նաեւ դիմել են կառավարությանը, որ Մինսկի խմբի անդամների վրա ավելի արդյունավետ ազդի՝ խաղաղության հասնելու համար։ Այս որոշման մասին կոմիտեի նախագահը տեղյակ կպահի սենատի նախագահին եւ արտգործնախարարությանը։
Չեխիայի սենատի կոմիտեի բանաձեւը
Հոկտեմբերի 13-ին Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների , պաշտպանության եւ անվտանգության կոմիտեն բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կոմիտեի նախագահ Պավել Ֆիշերը չեխական հեռուստատեսությանը հայտնեց, որ կոչ են անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին ավելի ակտիվորեն աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Չեխ սենատորները համարում են , որ նաեւ մարդասիրական օգնություն է պետք ցուցաբերել Ղարաբաղի ժողովրդին։
Սենատորները դիմել են կառավարությանը, որպեսզի պատրաստ լինի հատկապես տուժած մայրերին ու երեխաներին մարդասիրական օգնություն ուղարկելու։ Նաեւ դիմել են կառավարությանը, որ Մինսկի խմբի անդամների վրա ավելի արդյունավետ ազդի՝ խաղաղության հասնելու համար։ Այս որոշման մասին կոմիտեի նախագահը տեղյակ կպահի սենատի նախագահին եւ արտգործնախարարությանը։
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է բանաձև
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը:
«Բանաձևում Արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին չներգրավվել հակամարտության մեջ և թույլ չտալ այլ տարածքներից անհատ զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
Կոմիտեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին վերջ տալ զինված հակամարտությանը, թույլ տալ զոհերի աճյունների արժանապատիվ հանձնումը հողին և վերադառնալ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձևաչափով: Կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ և արտահայտում է իր վրդովմունքը քաղաքացիական թիրախների ռմբակոծման, ինչպես նաև միջազգանորեն արգելված զենքի, մասնավորապես՝ կասետային ռումբերի կիրառման կապակցությամբ:
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային՝ ներդրված ջանքերի և կատարված աշխատանքի համար»,- գրել է նա:
Դատապարտում եմ Արցախի եւ Հայաստանի վրա հարձակումը. Պրահայի փոխքաղաքապետ Յան Վուլֆ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15 ին Պրահայի փոխքաղաքապետ եւ մշակույթի, տուրիզմի եւ միջազգային կապերի պատասխանատու Յան Վուլֆը իր ֆեյսբուքյան էջում դատապարտել է Արցաքի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ու նրան աջակցող Թուրքիայի կողմից իրականացված հարձակումը։ Նա իր աջակցություն է հայտնել առաջինը քրիստոնեություն ընդունած հայ ժողովրդին , որը 100 տարի առաջ ցեղասպանություն է ապրել թուրքերի կողմից։
Բառացիորեն նա գրել է՝ ,,Որպես քրիստոնյա ՝ ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի պետության և նրա կողմից աջակցվող Թուրքիայի բանակի հարձակումները Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի և բուն Հայաստանի վրա: Հայերը տառապել են թուրքական ցեղասպանությունից 100 տարի առաջ, և այսօր դա ոչնչով չի տարբերվում Հայերն առաջիններից էին, ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսի ուսմունքը, ուստի եկեք աղոթենք նրանց համար և թույլ չտանք, որ նրանք ոչնչանան անհավատների ձեռքով: Սուրբ Մարիամ, աղոթիր Հայաստանի համար և նայիր նրա ժողովրդին,,։
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին ներկայացվեց 2000-ից ավելի ստորագրություններով խնդրագիրը
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16ին Չեխիայի խորհդրարանի Պատգամավորների պալատի Խնդրագրերի հանձնաժողովին ներկայացվեց հայ եւ չեխ իրավաբանների կազմակերպած միջնորդագիրը՝ Չեխիայի 2016 քաղաքացիների ստորագրություններով։ Միջնորդագրով Չեխիայի նախագահից, վարչապետից, խորհրդարանականներից ու սենատորներից, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարից պահանջվում է դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության։ Խնդրագրի ներկայացման քաղաքացիական նախաձեռնության հեղինակներ են PLICKA & PARTNERS իրավաբանական ընկերության իրավաբանները և MARLENKA ընկերության մենեջերը, որոնք միջնորդեցին չեխական իշխանություններին՝ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ:
Բացի գրավոր միջնորդագրից, ստորագրությունները հավաքվել են նաև Չեխիայի Հայ երիտասարդների ասոցիացիայի կողմից կազմված առցանց խնդրագրի շրջանակներում: Մինչ օրս առցանց ստորագրահավաքը ստորագրել է ավելի քան 3100 մարդ:
Իրավիճակի հրատապության պատճառով խնդրագիրն անցկացվեց մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում ՝ արտակարգ դրություն հայտարարելու սահմաններում: Չնայած խնդրագրի կարճ ժամանակին և ֆիզիկական ստորագրահավաքին, մեզ հաջողվեց հավաքել Չեխիայի քաղաքացիների մեծ թվով ստորագրություններ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 2000 ստորագրություն է հավաքվել գրավոր խնդրագրում ՝ «Խնդրագրի իրավունքի մասին» օրենքի համաձայն:
Չեխահայերի լռության ճիչը՝ Եվրոպայի ամենագեղեցիկ կամրջից
Հոկտեմբերի 17-ին չեխահայությունը արտակարգ դրության պայմաններում հաջորդ բողոքի ակցիան կազմակերպեց Պրահայի Կարելի կամուրջի վրա՝ կոչ անելով Չեխիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։ 250-ից ավելի հայեր, չեխեր ու այլազգիներ միմյանցից երկու մետր հեռավորությամբ եւ տարբեր կոչերով ու դրոշներով մոտ 1.5 ժամ հսկում-ցույցով ներկայացրեցին իրենց պահանջները։
Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց ակցիան կազմակերպող Հայ երիտասարդների միության ներկայացուցիչ Գեղեցիկ Աֆունցը, այս անգամ ընտրվել էր Պրահայի խորհրդանիշ հանդիսացող Կարելի կամուրջը, որպեսզի ոչ միայն իշխանությունները, այլեւ զբոսաշրջիկները կարողանան տեղեկանալ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի մասին։
Պրահայի Ռեպորիե շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը
Պրահայի Ռեպորիե շրջանի քաղաքապետ Պավել Նովոտնին սոցիալական ցանցերում Ղարաբաղում ընթացող հակամարտության մեջ բազմիցս իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի քաղաքացիական բնակչության տառապանքներին և դրանում մեղադրել է Թուրքիայի նախագահին: Նա բազմիցս հրապարակայնորեն հիշեցրել է, որ Թուրքիան երբեք ներողություն չի խնդրել Հայոց ցեղասպանության համար, այդ մասին եւս մի անգամ հիշատակել է ցեղասպանության տարելիցի օրը, եւ դա համընկել է նաեւ քրդերի հետապնդումների ֆոնին, եւ քաղախորհուրդը շենքից կախել է քրդական դրոշը:
Չորեքշաբթի, հոկտեմբերի 21-ին, Պրահայի Ռեպորիեի քաղխորհուրդը լսել է քաղաքապետի և փոխքաղաքապետերի տեղեկատվությունը առ այն, որ Ռեպորիեն հանրայնորեն «ճանաչում է» Լեռնային Ղարաբաղի, կամ Արցախի Հանրապետությունը եւ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի տառապյալ քաղաքացիական բնակչությանը, նաեւ քաղաքապետարանի շենքից կախելով Պրահայի հայ համայնքի նվիրած դրոշը։
Չեխահայ երիտասարդների ակցիան ,,Չեխոսլովակ գրուպի,, գրասենյակի առջեւ
Հոկտեմբերի 27-ի առավոտյան Չեխիայի Հայ երիտասարդների միության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել Պրահայում գտնվող ,,Չեխոսլովակ գրուպ,, ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ։ Խնդիրն այն է, որ այս ընկերությունն է Դանա տեսակի հրթիռային կայաններ վաճառել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց միության ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը, իրենց նպատակն էր ընկերության ղեկավարությունից պահանջել՝ արգելանք սահմանել Ադրբեջանին ու Թուրքիային զենքի վաճառելիս։ Հայ երիտասարդները ընկերության գրասենյակի առջեւ լցրեցին երեխաների զգեստներ ու արյունոտված թղթադրամներ, որոնք խորհրդանշում էին Արցախում զոհվող երեխաներին եւ զենքի վաճառքից ստացված գումարները։ Երիտասարդները նաեւ մի քանի պաստառներ էին պարզել, որոնցից երկուսի գրությունները ուղղված էր ,,Չեխոսլովակ գրուպ,, ընկերությանը՝ ,,Հայերի արյունը ձեր ձեռքերում է,, , ,,Դադարեցրեք ահաբեկիչներին զենք վաճառել,, , իսկ երրորդն ուղղված էր Չեխիայի արտաքին գործերի նախարարությանը՝ ,,Ով է պատասխանատվություն կրում Ադրբեջանին տված ,,Դանայի,, համար,, ։
Չեխահայ կանայք վաճառեցին 2618 եվրոյի հայկական խմորեղեն՝ Արցախի օգնության համար
Հոկտեմբերի 28-ին Պրահայի Յիրժին Պոդեբրադից հրապարակում կազմակերպվել էր հանրապետության տոնին նվիրված տոնավաճառ, որին մասնակցեցին նաեւ չեխահայ կանայք։ Պրահայաբնակ Ռուզաննան, Անին, Կարոլինան, Ծովինարը, Արփինեն, Քսենիան, Լիլիթը, Լուզիան, Լուսինեն եւ Արաքսյան բացել էին հայկական տաղավար, եւ այնտեղ վաճառեցին իրենց պատրաստած հայկական ուտեստեղենն ու խմորեղեն։
Հայկական տաղավարի մոտ այնպիսի հետաքրքություն կար, որ մինչեւ կեսօր վաճառվեց ամեն ինչ։ Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց կազմակերպիչներից Ռուզաննա Ճագարյանը, վաճառքից ստացվել է 63450 կրոն եւ 80 եվրո, այսինքն մոտ 2618 եվրո։ Վաճառել են հայկական գաթա, մատնաքաշ հաց, լավաշ, տարբեր թխվածքներ, Ժինգյալով հաց եւ տնական պանիր։
Հավաքված գումարը ուղարկվեց Արցախի օգնության հիմնադրամներին`900 եվրո https://donate.armsymphony.am եւ 1500 եվրո Զինվորների ապահովագրության հիմնադրամներին։
620 հազար կրոն Արցախին՝ Պրահայի հայ վարսավիրների 8 օրվա աշխատանքի արդյունքը
Հայաստանի եւ Արցախի համար այս օրհասական օրերին մեր հայրենակիցները օգնության տարբեր ճանապարհներ են փնտրում, եւ դրանցից մեկը Պրահայի հայ վարսահարդարների նախաձեռնությունն էր, որն ի դեպ արդեն տարածում է ստացել նաեւ եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Հոլանդիայում։
Անցած մեկ ամսվա ընթացքում չեխահայեր Սոնա Վարդանյանը, Դավիթ Ներսիսյանը, Մարինե Տեր-Ղազարյանը եւ Իրինա Բարսեղովան իրականացրեցին մի հետաքրքրական ակցիա, որպեսզի հավելյալ գումար հավաքեն եւ ուղարկեն Հայաստան: Վարսահարդար Սոնա Վարդանյանի «Սոնատա» գեղեցկության սրահում միայն շաբաթ եւ կիրակի օրերին անվճար սպասարկեցին հայրուրավոր հաճախորդների, իսկ նրանց կողմից ըստ ցանկության թողնված գումարը հավաքեցին եւ ուղարկեցին Հայաստան: Ութ օրվա ընթացքում նրանք հավաքեցին 620 հազար կրոն/24 800 եվրո/, որն ամբողջությամբ ուղարկվեց Արցախի զինվորներին ու զինծառայողների ընտանիքիներին։
Մոմավառաություն եւ հսկում՝ Արցախի պատերազմի զոհերի հիշատակին
Նոյեմբերի 5-ին Պրահայի Մալոստրանսկա հրապարակում մոմավառություն եւ հսկում ցույց էին կազմակերպել Չեխիայի հայ երիտասարդական միության անդամները։
Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց միության անդամներից Ալբերտ Ղազարյանը, արդեն երրորդ նմանատիպ ցույցն անցել է խաղաղ, եւ հիմնական կոչերը նույնն եղել՝ ,,Կանգնեցնել ցեղասպանությունը, ,,Մի լռեք չեխեր, ,,Խաղաղություն Հայաստանին,, եւ այլն։ Այդ նպատակով էր նաեւ ցույցի տեղը ընտրվել Չեխիայի խորհրդարանի մոտ տարածքում։
Ցույցի ընթացքում երիտասարդներին են մոտեցել նաեւ խորհրդարանի չորս պատգամավորներ եւ իրենց զորակցությունը հայտնել, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Ակցիան լուսաբանել են նաեւ չեխական լրատվական միջոցները։ Ալբերտ Ղազարյանի ասելով, իրենք շարունակելու են իրենց աշխատանքները, որպեզի չեխ քաղաքական գործիչները հասկական, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը շարունակում է հարձակումները Արցախի ու վերջերս նաեւ Հայաստանի խաղաղ բնակվաայրերի վրա։
Ակցիայի ավարտին մասնակիցները հրապարակում մոմերով գրել են 1227 թիվը՝ ի հիշատակ Արցախում զոհված մեր հերոսների։
Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատում Հայաստանի բարեկամների հայտարարությունը
ՆՈՅԵՄԲԵՐԻ 06 2020 Ինչպես տեղեկանում ենք Պրահայում ՀՀ դեսպանությունից, Չեխիայի Պատգամավորների պալատի 30ից ավելի պատգամավորներ հանդես են եկել Հայաստանին ու հայ ժողովրդին սատարող հայտարարությամբ։
Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և հիշեցնելով քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017 թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը:
Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից նախաձեռնած Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման և պատերազմող երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման առնչությամբ.
- դատապարտում ենք ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքի կիրառումը հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ,
- զգում ենք, որ ներկա իրավիճակն աղետալի է և կարող է դառնալ վերջին տարիների ամենամեծ հումանիտար աղետներից մեկը,
- հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը,
- համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը,
-կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը,
- խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գծին և բանակցային սեղանին, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,
-լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը,
- խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվոպական Միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով։
Արցախի հերոսներին հիշատակեցին նաեւ Պրահայի եկեղեցում
Նոյեմբերի 22-ին, Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողութւյոն, որին համավարակի սահմանափակումներով պայմանավորված ներկա էին քսան հայերնակիցենր։ Հավարտ ժամերգության կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որը մատուցեց հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։
Չեխիայի պատգամավորների պալատի նախագահն ընդունել է հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանին
Դեկտեմբերի 9-Ին Պրահայում խորհրդարանի շենքում Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկն ընդունել է հայտնի գործարար, ,,Մարլենկա Ինթերնեշնըլ ,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին։
Խորհրդարանի Ստորին պալատի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով։ Հայ ձեռնարկատերը ներկայացրել է զինադադարից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ադրբեջանական կողմում հայտնված հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վիճակին, որոնց նկատմամբ կիրառվում են անմարդկային կտտանքներ, նրանցից շատերը մահանում են գերության մեջ։
Գեւորգ Ավետիսյանը Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել նաեւ հայկական մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության հարցը, քանի որ ադրբեջանցիներն արդեն վնասում են դրանք, ջարդում եւ ոչնչացնում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հակամարտության պատմությանը եւ դրան առնչվող այլ հարցերի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դատապարտման եւ Արցախի անկախության ճանաչման գործընթացին առնչվող հարցերին։
Արցախում նահատակված հերոսների հիշատակին հոգեհանգստյան կարգ Պրահայում
Դեկտեմբերի 20-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն եւ հոգեհանգստյան կարգ։ Հոգեհանգստյան կարգից հետո Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը դիմեց ներկա հայությանը, աղոթելով Արցախում նահատակված հայորդիների հոգու հանգստյան համար։
,, Նահատակաները չպարտվեցին, նրանք հաղթեցին, պարտվեցինք մենք բոլորս՝ թե իշխանությունները, եւ թե ժողովուրդը։ Այս ամենը կատարվեց նաեւ այն պատճառով, որ մենք ոչ թե Աստծուն հավատացինք, այլ առանձին մարդկանց աստվածացրինք։ Եվ մինչեւ չապաշխարենք, ոչինչ չի փոխվի։ Մենք պետք է չհուսահատվենք, այլ լավատեսությամբ կառուցենք մեր վիրավոր երկիրը,,-, ասաց Հայր Բարսեղը։
Հոգեհանգստյան կարգին ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության դիվանագետները՝ դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ։
orer.eu
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր