Երեկ եւ այսօր Չեխիայի հայությունը միացավ Արցախի զորակցության համազգային աղոթքին։ Հոկտեմբերի 2-ին Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստյան կարգ եւ զորակցության աղոթք՝ Արցախում մարտնչող մեր զինվորների, խաղաղության եւ հաղթանակի համար։ Հայր Սուրբը ներկաներին համախմբման կոչ արեց եւ նշեց, որ ոչ մի ուժ չի կարող հաղթել հայ ժողովրդին եւ նրա աննկուն ոգին։ Ներկաները նույնպես մասնակից դարձան համընդհանուր աղոթքին, հատվածներ կարդացին Սուրբ Ներսես Շնորհալու ,,Հավատով խոստովանիմ,,ից հատվածներ։
Ներկաներին դիմեց Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով տեղեկություններ փոխանցեց պատերազմական իրավիճակում դեսպանության գործունեության եւ Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակի մասին։
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը խոսեց համայնքային կազմակերպությունների, եկեղեցու եւ դեսպանության միջեւ ընթացող համագործակցության եւ համակարգված աշխատանքի մասին, եւ կոչ արեց ներկաներին չհավատալ սոցիալական ցանցերում հայտնվող տարբեր ակցիաների մասին հայտարարություններին, որոնք կազմակերպված չեն Հայաստանի դեսպանության, եկեղեցու կամ համայնքային հայտնի կառույցների կողմից։ Նաեւ կոչ արվեց շարունակել դրամահավաքը, որի ամփոփումը կկատարվի վաղը եւ առաջին փուլի ընթացքում հավաքված գումարը կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին։
Այսօր ժամը 16ին Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որով Պրահայի հայությունը միացավ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հայտարարված զորակցության համազգային աղոթքին՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվելու էր զորակցության համազգային աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
ՕՐԵՐ