Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Թշնամին  որքան շատ է ոչնչանում  և զգում,  որ մեր ոգու առաջ դատապարտված է  կործանման, այնքան ավելի ագրեսիվ է դառնում խաղաղ բնակչության նկատմամբ՝ հեռվից հրետակոծելով քաղաքներն ու գյուղերը:

 Այստեղ ևս պետք է  լինենք   ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՈՒԺԵՂ և ԱՌԱՆՑ ԽՈՒՃԱՊԻ…

Անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինենք «Օդային տագնապ» ազդանշանին:

և պահպանենք անվտանգության անհրաժեշտ կանոնները:

 

Այդ նպատակով Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ներկայացնում է իրազեկող և ուղղորդող տեղեկություններ՝ ի՞նչ անել «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ:

 

Ինֆորմացիան վերցված է ՀՀ ԱԻՆ կայքից, ունի ուսուցողական նպատակ:

 

 

 

«ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ»

 

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան՝ 2-3 րոպե տևողությամբ։ Բջջային հեռախոսներով տրվելու են կարճ հաղորդագրություն՝ «Օդային տագնապ». պատսպարվել պաշտպանական կառույցներում

 

 

 

 

Անհրաժեշտ է հիշել, որ

 

Տանը գտնվելիս

Մինչ բնակարանը լքելը անհրաժեշտ է անջատել գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված­­­­­ թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին:

 

Փողոցում և բաց տարածքներում գտնվելիս

Արագ` առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախա­տեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբա­պատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում:

 

Քաղաքային տրանսպորտում գտնվելիս

Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչընդոտել վարորդի գործողությունները: Տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:

 

Աշխատավայրում և հասարակական շենք-շինություններում գտնվելիս

 Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հա­ղորդա­գրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:

 

Արտադրական կազմակերպություններում

 

Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքավորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո պատսպարվել թաքստոցում:

Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում։

 

Անհրաժեշտ է հիշել նաև, որ ռմբակոծության ժամանակ անհրաժեշտ է բացել բերանը և ձեռքերով փակել ականջները:

 

Թաքստոցներ են՝

շենքերի և շինությունների նկուղներն ու կիսանկուղները, ստորգետնյա շինությունները, բնական միջավայրի խորացված տարածքները, խորշերն ու անձավները, հանքախորշերը, ստորգետնյա անցումները, մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները, որոնք նախատեսված են պատսպարվողների վրա հարվածային ալիքի ազդեցությունը նվազեցնելու և բեկորներից պաշտպանելու համար։

 

«Օդային տագնապի ավարտ» ազդանշանը տրվում է

 

Էլեկտրաշչակների միջոցով` անընդհատ (չընդհատվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), որից հետո անհրաժեշտ է հետևել հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
Համապատասխան թույլտվությամբ կարող եք դուրս գալ թաքստոցներից։

 

 

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը