Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոգեհանգստյան կարգին ներկա էին Լիբանանի եւ Հայաստանի դեսպանները 

Օգոստոսի 7-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում  Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ  Բարսեղ վարդապետ Փիլավչյանը  կատարեց հոգեհանգստյան կարգ՝  նվիրված Բեյրութի պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։ 

Հայր Սուրբը աղոթք բարձրացրեց առ Աստված  150-ից  ավելի լիբանանցիների հոգիների հանգստության համար, այդ թվում  հայազգի 11 զոհերի՝   Նազար Նաճարեանի, Ճեսիքա Պէզճեանի, Տելիա Փափազեանի, Ժագ Բարամագեանի, Անահիտ Պէրպէրեանի, Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեանի, Վարուժան Թոսունեանի, Գայա Ֆոտուլեանի, Սարգիս Թէքիրեանի, Շանթ Յակոբեանի եւ Ալիս Պալեանի համար։

Այնուհետեւ դիմելով ներկաներին, մասնավորապես ՝  Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին, ինչպես նաեւ Չեխիայում  Լիբանանի դեսպան Տիկին Ռոլա Համադանին, Հայր Բարսեղը նշեց, որ  այսօր սգում ենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր դարձան  Բեյրութի դաժան արհավիրքի  զոհը։

,, Հայերիս համար Լիբանանը միշտ կարեւոր նշանակություն է ունեցել։ Դարերի ընթացքում, եւ հատկապես Հայոց Մեծ Եղեռնից հետո լիբանանյան հյուրընկալ  հողը եղբայրական օգնություն է ցույց տվել  հայ ժողովրդի վիրավոր զավակներին,  հոգ տարել նրանց համար, եւ մեր ազգի բազում զավակներ իրենց ճակատագիրը կապել են Լիբանանի հետ։ Այսօր, երբ երկիրը պայքարում էր աննկարագրելի համավարակի դեմ, պատահեց ավելի սարսափելի աղետ։ Անհեթեթության  պատճառով զոհվեցին բազմաթիվ լիբանանցիներ, վիրավորվեցին ու սեփական տներից զրկվեցին հազարավոր մարդիկ։ Տեղյակ ենք, որ Արամ Ա Վեհափառը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը անմիջական հոգածություն է ցուցաբերել աղետից տուժածներին։  Հարգելի տիկին դեսպան, թույլ տվեք չեխահայ համայնքի անունից մեր խորը ցավակցությունները հղել  Լիբանանի ժողովրդին ՝ մաղթելով շուտափույթ վերականգնում ու վերքերի բուժում։ Հուսանք, ինչպես մեր հայրենակիցների օգնությամբ, այնպես էլ համաշխարհային օգնության շնորհիվ  Արեւելքի գեղեցիկ երկրներից մեկը՝ Լիբանանը շատ արագ ոտքի կկագնի եւ կբուժի իր վերքերը»,-ասաց Հայր Բարսեղը՝ ավարտելով խոսքը՝  ,,Աստված բոլոր զոհվածների հոգիները լուսավորի»։

,,Լիբանանի ցավը նաեւ մեր ցավն է։ Սա մեր ընդհանուր ցավն է, որ կիսում ենք, սգում ենք Լիբանանի ժողովրդի հետ միասին»,- ասաց իր խոսքում Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։  Նա հայտնեց, որ հոգեհանգստյան կարգից առաջ եղել է Պրահայում Լիբանանի դեսպանությունում , եւ Հայաստանի կառավարության ու  ժողովրդի, ինչպես նաեւ չեխահայության անունից իր ցավակցություններն է հայտնել՝ գրանցելով սգո մատյանում։

Նա նույնպես հույս հայտնեց, որ շատ շուտով  Բեյրութը կվեարակնգնվի։ Դեսպանը տեղեկացրեց, որ վաղը Հայաստանից մարդասիրական բեռներով առաջին օդանավը կմեկնի Լիբանան, իսկ մյուս շաբաթ եւս երկու օդանավ  տեղ կհասցնեն անհրաժեշտ բժշկական միջոցներ եւ այլ  բեռներ։

Վերջում Լիբանանի դեսպան տիկին Ռոլա Համադան շնորհակալություն հայտնեց Հայր Բարսեղից եւ Հայաստանի դեսպանից , նշելով, որ շատ հուզված է եւ զգացված նման աջակցության համար։ 

Հ.Ա. ՕՐԵՐ

Լուսանկարները Հակոբ Ասատրյանի