Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Սեպտեմբերի 5-6-ը չեխական Կարլովի Վարիի 25-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնում առաջին անգամ ելույթ ունեցավ հայկական պարախումբ։ Ինչպես Գալա համերգի բացմանը նշեց փառատոնի գլխավոր տնօրեն եւ կազմակերպիչ Լուբոր Հանկան, համավարակի պատճառով չկարողացան մասնակցել Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի եւ այլ երկրների ֆոլկլորային խմբերը, սակայն փառատոնի հանդիսատեսին ողջունելու է եկել Պրահայի հայկական «Կիլիկիա» պարախումբը։ 11 մասնակից խմբերը, որոնց թվում էին նաեւ Չեխիայում գործող գնչուական, ուկրաինական, բելառուսական, ռուսական,  չեխական եւ այլ ազգային- ժողովրդական էթնիկ խմբեր, ներկայացրեցին իրենց ազգային երգն ու պարը։

Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ գործող Պրահայի հայ երիտասարդական «Կիլիկիա» պարախումբը ոչ միայն փայլեց փառատոնի երկու օրերի ընթացքում , ներկայացնելով «Յարխուշտա», «Քոչարի», Կոմիտասի «Շորոր», ազգագրական «Շորոր» եւ «Բերդ» պարերը, այլեւ նվաճեց մասնակիցների, կազմակերպիչների ու հանդիսատեսի սերը։ Սլավոնական երգ ու պարի միանման համարների շարքում հայկական խրոխտ ու հեզաճկուն պարերը նոր գույն ու շունչ հաղորդեցին  փառատոնին։ Ընդ որում, հանդիսավարաները ամեն ելույթից առաջ ներկայացնում էին Հայաստանը, խոսում էին Կիլիկիայի պատմության մասին, եւ ապա բեմահարաթակ հրավիրում հայկական պարախմբին։

Կարլովի Վարին, որ համավարակի պատճառով կորցրել է իր հիմնական զբոսաշրջիկների 95 տոկոսին, հյուրընկալել էր չեխերին ու Գերմանիայից ժամանած ռուս զբոսաշրջիկներին, որոնք բուռն ծափահարություններով էին դիմավորում մեր պարախմբի ելույթները։

Հպարտության զգացումով ես լցվում, երբ օտարները գնահատում են հայկական մշակույթը, առավել եւս, երբ այն ներկայացվում է բարձր մակարդակով ու ճաշակով, ինչի համար իրապես արժանի են գովասանքի ամենաբարձր խոսքերին խմբի հիմնադիր- ղեկավար Ալեքսանդր Սարգսյանն ու իր սաները։  Դա է վկայում նաեւ Կարլովի Վարիի քաղաքապետարանի եւ փառատոնի կողմից տրված շնորհակալագրերը, նվերները։ 

«Կիլիկիա» պարախմբի ելույթներին  ներկա գտնվեց  եւ հայ մասնակիցներին շնորհավորեց Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով նույնպես իր հիացմունքը հայտնեց պարախմբի անդամներին։ Հանդիսատեսների մեջ էին նաեւ Կարլովի Վարիում ապրող մեր հայրենակիցները, որոնք ամեն կերպ աջակցում էին «Կիլիկիա» պարախմբի ելույթներին։ 

Փառատոնային վերջին ելույթը կազմակերպված էր Կարլովի Վարից ոչ հեռու գտնվող «Ռոկետ» ամրոցի մոտ։ Բնությունը, հիասքանչ տեսարանը եւ հայկական պարախմբի ելույթը միախառնվել էին եւ ստեղծել  գեղանկարչական մի հիսաքանչ կտավ, որն իրոք  արժանի էր մեծ գնահատանքի։

 

ՕՐԵՐ

Լուսանակարները ՕՐԵՐ-ի