Այսօր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լեւոն Աթոյանցը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն այսօր երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։
Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Լ. Աթոյանցը ասել է. «Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ արժանանում եմ պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։ Նա նաև կատակել է, թե այսօրվանից սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը։
Շնորհավորելով պատկառելի հոբելյանի կապակցությամբ և բարձր գնահատելով արվեստագետի վաստակը հայ կինոյի պատմության մեջ ու նրա մտավորականի կեցվածքը` նախարար Ա. Հարությունյանը շեշտել է, որ երիտասարդ մասնագետների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի ու անշահախնդիր նվիրման շնորհիվ։
Շնորհավորելով հոբելյարին` նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նրան արժանապատիվ քաղաքացու օրինակելի կերպարի, մտավորականի արժանապատիվ կեցվածքի համար և ընդգծել նրա` արվեստագետին բնորոշ ազատությունը, անսահման կենսասիրությունն ու հումորի անսպառ զգացումը։
Իսկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն իր ֆեյսբուքյան էջում նշել է՝ ,,Մեծ պատեհություն է՝ մեր կողքին ունենալ մարդկանց, որոնք իրենց կենսագրությամբ ու անցած ճանապարհով, իրենց գործով ու արվեստով խորհրդանշում են մի ողջ ժամանակաշրջան և էպոխա են ինքնին: Այդպիսին է կինոօպերատոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, բազում սիրված ֆիլմերի օպերատոր, հայկական կինոյի լեգենդ ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ, որ նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը:
Այսօր մեծագույն սիրով լեգենդար կինոօպերատորին այցելեցին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, կինեմատոգրաֆիստների միության անդամներ, գործընկերներ՝ շնորհավորելու Վարպետին և հանձնելու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» պատվո մեդալը:
ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԻ ջերմ հարկի տակ՝ ընտանիքի անդամների, ուսանողների, գործընկերների ներկայությամբ շատ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ Վարպետի հետ, որը բացառիկ մանրամասներով է հիշում հայկական կինոյի կենսագրությունը՝ սկսած Համո Բեկնազարյանից մինչև մեր օրերը՝ լինելով այդ կենսագրության մի մասը, իր ավանդը թողնելով հայկական կինոժառանգությունում, ստեղծելով իր օպերատորական արվեստը, իր կինոն՝ ուրույն մոտեցումներով ու եզակի աչքով, որը հնարավոր չէ շփոթել:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, հայ կինոգործիչների անունից կրկին ու կրկին ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԻՆ, որի հարկի տակ առաջին անգամը չէ, որ հյուրընկալվում ենք որպես կինեմատոգրաֆիստների միության գործընկերներ, առաջին անգամը չէ, որ լսում ենք նրա խոսքն ու կիսվում հիշողություններով ու մաղթում ենք վարպետին ամուր կամք, առողջություն, 100-ամյակը տոնելու տոկունություն:
Ուրախ ենք, որ մեր կողքին է լեգենդար մարդը, արվեստագետը, կինոյի նվիրյալն ու նահապետը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՎԱՐՊԵՏ»։
Orer.eu