Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ «Թվիթեր»-ի իր էջում ցավակցություն էր հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Այսօր «Թվիթեր»ի իրենց էջերում ցավակցություններ են հայտնել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Վարչապետ Փաշինյանը մասնավորապես գրել է՝ «Խորը վշտով տեղեկացա չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան մասին։ Նա 1988 թվականի երկրաշարժից հետո ներգրավված էր հայանպաստ գործունեության մեջ, և նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»։
Իսկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը գրել է՝
«Ես խորապես ցավում եմ հայտնի չեխ լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ: Նա թողեց ճշմարտության և արդարության քարոզի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում»։
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը նույնպես ցավակցություն է հայտնել չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում միջազգային ճանաչում ունեցող չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի կորստի կապակցությամբ, նա իր օբյեկտիվությամբ կարեւոր ներդրում ունեցավ Խոջալուի ադրբեջանական բնակչության դեմ հրեշավոր ցեղասպան հանցագործությունների կատարման մասին Ադրբեջանի իշխանությունների հեղինակած անվիճելի փաստերի բացահայտման գործում: Ճշմարտության որոնման գործում Մազալովայի պրոֆեսիոնալ-անբասիր ներդրումը կշարունակի ծառայել ղարաբաղյան հակամարտության արդար լուծման գործին»,- նշել է նա:
Orer.eu