Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հուլիսի 16-ին չեխական Ուհերսկե Հրադիշտե քաղաքի  «S Angelem» պատկերասրահում բացվեց մեր հայրենակից գեղանկարիչ , պատմաբան Աշոտ Առաքելյանի ցուցահանդեսը, որին ներկա էին բազմաթիվ տեղացի մտավորականներ, հեռուստատեսության ու թերթերի ներկայացուցիչներ, հարակից քաղաքաներից եկած հյուրեր։ Բայց ցուցահանդեսի սկզբում կազմակերպիչը՝  «Ինտերյեր գրուպ» ընկերության նախագահ Մարեկ Պավելկան անակնկալ էր պատրաստել ներկաների եւ հայ նկարիչի համար։

Ցուցահանդեսի բացումը կատարեց Սլովակիայից հրավիրված հայ երգչուհի, դաշնակահար  Կարինե Սարգսյանը, որի կոմիտասյան մշակումների հուզիչ կատարումները հիացրին ներկաներին։ Հատկապես  ազդեցիկ  էր «Նուբար» , «Շողեր ջան» , «Հով արեք սարեր» երգերի կատարումները, իսկ  «Նազան յար»ի էթնո-ջազային կատարումը արժանացավ  բրավոների ու ջերմ ծափահարությունների։

Աշոտ Առաքելյան նկարչի անցած ուղին ներկայացրեց «Դենիկ» չեխական օրաթերթի տարածաշրջանային խմբագիր Մարտին Նեվիելը, որը հայազգի նկարչին անվանեց «Ծաղիկների թագավոր», նկատի ունենալով  արվեստագետի ծաղիկների շարքը, որը նա ստեղծում է ոչ թե վրձնի, այլ  շինարարական երկաթե գործիքների միջոցով։

Աշոտ Առաքելյանը ծնվել է Արացխի Ննգի գյուղում, 1948 թվականի մայիսի 2-ին, ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի  պատմության ֆակուլտետը, միաժամանակ 1973-75թթ նույն ինտիտուտում մասնակցել է հայտնի գեղանկարիչ Հովհանննես Զարդարյանի դասընթացներին, այնուհետեւ Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում  ուսանել է  Միխայիլ Կոլումեբեկովի  մոտ։ Հաջորդող մոտ 20 տարիներին  եղել է  մանկավարժական ինստիտուտի  պատմության ամբիոնի դասախոս։ 1992 թվականից ապրում եւ ստեղծագործում է չեխական  Հորնի Նեմցի գյուղում՝ չեխուհի կնոջ՝ Էվայի եւ դստեր հետ։ Նա մասնակցել է բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսների նաեւ Սլովակիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հայաստանում, Արցախում։ Հայաստանի, Արցախի եւ Չեխիայի նկարիչների միության անդամ է։

«Նա հոյակապ նկարիչ է թե՛ իր տեխնիկայով, եւ թե՛ լույսի իր զգացողությամբ»,- ասաց խմբագիրը։

Ինչպես նշեց չեխ խմբագիրը, այս տարիներին նա նաեւ  Հայոց ցեղասպանությանը եւ Լեռնային Ղարաբաղին նվիրված հոդվածներով հանդես է եկել  տեղական եւ հանրապետական մամուլում, չեխ ընթերցողին ծանոթացնելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։  «Ու թեեւ անցած տարիներին Աշոտը ստեղծագործել է Չեխիայում,  կրելով երկու տարբեր մշակույթների ազդեցություն, բայց նա մնացել է հպարտ հայ, որն ապրում է իր հայրենիքի հաջողություններով»,- ասաց խմբագիր Մարտին Նեվիելը։

Այնուհետեւ  Աշոտ Առեքելյանի՝ իբրեւ մարդու եւ արվեստագետի մասին  խոսք ասաց քաղաքական գործիչ , Ուհերսկի Բրոդի նախկին քաղաքապետ Լադիսլավ Քրիշտոֆը, որը իրենց 14 տարվա բարեկամությունից հետո հպարտորեն ասաց, որ իրենց կողքին ապրում է նման հայ նկարիչ, համեստ ու բարեկիրթ  անձնավորություն։

Երեկոն եզրափակեց  «Ինտերյեր գրուպ» ընկերության նախագահ Մարեկ Պավելկան, ով նշեց, որ շատ է գնահատում Աշոտ Առաքելյանի ստեղծագործությունը։  Սա այս պատկերասրահում բացված 12-րդ անհատական ցուցահանդեսն  է, որը կգործի եւս երեք ամիս։ Նա նաեւ նշեց, որ համավարակից հետո սա առաջին հանրային միջոցառումն է, որը նաեւ նորմալ կյանքին անցնելու ազդանշան է։  Ձեռնարկի վերջում 72 ամյա հայ գեղանկարիչը շնորհակալություն հայտնեց ներկաներից եւ այն  գործընկերներից, որոնց վստահությունը վայելել է տարիներ շարունակ։

Հայ նկարչի մասին  չեխ ակադեմիական նկարիչ Յոզեֆ Մատիաս Մինարիկը մասնավորապես գրել է, որ ժամանակակից ոճերի ու կողմերի խառնաշփոթության մեջ, Աշոտ Առաեքելյանի ստեղծագործությունները պատականում են ֆիգուրատիվ անհատականություն արտահայտող արվեստի բնագավառին։

Ավելացնենք, որ Աշոտի գյուղական արվեստանոցը մի փոքրիկ Հայաստան է հիշեցնում՝  ոչ միայն  հայկական հուշանվերների ու նկարների առկայությամբ, այլեւ  տարբեր տարիներին ստացված մրցանակների առատությամբ։

Նշենք նաեւ, որ տարածաշրջանային «Սլովացկի դեննիկ»  թերթը եւ մորավական տեղական  հեռուստակայանն  անդրադարձել են հայ նկարչի ցուցահանդեսին։

Հ.Ա.

Ուհերսկե Հրադիշտե -Պրահա