- Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։ Հակառակորդը հրաձգային զինատեսակներից մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը:
- «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները Տավուշում են։ Այցի նպատակն է հայտնաբերել և վնասազերծել խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկերը և զինամթերքը։
- ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մուրադյանը։
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում բնակվող Էլբակյանների ընտանիքին։ Նրանց որդին՝ կապիտան Սոս Էլբակյանը, հերոսաբար զոհվել է հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունների հետեւանքով։ Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին։
Միջազգային
- «Ինֆոտեկա 24» պորտալը հրապարակել է տեսանյութ, որտեղ երկու ադրբեջանցի քննարկում են Մոսկվայում հայերի վրա գիշերային հարձակումներ կազմակերպելու մեխանիզմը:
- Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը դատապարտել է օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները և ահաբեկչական հայտարարությունները։
- Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Ընթանում է ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:
- Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա։ Շուրջ 50 ադրբեջանցի ձերբակալված է։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվելու խուլիգանության և ազգամիջյան թշնամանք բորբոքելու համար:
- Ուկրաինայում ադրբեջանցիները հրկիզել են հայկական 2 սրճարան։ Զոհեր չկան։ Ուկրաինայի հայերի միությունը դատապարտել է այս գործողությունները և դրանք մեկնաբանել որպես համայնքը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձ։
- ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ արտասահմանում հայերի դեմ բռնություններ հրահրում են Ադրբեջանի պետական կառույցները: ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու նման գործելակերպը։ Նախարարությունը կոչ է անում Սփյուռքի հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի և նման իրավիճակներում անմիջապես կապվել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:
- Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տալու բանաձևը: Աջակցությունը տալու է «HALO Trust» ընկերությունը։
- Լիբանանի խորհրդարանը քննարկելու է ապրիլ 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության, ասորիների ու քաղդեացիների ջարդերը ոգեկոչելու ազգային օր հռչակելու մասին օրինագիծը։ Պատգամավոր Էլիաս Հանքաշը հայտնել է, որ օրինագծի նպատակն է լիբանանցի երիտասարդների մոտ արթնացնել ցեղասպանության վտանգի և մարդկանց իրավունքները հարգելու կարևորության գիտակցումը: