Օգոստոսի 6-ին Պրահայի քաղաքապետարանի դահլիճներից մեկում՝ ,,Նովոմեստսկե ռադնիցե,,ում, բացվեց LUGH ընկերության ավանդական ցուցահանդեսը, որն այս անգամ նվիրված էր Չեխիայի մայրաքաղաքի Մորան թաղամասին։ Այս ընկերությունը 1995 թվականից սկսած նախ Վիշեհրադ պատմական համալիրում, ապա այլ քաղաքներում ու ցուցասրահներում անցկացնում է Չեխիայում ստեղծագործող նկարիչների համատեղ ցուցահանդես։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին 42 նկարիչներ, որոնցից երեքը՝ մեր հայրենակիցներն էին, իսկ ավելի ստույգ՝ Մուրադյանների ընտանիքի երեք սերնդի ներկայացուցիչներ՝ Շավարշ Մուրադյանը՝ նրա որդին՝ Հովիկ Մուրադյանը եւ նրա թոռը՝ Դավիթ Մուրադյանը։
Նկարիչներից յուրաքանչյուրը ներկայացրել էր մեկ գեղանկարչական աշխատանք, որոնք տեղ էին գտել նաեւ ցուցահանդեսի առիթով տպագրված պատկերագրքում։ Ուրախալի է, որ ավանդական դարձած այս նախագծում հայր ու որդի Մուրադյանները մշտապես մասնակցել են՝ ներկայացնելով նաեւ հայկական գույներ եւ երբեմն էլ հայկական թեմաներ։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք ասացին նախագծի հեղինակ Յոզեֆ Ռիժեցը եւ կազմակերպության նախագահ Քրիստինա Կուբլբեչկովան։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 30-ը։
Ավելացնենք նաեւ, որ վերջերս Պրահայում բացվել է Հովիկ Մուրադյանի ցուցասրահը՝ Hovik ART GALLERY-ն, որտեղ մշտապես կարելի է ծանոթանալ նրա աշխատանքներին, ցանկության դեպքում՝ նաեւ գնել դրանք։ Հասցեն՝ Pohorelec 5, Praha 1
ՕՐԵՐ