Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի եւ Արցախի համար այս օրհասական օրերին մեր հայրենակիցները օգնության տարբեր ճանապարհներ են փնտրում, եւ դրանցից մեկը Պրահայի հայ վարսահարդարների նախաձեռնությունն էր, որն ի դեպ արդեն տարածում է ստացել նաեւ եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Հոլանդիայում։ 

Անցած մեկ ամսվա ընթացքում չեխահայեր Սոնա Վարդանյանը, Դավիթ Ներսիսյանը, Մարինե Տեր-Ղազարյանը եւ Իրինա Բարսեղովան իրականացրեցին մի հետաքրքրական ակցիա, որպեսզի հավելյալ գումար հավաքեն եւ ուղարկեն Հայաստան: Վարսահարդար Սոնա Վարդանյանի «Սոնատա» գեղեցկության սրահում միայն շաբաթ եւ կիրակի օրերին անվճար սպասարկեցին հայրուրավոր հաճախորդների, իսկ նրանց կողմից ըստ ցանկության թողնված գումարը հավաքեցին եւ ուղարկեցին Հայաստան: Ութ օրվա ընթացքում նրանք հավաքեցին 620 հազար կրոն/24 800 եվրո/, որն ամբողջությամբ ուղարկվեց Արցախի զինվորներին  ու զինծառայողների ընտանիքիներին։ 

«Առաջին շաբաթվա գումարը, որ մոտ 5300 եվրո էր, ուղարկեցինք «Հայ մայրեր» բարեգործական ընկերությանը, որը զբաղվում էր Արցախից Հայաստան տեղափոխված 400 մայրերի ու երեխաների համար անհրաժեշտ պարագաների ապահովմամբ: Հաջորդ շաբաթվա երկու օրերին հավաքված 4000 եվրոն ուղարկվել է Հայաստանՙ հայ կամավորների համար քնապարկեր եւ տաք հագուստ գնելու նպատակով: Իսկ վերջինՙ հոկտեմբերի 10-11ի հավաքած 4000 եվրո գումարից 2500-ը ուղարկել են Զինվորների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի նաեւ մեր վիրավոր կամ զոհված զինվորների ընտանիքներին նույնպես օգնություն հասնի, իսկ մնացածը տաք հագուստներ գնելու համար»,- պատմում է գեղեցկության սրահի տնօրեն Սոնա Վարդանյանը։   Վերջին երկու օրերի աշխատանքի ընթացքում հավաքվեց 120 հազար կրոն, որից կրկին 2000 եվրոն կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին, 100 եվրոն տաք հագուստներ պատրաստող ֆաբրիկային եւ մնացյալ մասը՝ Երեւանում ապաստան գտած արցախցիների ընտանիքներին եւ այլ կարիքավորների։  Վերջին օրերի ակցիային նաեւ այցելուներին տրվում էր սուրճ եւ հայկական գաթա, ինչպես նաեւ հուշանվերներ։ 

Սոնայի ասելով , այս նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի օտարները նույնպես մասնակցեն Արցախի համար հանգանակությանը: «Պատկերացրեք, հաճախորդների 70 տոկոսը չեխեր էին կամ այլազգիներ»,- ասում է Սոնան:  Նա նաեւ ֆեյսբուքյան իր էջում հրապարկել է բոլոր մասնակիցների անունները։ Սակայն այսքանով նրանց օգնությունը չի ավարտվում: Մտածում են այլ նախագծեր էլ իրականացնել նաեւ Չեխիայի մյուս քաղաքներում, որպեսզի ավելի մեծանա մասնակիցների շրջանակը:

,,Բոլորս մի մարդու պես անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի հասնենք բաղձալի հաղթանակի։ Մեր թիմի կողմից երախտագիտության  ու շնորհակալանքի խոսք եմ հղում բոլոր մասնակիցներին։ Բարի կամքի միասնական դրսևորումը մեծ ուժ է ընդդեմ պատերազմի և ենթադրում է հաղթանակ։ Մեր պայքարը արդար է։ Հաղթելու ենք,,- ամփոփելով ակցիան նշել է Սոնա Վարդանյանը։

 Հիշեցնենք, որ Չեխիայի հայ համայնքից կազմակերպված եւ առանձին անհատների միջոցով 60 հազար դոլարից ավելի գումար է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Դրամահավաքը շարունակվում է:

 

orer.eu