Հուլիսի 30-ին չեխական Օլոմոուց քաղաքի Յոլա ցուցասրահում բացվեց սլովակաբնակ հայ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի եւ սլովակ աբստրակտ նկարչուհի Կատարինա Վիդրովայի համատեղ ցուցահանդեսը։ Հայ նկարիչը ցուցադրել է մոտ 30 աշխատանք։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը։
Սուրեն Մեսրոպյանը ծնվել է Երեւանում 1985 թվականին, ավարտել է Երեւանի Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը՝ նկարիչ մասնագիտությամբ,այնուհետեւ ծառայել է բանակում, իսկ հետո ավարտել է Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության համալսարանը՝ ճարտարապետ մասնագիտությամբ։ Որոշ ժամանակ այս համալսարանում դասավանդելուց հետո, 2016թ. տեղափոխվել է Բրատիսլավա։ Առաջին անհատական ցուցահանդեսը Բրատիսլավայում բացվել է 2017 թվականին։ 2020թ. հունվարին Բրատիսլավայում բացվել է նրա երկրորդ անհատական ցուցահանդեսը, եւ հիմա հուլիսին՝ երրորդ ցուցահանդեսը։
Պատասխանելով ՕՐԵՐ ամսագրի հարցերին, ահա թե ինչ պատմեց Սուրեն Մեսրոպյանն իր՝ Բրատիսլավա տեղափոխվելու եւ ստեղծագործական ծրագրերի մասին.
,,Հասունացավ պահը, երբ ցանկացա գալ եվրոպական մշակույթին ծանոթանալու, նաեւ փորձառություն ձեռք բերելու եւ ինքնադրսեւորվելու նպատակով։ Ինձ ավելի հոգեհարազատ է իմպրեսիոնիզմը, ավելի սիրում եմ նկարել բնությունը, արեւային ուրախ կյանքը, եւ իհարկե՝ կանանց։ Անընդհատ փնտրտուքների մեջ եմ, անընդհատ փորձում եմ զարգացնել եւ կյանքի տարբեր փուլերում դիմում եմ տարբեր փորձերի ու էքսպերիմենտների։ Չեմ բացառում եմ, որ այստեղի ինչ որ ազդեցություն կրում եմ, բայց հիմնականում հայաստանյան փորձառությամբ եմ ստեղծագործում։ Աշխատում եմ նաեւ ճամփորդել Եվրոպայով, տեսնել այն դասական նկարիչների գործերը, որոնց գեղանկարները փոքր ժամանակ տեսել եմ պատկերագրքերի մեջ։ Առայժմ կշարունակեմ ստեղծագործել, ցուցահանդեսներով հանդես գալ, Հայաստանի մշակույթը ներկայացնել եւ ճանաչելի դարձնել հայկականը։ Քանի որ մեր մշակույթը եվրոպական մշակույթի բաղկացուցիչ մասն է, փորձում եմ իմ արվեստով նաեւ այդ ինտեգրման մեջ լումա ներդնել։ Չեմ բացառում նաեւ, որ ինչ որ մի պահի կվերդառնամ Հայաստան։ Իմ այստեղ գտնվելը միայն նպատակ ունի՝ ճանաչել աշխարհը եւ բացահայտել արվեստի նոր էջեր,,։
ՕՐԵՐ
Օլոմոուցում ցուցահանդեսը կարող եք այցելել հետեւյալ հասցեով՝ Դենիսովա 272/8