2020-ի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթունից հետո մեծ վնասներ կրեց նաեւ լիբանանահայությունը, եղան մարդկային կորուստներ, շատերը զրկվեցին ապրուստի միջոցներից։
Ինչպիսին է այսօր Լիբանանահայության վիճակը՝ աղետից կես տարի անց։ Այս եւ այլ հարցերին պատասխանում է Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
-Բեյրութի նավահանգիստի հզոր պայթյունը շատ ծանր հետեւանք ունեցավ ինչպես ամբողջ Լիբանանի, այնպես էլ լիբանանահայ համայնքի վրա։ Արդեն իսկ ֆինանսական աննախադեպ տարողունակ ճգնաժամ էր ամբողջ երկիրում եւ պայթունը քանդեց բազմաթիվ բնակարաններ, վաճառատներ։ Սոցիալական արդեն անապահով իրավիճակում գտնվող ընտանիքներ հայտնվեցին անօթեւան վիճակում։ Հիմա որոշակի առումով վերականգնողական աշխատանքները շարոնակվում են։ Իհարկե, միջազգային օգնություն եղավ, առավել եւս հայերի դեպքում Սփյուռքի տարբեր համայնքներից եղել են նկատառելի օժանդակություններ։
- Ինչպե՞ս է այսօր ընդհանուր վիճակը։
-Այժմ անորոշությունը շարունակվում է։ Քաղաքական առումով չի գոյացել համալիբանանյան համաձայնություն կառավարություն կազմելու առումով։ Ֆինանսական տագնապը շարունակվում է։ Արցախյան պատերազմից առաջ կար որոշակի հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն, հիմա այդ հոսքը թեթեւացել է։ Մարդիկ սպասողական վիճակում են։ Գործազրկությունն ու անորոշությունը բարոյահոգեբանական առումով ծանր ազդել են։ Հակառակ այս բոլորին համայնքով՝ եւ հոգեւոր, եւ կուսակցական ու ազգային ոլորտներում շարոնակվում են բարեսիրական աշխատանքները, օժանդակության, կենցաղային խնդիրներ լուծելու, հատկապես հիվանդանոցային, դեղորայքի եւ այլն։
-Ո՞րն է մնում ամենամեծ մարտահրավերը։
-Այսօրվա ամենամեծ մարտահրավերը ֆինանսատնեսական ճգնաժամի հաղթահարումն է։ Աշխատանքի հարցերը լուծելը եւ սղաճին համարժեք աշխատավարձեր ստանալը։ Ամեն դեպքում, Լիբանաայությունը դասական Սփյուռքի ամենակազմակերպյալ համայնքներից է եւ իր կառույցներով շարունակում է համասփյուռքյան գործունեություն ծավալել։
Orer.eu