Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Շուրջ 2000 ամանորյա նվերների փաթեթ Լոնդոնից դեպի Երևան ճանապարհին են, որոնք «Ապագան հիմա է» ՀԿ-ն հանձնելու է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին:

 

Նվերների հավաքագրման նախաձեռնությունը մեկնարկել էր դեռ մեկ ամիս առաջ, որն անմիջապես դրական արձագանք ստացավ ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ եվրոպական տարբեր քաղաքներում, ներառայալ թե՛ այնտեղ բնակվող հայերին, թե՛ օտարերկրացիներին: 

 

39 կամավորների օգնությամբ Լոնդոնում՝ Քենսինգթոնի Սուրբ Սարգիս եկեղեցում, երկու շաբաթվա ընթացքում հավաքվեցին նվերների փաթեթները, որոնք խմբավորվել են՝ ըստ տարիքի և սեռի, անցել անվտանգության ստուգում, դասակարգվել և փաթեթավորվել՝ Բրյուսելով Երևան հասնելու համար:  

 

32-ամյա Վիկտորիա Լազարին այս նախաձեռնության հեղինակն է, ով իր հայ ընկեր 35-ամյա Յուրի Խոջամիրյանի հետ այցելել էր Արցախ անցած տարի:

 

«Այս գաղափարն առաջինը ծագեց մայրիկիս մոտ, ով ինձ հիշեցրեց, թե ինչպես էինք մենք ընտանիքով մեր դպրոցից Ամանորյա տոների ժամանակ նվերների փաթեթներ ուղարկում պատերազմից տուժած երեխաներին: Ես ինձ պարտադրված զգացի մի փոքր ուրախություն և հույս բերելու այս ավերիչ ողբերգությունից տուժած և տեղանված հազարավոր ընտանիքների կյանք: Նվերների փաթեթ ուղարկելով՝ կապ է ստեղծվում նվիրատուի և այն ստացողի միջև, մինչդեռ գումար նվիրելն այդ ազդեցությունը չունի: Նվեր ստացող երեխայի համար սա նաև զգացողություն է ստեղծում, որ իրենից շատ հեռու գտնվող մեկը մեծ ջանքեր է գործադրել ցույց տալու, որ հոգ է տանում իր մասին»,-ասում է Վիկտորիա Լազարին:  

 

Այս ծանրոցները պարզապես նվերների փաթեթներ չեն, դրանք անձնական կապեր են Մեծ Բրիտանիայում գտնվող մարդկանց և Հայաստանում ապրող երեխաների միջև: Այսպիսի մի փաթեթ էր բերել նաև Տաթևիկը, ով 30 տարի առաջ անձամբ է ստացել նվերների նման մի ծանրոց և մինչ օրս հիշում է իր վրա թողած տպավորությունները: Մարդիկ նվերների հետ ուղարկել են նաև նամակներ, իրենցից լուսանկարներ: Նախաձեռնության անդամներն ասում են, որ շատերը նույնիսկ չէին լսել Արցախի կամ Հայաստանի մասին, մինչ պատրաստում էին նվերների փաթեթներն Արցախի երեխաների համար: