Չեխիայում գործող հայկական կազմակերպությունների եւ չեխահայ համայնքի ներկայացուցիչների անունից խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակումը Արցախի\ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության / սահմանապահ դիրքերի, քաղաքների եւ գյուղերի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հղի կանանց ու երեխաների վրա։
Մենք մտահոգված ենք ոչ միայն հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ կազմակերպած ագրեսիայով, այլեւ այն տեղեկատվական մեկնաբանություններով, որոնք հավասարության նշան են դնում երկու կողմերի միջեւ եւ կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները։
Նման քաղաքականություն են որդեգրել երեսուն տարի շարունակ ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի հովանու ներքո ընթացել են խաղաղ բանակցությունները։ Ցավոք, ամեն անգամ Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելով, Ադրբեջանը ստանում է պատասխան հարված, եւ ներկայացնում այնպես, որ հայկական կողմն է սկսել եւ իրենք ընդամենը հակահարձակում են իրականացրել։
Թե՛ միջազգային հանրության, եւ թե՛ լրատվամիջոցների լրագրողների ու պատասխանատուների մոտ տրամաբանական հարց չի առաջանում, թե ինչու պետք է հայկական կողմը խաղաղությունը խախտի եւ հարձակում իրականացնի, եթե Արցախը վաղուց ազատագրված է եւ լծված է խաղաղ դեմոկրատական հասարակության կառուցմանը։
Ներկա ռազմական հարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղն ըստ էության պաշտպանվում է ոչ միայն Ադրբեջանից , այլեւ Թուրքիայից, որը ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն իր տեխնիկայով, այլեւ վարձկաններով ու Սիրիայից Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչներով։ Կոչ ենք անում նաեւ միջազգային հանրությանը ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի զերծ մնա պատերազմի ֆինանսավորումից եւ ագրեսորին աջակցելուց։ Օրեր առաջ արդեն իսկ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի հովանավորությամբ Սիրիայի Իդլիբ նահանգից թուրքամետ ահաբեկչական խմբավորման մոտ 4000 վարձկաններ տեղափոխվել են Ադրբեջան՝ Հայաստանի դեմ նախապատրաստվող պատերազմին մասնակցելու ու խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար։
Հետեւաբար, մինչեւ միջազգային հանրությունը, լրատվամիջոցները եւ Ղարաբաղի խնդրով զբաղվող կառույցներն իրերն իրենց անունով չկոչեն, Ադրբեջանին, եւ այժմ նաեւ Թուրքիային կարգի չհրավիրեն, ապա այս հակամարտությունը երբեք չի հանգուցալուծվի եւ ագրեսոր Ադրբեջանն իր հովանավորի հետ կմնա անպատիժ։
Ավելին, ավտորիտար ղեկավար Ալիեւը շարունակում է իր ռեժիմը պահպանել Հայաստանի ու Արցախի դեմ ժամանակ առ ժամանակ պատերազմական գործողությունների հրահրմամբ, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլին կամ 2020-ի հուլիսին, եւ դառնում անմեղ մարդկանց մահվան պատճառ։ Ընդ որում դրանից տուժում է թե Հայաստանի ու Արցախի, եւ թե Ադրբեջանի անմեղ բնակչությունը։
Ուստի ոչ միայն կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և շուտափույթ կերպով վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցակացվող բանակցություններին, որոնք հենց Ադրբեջանի պատճառով փակուղի են մտել, այլեւ իրականացնել Արցախյան հակամարտության խաղաղ լուծումը՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի։
2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնց մասնակցում էին նաեւ Թուրքիայի զորամիավորումները,եւ նաեւ այս ռազմական ոտնձգության առաջին իսկ վարկյանից թուրք լրագրողների ուղիղ եթերով լուսաբանումները Ադրբեջանից, ևս մեկ անգամ վկայում են թուրքական իշխանությունների բացահայտ մասնակցության մասին։ Ուստի կոչ ենք անում նաեւ Թուրքիայի իշխանություններին դադարեցնել պատերազմի հրահրումը, որով նրանք նպաստում են տարածաշրջանում անկայունությանը։
Կոչ ենք անում չեխական և եվրոպական քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտներին, մարդասիրական ու հասարակական կազմակերպություններին և միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության սկսած լայնածավալ հարձակումը և հանդես գալ համապատասխան կոչով՝ վերադառնալու խնդրի խաղաղ կարգավորման ուղղված բանակցություններին։
Նաեւ չեխական եւ եվրոպական մի շարք ԶԼՄ-ների կոչ ենք անում և ակնկալում իրավիճակի անկողմնակալ լուսաբանում՝ հիմնվելով բացառապես՝ երկկողմանի պաշտոնական տեղեկատվությունների վրա, այլ ոչ թե երրորդ երկրի լրատվամիջոցի, այս պարագայում՝ ռուսական ՏԱՍՍ-ի, որը ինչպես ցույց է տվել հակամարտության պատմությունը, երբեք չի ապահովել օբյեկտիվ լուսաբանում։
Կոչ ենք անում Չեխիայի նախագահին, վարչապետին, խորհրդարանի երկու պալատների անդամներին խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան։
Համայն հայությունը թե՛ Հայաստանում եւ Արցախում, եւ թե՛ սփյուռքում, կողմ են միայն խաղաղությանը, երկխոսությանը ու խնդրի խաղաղ լուծմանը, սակայն նաեւ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության դեպքում արժանի հակահարված ցույց տալ։ Մենք թույլ չենք տա, որ 100 տարի անց Թուրքիան Ադրբեջանի միջոցով ցեղասպանություն իրականացնի նաեւ Լեռնային Ղարաբաղում։
Չեխիայի հայ համայնք