Այսօր Պրահայի Ստարոմեստսկա հրապարակում տեղի ունեցավ չեխահայ երիտասարդության հսկում- բողոքի ակցիան՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիային եւ չեխական քաղաքական էլիտայի բացարձակ անտարբերությանը։
Կորոնավիրուսի պատճառով Չեխիայում հայտարարված արտակարգ դրության հաստատած կանոնները թույլ չեն տալիս, որպեսզի բազմամարդ ցույցեր կամ հավաքներ անցկացվեն։ Այդ պատճառով նաեւ Հայ երիտասարդական միությունը շատ շատերի ցանկությունը չէր կարող բավարարել, քանի որ ոստիկանությունը նախապես զգուշացրել էր, որ առավելագույնը 20 հոգի կարող են մասնակցել։ Բայց հրապարակում կանգնելու ցանկացողների թիվը հասավ 50-ի եւ մեր երիտասարդները կանգնեցին միմյանցից երկու մետր հեռավորության վրա։ Նրանց էին միացել նաեւ չեխ ընկերները։ Բերանները փակել էին ,,չեխ,, գրությամբ, իսկ ձեռքներին բռնել էին տարբեր պատգամներով գրություններ։
Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց կազմակերպիչներից Ալբերտ Ղազարյանը.,,Մենք բերաներս փակելով ցանկանում էինք ցույց տալ, որ Չեխիայում մարդիկ այս թեմայով չեն խոսում, մանավանդ չեխական կառավարությունը, եւ ուզում էինք ուշադրություն հրավիրել, որպեսզի իրենք լսեն մեր ձայնը եւ սկսեն խոսել։ Մեզ թվում է , որ պետք է այս մասին ճշմարտությունը ասել։ Այսօրվա մեր հիմնական պատգամներն էին՝ Ճանաչեք Արցախը, Արցախը ուժեղ է, Դադարացրեք Ադրբեջանի ագրեսիան, Խաղաղություն Հայաստանի համար, Պատժամիջոցներ Ադրբեջանին եւ Թուրքիային, Ալիեւ կանգ առ եւ այլն»։
Անցորդները հետաքրքական հայացքներով կանգնում էին, կարդում հայ երիտասարդների պարզած պահանջները, եւ հիմնականում համաձայնության նշան տալով, անցնում։
Անշարժ փակ բերաններով կանգնած երիտասարդների հայացքները արտահայտում էին հայ ժողովրդի կամքի հզոր ուժը եւ հաղթանակի հաստատկամությունը, իսկ հրապարակով թեւածող դուդուկի մեղեդիները ավելի էին ընդգծում մեր բացառիկ մշակութային ազգի հարատեւությունը։ Մենք հաղթելու ենք։ Կասկածներ թող չլինեն։
Orer.eu
Լուսանկարները՝ ՕՐԵՐ -Հ.Ասատրյան