Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հուլիսի 21-ին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեսպիսկոպոս  կարդինալ Դոմինիկ Դուկան իր նստավայրում  ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի  Հայրապետական պատվիրակ  Տիրան եպիսկոպոս Պետրոսյանին եւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի  հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։

Տիրան Սրբազանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ  նշել, որ համաճարակի սահմանափակումների վերացումից հետո, եպիսկոպոսի հանգամանքով իր առաջին այցն է Չեխիա։   

Սրբազան հայրը  կարդինալ Դուկային  է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը, նշելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետեւանքները, նաեւ անմեղ զոհերին եւ խաղաղ բնակչության կրած վնասները։

Կողմերը քննարկել են նաեւ Պրահայում Ֆրանց  Վերֆելին նվիրված արձանի բացման նախագիծը, որը ներկայացրել  է Տիգրան Աբրահամյանի  ղեկավարությամբ գործող  ,, Ֆրանց Վերֆել ընկերակցությունը,,։

Կարդինալ Դուկան խաղաղություն է մաղթել Հայաստանին ու հայ ժողովրդին եւ հույս հայտնել, որ ապագայում երկկողմ շփումները կշարունակվեն։

Այնուհետեւ  Տիրան Սրբազանը մասնակցել է  Պրահայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված  ընդունելությանը, որի ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Սենատի նախագահի տեղակալներ Միլուշե Հորսկան եւ Միլան Շտյեխը։ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել  չեխ սենատորներին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձեւի ընդունման համար։ Նա նշել է, որ արդարեւ գնահատելի է, երբ 105 տարի անց օտարները՝ այս դեպքում չեխ սենատորները  արդարացիորեն իրենց ձայնն են բարձրացնում հանուն ճշմարտության, ցույց տալով, որ բիզնես շահերից ավելի կարեւոր են բարոյական չափանիշները։  

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 20-ին Տիրան Սրբազանը հոգեհանգստյան կարգ էր մատուցել Սուրբ  Հոգի եկեղեցում՝  նվիրված  օրերս հայ-ադրբեջանական սահմանին զոհված  չորս հայորդիների հիշատակին, ինչպես նաեւ ներկա է գտնվել եւ ելույթ ունեցել Պրահայի հայ առաքելական եկեղեցու ծխական ժողովում։/http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/7915-praha-hogehangstian-karg-20-07-2020.html/։ 

Այսպիսով ավարտվեց Սրբազան հոր երկօրյա առաջնորդական այցելությունը Պրահա եւ հանդիպումները չեխահայ համայնքի, պետական ու  հոգեւոր գործիչների հետ։ 

 

ՕՐԵՐ