Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Թեհրանում հրատարակվող Արաքս շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ հուլիսի 20-ին, կարճատև հիվանդությունից հետո, վախճանվել է իրանահայ վաստակավոր տեսուչ, ուսուցիչ, գրող, բանաստեղծ, ՀԲԸՄ-ի Իրանի մասնաճյուղի և նույն միության կանանց բաժանմունքի տարիների նախագահ՝ Աստղիկ Բաբայանը:
 
Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին վշտակցությունն է հայտնում նրա ընտանիքի բոլոր անդամներին, հարազատներին, եւ բոլոր նրանց, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու եւ շփվելու Աստղիկ Բաբայանի հետ:
Եվրոպայի Հայերի Համագումարի անդամներից եւ համակիրներից շատերը այսօր Եվրոպայում սիրով եւ ջերմությամբ են հիշում այն տարիները երբ Ա. Բաբայանը նրանց սիրելի տեսուչն էր եւ ուսուցիչը:
Նրա կյանքի եւ գրական հասարակական գործունեության մասին կարելի է խոսել եւ գրել երկար, սակայն մենք կմեջբերենք Արաքս շաբաթաթերթում հիշատակված կենսագրականը:
 
«Աստղիկ Բաբայան-Կարապետյանը ծնվել է 1936թ. Իրանի Արաք քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի հայոց «Դանայի», «Մանկական պալատ» և «Մարիամյան» դպրոցներում: Ապա բարձրագույն ուսումը ստացել է Բեյրութի «Հայկազյան» կոլեջում:
Վերադառնալով Թեհրան զբաղվել է ուսուցչությամբ, միևնույն ժամանակ ընդունվել է Թեհրանի պետական համալսարանի Անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետը, որն ավարտելուց հետո նույն ճյուղում ստացել է մագիստրատուրան:
1969-1982 թթ. ստանձնել է Թեհրանի հայոց «Թովմասյան» միջնակարգ, երկսեռ դպրոցի տեսչությունը:
1969 թվականից անդամակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: 1997 թ.-ից ղեկավարել միության Կանանց բաժանմունքը, իսկ 2009 թվականից վարել է նույն միության նախագահությունը:
1973թ. ամուսնացել է Սարգիս Կարապետյանի հետ, բախտավորվել երկու աղջիկներով:
Ա. Բաբայանը դեռ պատանի հասակից սկսել է գրել, որոնցից մի փունջը հրատարակվել է Բեյրութի «Նաւասարդ» գրական ամսագրում: Իսկ ավելի ուշ՝ նրա բանաստեղծությունները իրենց ուրույն տեղն են գտել Իրանահայ գրական շրջանակի «Հանդիպում» պարբերագրքերում:
Նրա առաջին գիրքը՝ «Իրական դեպքեր»-ը, լույս է տեսել 2001թ.-ին, Թեհրանում, որին եկել են լրացնելու՝ «Ժամանակը սահում է և...», «Ներքին ձայնը, որ...», «Ակրոստիքոսներ» (4 հատորով), «Արծաթե գոտու հետքերով», «Գրքերի որբանոցը», «Հոգու գեղեցկությունը», ու մեծ թվով ձեռագրեր որ չհասցրեց հրատարակել...
Նրա գրքերի շնորհանդեսը, որ 2011թ. հոկտեմբերի 28-ին կազմակերպվել էր ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, ՀԲԸՄ-ի և «Արաքս» շաբաթաթերթի համատեղ ջանքերով վերածվեց ժողովրդական մեծարման»...
Հողը թեթեւ...
 
Եվրոպայի Հայերի Համագումար
20 հուլիս 2020
Շվեդիա