Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծած ագրեսիայի մասին հանդես է եկել խմբագրական հոդվածով, որը հուլիսի 21-ին միաժամանակ հրապարակվել է երեք երկրների խոշորագույն պարբերականներում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մկրտչյանի «Հրադադարի ռեժիմի ամբողջական վերականգնումը պարտադիր է» վերտառությամբ հոդվածը Լիտվայում հրապարակվել է երկրի ամենախոշոր տպագիր օրաթերթում՝ Lietuvos rytas-ում («Լիտվայի առավոտ»), ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ համանուն կայքում, Լատվիայում՝ ամենամեծ լսարաններից մեկն ունեցող Neatkarīgā («Անկախություն») օրաթերթի շապիկին և էլեկտրոնային nra.lv էջում, իսկ Էստոնիայում՝ կրկին ամենամեծ լսարանն ունեցող Eesti Päevaleht («Էստոնական օրաթերթ») օրաթերթի տպագիր համարում և epl.delfi.ee էլեկտրոնային էջում։

 Հատկանշական է, որ էստոնական թերթի վերնագիրը  գրվել է . ,,Հայաստանի դեսպան. Ատոմակայանի վրա հարձակման Բաքվի սպառնալիքը պետական ահաբեկչություն է,,։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։

«Հուլիսի 12-ին ադրբեջանական սահմանապահ ուժերը սկսեցին սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ: Հարձակման ենթարկվեց քաղաքացիական բնակչությունը, գազատար խողովակներ, գործարաններ, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակներ արտադրող արտադրամասը։

Ամեն ոք, ով երբևէ մեքենայով հատել է հայ-վրացական սահմանը, գիտի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրավիճակը ծայրահեղ անկանխատեսելի է։ Ադրբեջանական բանակը հաճախ հրետակոծում է մոտակա տարածքները՝ լարվածության մեջ պահելով բնակչությանը: Ճանապարհորդները նույնիսկ կարող են խնդրել շեղվել իրենց երթուղուց, որպեսզի չվտանգեն իրենց: Չնայած այս ամենին, մենք պետք է ընդունենք, որ վերջին մի քանի օրերի տեղի ունեցածը բոլորովին այլ պատմություն է: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտման ակնհայտ նշան է:

Ավելին, ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց, որին հայկական կողմը ստիպված էր արձագանքել, մենք կարդում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության խելացնոր սպառնալիքը Հայաստանի Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորության մասին: Սպառնալիքն ընդհանրապես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում էր: Նման գործողությունները պետական ահաբեկչության և ցեղասպանական մտադրությունների բացահայտ դրսևորում են:

Կան միջազգային հանրության և կազմակերպությունների անդամներ, որոնք անկախ փաստահավաք աղբյուրների բացակայության պայմաններում ձեռնպահ են մնացել նշելուց, թե ով է ագրեսորը և ով է զոհը: Նման դիրքորոշումը, որը գուցե նման է ագրեսորին մեղմելուն, կարող է բացատրվել նրանով, որ տեղերում չկան հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմներ: Եվ ահա մենք հասնում ենք ամբողջ իրավիճակի ամենամեծ հարցական նշանին: Ինչու՞ հայ-ադրբեջանական սահմաններին չկան նման միջոցներ:

Արդարացի չէր լինի մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան)՝ միջազգային մանդատ ունեցող միակ կազմակերպությանը, որը միջնորդ է հանդիսանում կողմերի միջև` ձգտելով հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այստեղ, մի փոքր շեղվելով, պետք է շեշտեմ, որ 1990-ական թվականներին Ադրբեջանը, չնայած պայքարում էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար, որն իրեն էր բռնակցվել 1921թ. Ստալինի ավտորիտար որոշմամբ, ի վերջո տոտալ պատերազմ սանձազերծեց և շրջափակեց Հայաստանը։ Հայաստանի տարածքը գնդակոծվում էր բոլոր հնարավոր անկյուններից, որը սահմանակից էր Ադրբեջանի հետ:

Հայաստանը բազմիցս հայտարարել է և շարունակում է պնդել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կան հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ենթադրյալ խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմի ներդրումը: Դրանց իրականացումը կօգնի խուսափել հետագա սրացումների կրկնություններից: https://www.osce.org/mg/185746

Էստոնական թերթի լուսաբանումը

Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժել է այդ վերահսկման մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է ինչպես քաղաքացիական զոհերի ավելացմանը, այնպես էլ հայկական կողմերին անհիմն մեղադրանքների հնչեցմանը։ Կցանկանայի ընդգծել, որ ստեղծված իրավիճակում հրամայական են ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի ռեժիմի անվերապահորեն և լիովին վերականգնումը, պահպանումը և ամրապնդումը։

Մարտի վերջին կորոնավիրուսի բռնկումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց «աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ համաշխարհային զինադադար հաստատել»՝ հավելելով, որ «ժամանակն է զինված բախումը պահել փակի տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»: Ժամեր անց, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունեց այս գաղափարը: Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, որոշեց անտեսել այս կոչը:

Ավելին, տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ վերահաստատել են, որ հասարակություններին խաղաղության նախապատրաստումը և պատերազմական հռետորաբանությունից զերծ մնալը խիստ անհրաժեշտություն է: Սա չափազանց կարևոր կետ է, որը չպետք է անտեսվի խաղաղության ձգտող որևէ մեկի կողմից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո որդեգրել է այն համարձակ դիրքորոշումը, որ ցանկացած հակամարտության լուծում պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա և ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Այս գաղափարն այդպես էլ չհասկացվեց Ադրբեջանի կողմից: Ավելին, անընդհատ սպառնալիքներ են եղել, հաճախ այդ երկրի առաջնորդի կողմից, որը հավակնում է Հայաստանի մայրաքաղաքին և հին քաղաքակրթության այս բնօրրանին՝ որպես «Ադրբեջանի պատմական հողեր», և պահանջում է՝ «ադրբեջանցիները պետք է վերադառնան այս պատմական հողեր»:

Թունավորված հասարակական կարծիքի վտանգավոր զարգացումը կարելի էր զգալ Տավուշի մարզում հայերի և ադրբեջանցիների միջև վերջերս տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո: Բաքվում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքը, որտեղ կարելի էր լսել հայատյաց, ազգայնական վանկարկումներ, կարճ ժամանակում վերափոխվեց հակակառավարական կոչերի, որի պատճառով այն անմիջապես ցրվեց Ադրբեջանի ոստիկանության կողմից: Ակնհայտ է, որ խոսքի ազատությունն Ադրբեջանում ընդունելի է միայն այն դեպքում, երբ այն ներառում է հայերի նկատմամբ ատելության արտահայտություններ։

Մինչ միջազգային կազմակերպությունների և երկրների մեծամասնությունը դիմում են երկու կողմերին՝ զերծ մնալ ցանկացած սրացումից և վերադառնալ բանակցությունների սեղան, ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում` անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և Հայաստանի դեմ հետագա գործողություններ հրահրելով:

Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ Թուրքիայի ղեկավարությունը զգում է, որ 1915թ. երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն «ամբողջությամբ չի իրականացվել» և որ Հայաստանի Հանրապետությունը պետք է զիջի թուրքերի և նրանց էթնիկ եղբայրների բոլոր ցանկություններին ու քմահաճույքներին` նույնիսկ մեր ամբողջական ոչնչացման գնով:

Հատկանշական է, որ անգամ 21-րդ դարում Թուրքիան ընտրում է մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցել Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության ավանդույթների հիման վրա: Թուրքիայի սադրիչ և կողմնակալ դիրքորոշումը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և ապացուցում , որ Թուրքիան չի կարող ներգրավվել հակամարտության հետ կապված որևէ միջազգային գործընթացի մեջ և, առաջին հերթին, ԵԱՀԿ-ի շրջանակներում: Իր մոտեցումներով` Թուրքիան Հայաստանի համար էքզիստենցիալ անվտանգության սպառնալիք է և պետք է հնարավորինս արագ վերանայի այդ վտանգավոր պահվածքը:

Ամփոփելով՝ ես կցանկանայի նշել, որ երբեք ուշ չէ ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ, և երբեք ուշ չէ ընդունել և պահպանել հրադադարը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում և դրանից հետո: Ցանկացած հակամարտության լուծման համար պետք է ներգրավված լինեն բոլոր առաջնորդների քաղաքական կամքը և միջազգային դերակատարների կառուցողական աջակցությունը: Պատմությունն այս աքսիոմի ականատեսն է»: