Հուլիսի 20-ին Կիևի հնագույն տաճար-թանգարան Սրբ․ Սոֆիայում հիշեցին համաշխարհային կինոյի մեծ վարպետ՝ աշխարհահռչակ բեմադրիչ, նկարիչ, դիզայներ Սերգեյ Փարաջանովի մահվան 30-րդ տարելիցը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
Հիշատակի հուշ-ձեռնարկը կազմակերպել էր «ԱՕԿՍ-Ուկրաինա» հայկական մշակութային կապերի ընկերությունը՝ «Կիևյան Սոֆիա» ազգային հատուկ պահպանվող տարածքի և Ուկրաինայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։
Մեծ վարպետի հիշատակին նվիրված միջոցառումը հմտորեն վարեց «ԱՕԿՍ-Ուկրաինա» ընկերության նախագահ Ելենա Հովհաննիսյանն, որն, ի թիվս այլոց, ներկաներին պատմեց իր կողմից հիմնադրված «Փարաջանով-արտ» ընկերության գործունեության մասին, հռչակավոր արվեստագետի հետ իր հանդիպումների դրվագներից, վերջերս մահացած Փարաջանովի այրի՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ իր ընկերության և Կիևում Փարաջանովին նվիրված թանգարանի ստեղծման իր՝ առայժմ չիրականացած ծրագրերի մասին։
Ներկաներին ողջույնի խոսքեր հղեցին «Կիևյան Սոֆիայի» գլխավոր տնօրեն Նելյա Կուկովալսկայան և Ուկրաինայում ՀՀ արտակարգ ի լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով նշեց, որ Փարաջանովի արվեստը բացառիկ դեր է ունեցել հայ, ուկրաինացի և վրաց ժողովուրդների մշակութային կյանքում։
Ողջ երեկոյի ընթացքում իրենց հիշողություններն ու մեծ Մաեստրոյից իրենց տպավորություններից էին խոսում և կիսվում իր ընկերներն, ուսանողներն ու բարեկամները և պարզապես մարդիկ, ովքեր երջանկություն են ունեցել շփվելու հռչակավոր ռեժիսորի հետ։ Փարաջանովի մասին իրենց հիշողություններով կիսվեցին Ուկրաինայի ժողովդրական արտիստ, հանրահայտ կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ուկրաինացի ռեժիսյոր և պրոդյուսեր Սերհիյ Պրոսկուրնյան, Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ Սերհիյ Տրիմբաչը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վիկտոր Սկորոմնին և ուրիշներն, ինչպես նաև հեռակապով Երևանից՝ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Ուկրաինայի Վերխովինա քաղաքից՝ դերասանուհի Օքսանա Սուսյակը, Լեհաստանի Վրոցլավից Ռուբեն Դադայանը և ԱՄՆ-ից Մամուկա Ջանշիևը։
Միջոցառման սրահում ցուցադրված էին քանդակագործ Հրայր Մարտիրոսյանի (ք.Խարկիվ) և ռեստավրատոր-նկարիչ Վաչագան Թորոսյանի (ք.Միկոլայիվ) աշխատանքները։ Ձեռնարկի ընթացքում երաժշտական ելույթներով հանդես եկան նաև «Նո-Տա» դաշնամուրային դուետը, երգչուհիներ Լուիզա Ուբերիան և Լուսինե Պրոշչալիկինան։
Սերգեյ Փարաջանովի հիշատակին նվիրված միջոցառման ավարտին ներկաները դիտեցին ռեժիսոր Ռոման Բալայանի «Գիշերը Փարաջանովի թանգարանում» ֆիլմը։
Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, ձեռնարկն անցկացվել է կամերային ձևաչափով։
ՕՐԵՐ