Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Այսօր՝ հուլիսի 20-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց՝ նվիրված հուլիսի 14-ին հայ-արբեջանական սահմանին զոհված չորս հայ հերոսների հիշատակին։  Հոգեհանգստյան կարգը կատարեցին Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը եւ Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։  Հայր սուրբը հոգեհանգստյան արարողության ավարտին ողջունեց Տիրան Սրբազանին, որը եպիսկոպոսի կարգավիճակում առաջին անգամ էր  Պրահայում, եւ ըստ էության նրա առաջին արտասահմանյան այցն էր համավարակի սահմանափակումներից հետո։

Տիրան Սրբազանը ողջունելով չեխահայերին, կարեւորեց Հայրենիք-Սփյուռք ամուր կապը, համարելով Հայաստանը հայության սիրտը, սփյուռքը՝ ողնաշարը, իսկ Արցախը՝ նրա ոգին։ Անդրադառնալով մեր քաջարի զինվորներին՝ Սոսին, Գարուշին, Գրիշային եւ  Սմբատին, Սրբազան հայրը աղոթեց նրանց հոգու հանգստության համար, նաեւ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ ամուր ու կանգնուն մնան Հայոց սահմանները,  ուժ ու կորով մաղթելով մեր զինվորներին եւ  միասնականություն՝  ողջ ազգին։

 

Նշենք, որ հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը,  Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի անդամները, չեխահայեր։  Հոգեհանգստյան կարգին նախորդել էր ծխական խորհրդի ժողովը, որի ընթացքում որոշում ընդունվեց մեկ ամիս անց անցկացնել  ծխական ընդհանուր ժողով, ինչի մասին մեր հայրենակիցները կստանան հավելյալ ծանուցում։ Ծխական խորհրդի ժողովում ելույթ ունեցավ Տիրան Սրբազանը, այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում։

 

ՕՐԵՐ ամսագիր