Իրավիճակը սահմանին (20.07.2020)
- Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ, օգտագործել է «ՀԱՆ-17» տիպի նռնականետ։ Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 137 կրակոց։
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Նախագահն ու վեհափառ հայրապետը խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները Հայաստանում և Սփյուռքում զորավիգ են Հայրենիքին: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը: Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ զորավիգ են Հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող մեր զինվորների կողքին են՝ աղոթքով ու հոգևոր խոսքով զորացնելով և քաջալերելով հայրենիքի պաշտպաններին:
Նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են նաև ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման մասին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար:
- Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Տավուշի մարզի Բերդ քաղաքից ռեպորտաժ է պատրաստել: Նա պատմել է, որ ադրբեջանական բանակը Դ-30 հաուբից հրանոթից 4 արկ է նետել հայկական բնակավայրերի ուղղությամբ։
- ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայ զինծառայողները դիմում են ժողովրդին՝ վստահեցնելով, որ անհոգ լինեն և զբաղվեն առօրյա գործունեությամբ, քանզի զինծառայողները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ամուր են հայոց լեռների պես։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ևս գրառում է կատարել՝ կոչ անելով ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից: Բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողներին նա հորդորել է նվիրատվությունները փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Վարչապետը վստահեցրել է, որ հիմնադրամի գործունեությունը լիարժեք թափանցիկ է և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո։
- ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ չնայած նախարարությունը հայտարարել էր, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ, արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, և հատկապես այն զորամասերի, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվել էին ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զինկոմիսարիատներ` պատրաստակամություն հայտնելով շարունակելու ծառայությունը և պաշտպանելու երկրի սահմանը։
Միջազգային
- «Sky News Arabia» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձել է միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Անդրադառնալով Թուրքիայի հնչեցրած հայտարարություններին՝ ԱԳ նախարարը նշել է, որ այդ գործելաոճը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
- ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրել են 2016 թվականի ապրիլյան դրությանը՝ չնայած նրան, որ ավելի վաղ ձեռք էր բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն: Ըստ նրա՝ դատելով վերջին իրադարձություններից՝ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը:
- Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կիրակնօրյա Մարիամյան աղոթքի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում հույս է հայտնել, որ հանուն ժողովուրդների բարօրության՝ երկխոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ լուծմանը հասնել։
- Ուրուգվայի Սենատում ընդդիմադիր «Լայն ճակատ» կուսակցության անդամ, տուրիզմի նախկին նախարար, սենատոր Լիլիան Քեշիշյանը դատապարտել է ադրբեջանական գործողությունները։ Թվիթերում դատապարտող գրառումներ են արել նաև իշխող Ազգային կուսակցության պատգամավոր Պեդրո Խիսդանյանն ու առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սաչյանը:
- Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիան ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանին և պատրաստվում է Սիրիական ազատ բանակի գրոհայիններին ուղարկել Ադրբեջան, որպեսզի աջակցեն Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական գործողություններում։
- Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցվել հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար:
- Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքը միացել է ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններին՝ կոչ անելով միջազգային հանրությանը նպաստել խաղաղ բանակցային գործընթացին:
- Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները։
- Ռուս պատգամավորները մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի արտգործնախարարության ադրբեջանամետ դիրքորոշման վերաբերյալ: Արտեմ Դմիտրուկը հայտարարությունն անվանել է չմտածված։ Նա կոչ է արել՝ խոսելուց առաջ հարյուր անգամ մտածել դրա հետևանքների մասին։
- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության, ինչպես նաեւ Ռուսաստանում երկու երկրների ներկայացուցիչների միջեւ հուզական ֆոնի շուտափույթ կարգավորման հույս ունի։ Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն երկու կողմերին էլ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանն ու բռնության ցանկացած ձևի դադարեցմանը:
- Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզում։ Հանրահավաքին ադրբեջանական ոտնձգությունները դատապարտող ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
- Ամստերդամում հայերը բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանության դիմաց և Դամ հրապարակում:
- Ամերիկահայերը բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց։