Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բացառիկ համարը՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասին գեղարվեստական գրականությանը։
ՕՐԵՐ-ի բացառիկ համարը նվիրել ենք «Հերոսապատում» նախագծին, որի շրջանակում ներկայացրել ենք 44-օրյա պատերազմից հետո լույս տեսած գեղարվեստական գրականությունը։ Մեկ համարում ներկայացնում ենք մոտ 50 հեղինակների գրքեր, որոնց հիմնական մասը գեղավեստական գրքեր են, արձակ ստեղծագործություններ ու բանաստեղծություններ։ Նույնիսկ առաջին Արցախյան պատերազմից մեկ տարի անց այսքան գրականություն չի հրատարակվել, որքան 44-օրյա պատերազմից հետո։ Հատուկ հոդվածով ներկայացվում են Արցախում հրատարակված գրքերը։ Հատկանշական է, որ այս գրքերի շարքում են երկու վեպ, որոնք ռեալիստական գույներով ներկայացնում են Արցախյան պատերազմն ու մեր հերոսներին, նրանց հերոսական պայքարի մանրամասները։ Նաեւ տպագրել ենք հատվածներ զոհված հերոսների եւ պատերազմին մասնակից հերոսների գրքերից։ Տպագրված գրականության ցանկում մեծ տեղ են կազմում հուշագրություններն ու տարբեր հերոսներին նվիրված առանձին գրքերը։ Նրանցից մեկում հերոսը իրավամբ հարցնում է՝ «Եղե՞լ է արդյոք մի պատերազմ, երբ այսքան էժան է զոհասեղանին դրվել զինվորի կյանքը, չգիտեմ... Ո՞վ էր այն ձեռքը, որ իրական մահվան երախ էր ճանապարհում տղերքին...»։
Այս համարում լույս են տեսել Տիգրան Նիկողոսյանի, Շանթ Նավոյանի, Գեղեցիկ Մարգարյանի, Տիգրան Բաբայանի, Հրաչյա Պապինյանի եւ Էլզա Կիրակոսյանի, Հռիփսիմէի, Գրիգոր Գրիգորյանի ,Վահե Գեղամիի, Դիանա Հակոբյանի, Լիզա Բերքյան-Աբրահամյանի, Լեւոն Սահակյանի, Վաչագան Մանուկյանի, Թաթուլ Հակոբյանի, Լիկա Զաքարյանի, Մանվել Միկոյանի, Հասմիկ Հովհաննիսյանի, Ռաֆ Բարաթյանի, Խաչիկ Մանուկյանի, Կարեն Խուրշուդյանի, Արմինե Սարգսյանի, Վարդան Ամալյանի, Դավիթ Ամալյանի, Վարդան Պետրոսյանի, Նարինե Ավագյանի, Դավիթ Վանյանի, Աննա Մկրտչյանի, Գագիկ Գինոսյանի, Գոհար Մարտիկյանի ստեղծագործություններից, Զարինե Սառաջյանը ներկայացրել է Արցախում լույս տեսած մոտ 20 գրքերը։
ՕՐԵՐ-ի այս համարում տեղ են գտել նաեւ հոդվածներ հայ ռազմագերիներին նվիրած առաջին անգլերեն գրքի, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի մասին չեխ լրագրողուհիների գրքի մասին։
Համարի կարեւոր թեմաներից մեկն էլ Նվիրված է Նախիջեւանի մշակութային ժառանգության կորստին, որը ներկայացնում է նախիջեւանագետ Արգամ Այվազյանը, նշելով, որ տասնամյակներ անց էլ հայերը դասեր չեն քաղում։ Նույն բախտին է արժանանալու Արցախը։
Համարի գլխավոր հարցազրույցի հերոսը նյույորքաբնակ հայտնի արվեստագետ Տիգրան Ձիթողցյանն է, ով ներկայացնում է ոչ միայն իր անցած ճանապարհը, այլեւ ՕՐԵՐ-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի ներկա վիճակին, պատերազմի ժամանակ ցույց տված օգնությանն ու իր ապագա ծրագրերին։ Մենք ցանկացել ենք Տիգրանի հաղթանակած կերպարով, ով ինքնուրույն կարողացել է հասնել Նյու Յորք եւ նվաճել միջազգային ճանաչում, նաեւ հույս ներշնչել մեր ժողովրդին, որ ոչինչ կորած չէ, եւ հայ ժողովուրդը մշտապես հաղթելու է իր մշակույթով ու ստեղծարար գործունեությամբ։
Համարում տեղ են գտել նաեւ այլ հոդվածներ։
ՕՐԵՐ