ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը անցել է բավականին կառուցողական մթնոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ:
ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ համաձայնել են քննարկել ներկայիս իրավիճակը, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը և իրավիճակը տարածաշրջանում:
Նա նշեց, թե ինչի շուրջ են երեք երկրի ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերել. «Առաջինը` մինչև տարվա վերջի ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև: Հուսով եմ, որ այն տեղի կունենա ինչքան հնարավոր է շուտ` որևէ խոչընդոտներ չկան: Երկրորդը`շատ զգայուն հարց է, որը մարդասիրական խնդիրների հետ է կապված: Այստեղ ևս առաջ ենք գնացել:
Եվ երրորդը`մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերվում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը: Կարծում եմ, որ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետերին, որոնք աշխատում են դրա շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Մյուս շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել ենք»,- եզրափակեց Պուտինը:
Սոչիում ավարտվել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ բանակցությունները, որոնք տեւել են շուրջ 3 ժամ: Կողմերը հանդես են եկել եռակողմ հայտարարությամբ.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում եւ քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:
Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։
Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։
Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել եւ գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի եւ այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։
Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ եւս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:
Հանդիպման ավարտին ստորագրված եռակողմ հայտարարությունն արագ վերլուծել է Ավետիք Չալաբյանն իր էջում՝
«Համոզված եմ, որ շատերդ օրվա ընթացքում սրտատրոփ սպասվել եք, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Սոչիում, և այս պահին փորձում եք հասկանալ, թե իրականում ինչ ենք մենք ստացել։
Իմ արագ վերլուծությունը ցույց է տալիս մի քանի բան՝
ա) այս փաստաթղթում որևէ խոսք չկա նրա մասին, թե ինչպես է կարգավորվելու Արցախի հարցը, որոշվելու նրա կարգավիճակը, և խաղաղություն հաստատվելու կողմերի միջև, և դա ակնհայտորեն Ադրբեջանի պարտադրանքն է։ Եթե ուշադրություն եք դարձրել, այսօր իր ելույթների ընթացքում Ադրբեջանի նախագահը գեթ մեկ անգամ իսկ չի արտաբերել "Լեռնային Ղարաբաղ" արտահայտությունը, իր ողջ տեսքով ցույց տալով, որ այդպիսի սուբյեկտ այլևս գոյություն չունի։ Այս հայտարարությունը անուղղակի կերպով դա հաստատել է։
բ) կողմերը պայմանավորվել են գնալ երկու պետությունների միջև սահմանազատման, որը նախորդ կետի շարունակությունն է՝ ակնհայտ է, որ առանց Արցախի կարգավիճակի հաստատման, սահմանազատումը բերելու է Ադրբեջանի կողմից նրա կլանման և հայաթափման։
գ) Ադրբեջանը իր վրա և ոչ մի պարտավորություն չի վերցրել՝ ոչ գերիների հանձնման, ոչ Հայաստանի սուվերեն տարածքից զորքերի հեռացման, ոչ Արցախի որևէ տարածքի դեօկուպացման՝ բացառապես ոչ մի պարտավորություն։
դ) կողմերը պայմանավորվել են միայն տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին, որն ակնհայտ ռուս-թուրք-ադրբեջանական օրակարգ է, և առաջին հերթին ծառայում է նրանց տնտեսական շահերին։
Ես չգիտեմ, թե ինչ է շահել Հայաստանը, այս հայտարարությունը ստորագրելով։ Գուցե այն անձը, որը փորձում է ներկայացանել Հայաստանը, և իր ստորագրությունը դրել է այս փաստաթղթի տակ, դա կարողանա բացատրել՝ ևս երկու ժամ ծռմռվելով և իր ընտրողների ուղեղները լվանալով։ Ես գիտեմ միայն մի բան՝ պետք է մոբիլիզացվենք, դիմադրենք, և թույլ չտանք մեր հայրենիքը մաս-մաս հանձնել թշնամուն»։