Գերմանիայում բնակվող Հովհաննես Թումանյանի ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը Օլգա Թումանյանից իրեն հասած թութունատուփը նվիրել է Երեւանի Թումանյանի թանգարանին։ Թումանյանի միակ ծոռը Ռուբենն է, որը 1960 թվականից սկսած տասնմեկ տարի տատիկի կողքին է եղել, քանի որ մյուսներն այլ քաղաքներում էին ապրում։
Թանգարանի շենքի առաջին հարկում Օլգա Թումանյանն ապրել է քսան տարի եւ այդ տունը Ռուբենի համար շատ հարազատ էր, քանի որ տատիկի մոտ էր լինում եւ վայելում նրա հոգատարությունը։ Ու քանի որ կենդանիներ շատ էր սիրում, կարդում էր նրանց մասին գրքեր, տատիկից նվեր էր ստացել կենդանիների մասին մի հետաքրքիր գիրք, որը մինչ օրս պահում է։ Այժմ, նկատի ունենալով, որ մյուս ամիս լրանում է Օլգա Թումանյանի 150-ամյակը, Ռուբենը որոշել էր իր մեծ տատիկի թութունատուփը նվիրել թանգարանին, որտեղ այդ առիթով բացվելիք ցուցահանդեսում կցուցադրվի նաեւ այս նոր ցուցանմուշը։ Տուփի վրա գրված է Օ տառը, ինչը նշանակում է, որ ըստ երեույթին հատուկ պատրաստված է եղել Օլգա տատիկի համար։
«Ընդհանրապես Թումանյանի բոլոր թոռները կապված են եղել Օլգա Թումանյանի հետ եւ շատ են սիրել նրա մոտ լինել։ Եվ երբ որդիս ցանկություն հայտնեց այդ տուփը նվիրել, ես նրան լիովին աջակցեցի, եւ տուփը փոխանցեցինք Լոռվա Ձոր հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանին, ով էլ տատիկի ծննդյան օրը կհանձնի թանգարանի տնօրենին»-, ասում է մեզ հետ զրույցում Իրմա Սաֆրազբեկյանը, Թումանյանի թոռնուհին։
Նրա պատմելով, Թումանյանների ընտանիքում հատուկ նշանակություն է ունեցել Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Թումանյանի տարեդարձի նշումը, որին բոլորը պարտադիր ներկա են եղել, իսկ Հովհաննես Թումանյանը որտեղ էլ որ լիներ, այդ օրը վերադառնում էր, որ տիկնոջ կողքին լիներ։ Տիկին Իրման հիշում է, որ նույնիսկ Օլգա տատիկի մահվանից հետո, երկար տարիներ իր զավակները, թոռներն ու ծոռները հավաքվում էին թանգարանում եւ նշում նրա տարեդարձը, որը դեկտեմբերի 22-ին է, քանի որ դա համարում էին սուրբ օր։ Այսօր թումանյանական տոհմի բոլոր 26 ժառանգները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, իրենց տներում հիշում են այդ օրը, հատկապես երկու թոռնուհիները եւ ութ ծոռները։
«Օրեր» եվրոպական ամսագիր