Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չնայած Կորոնավիրուսի համաճարակին, պատերազմյան և հետպատերազմյան դժվարություններին՝ անցնող շրջանը Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) համար հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով և ծրագրերով։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀԵՀԵՄ գործունեությունը վերաշխուժացման փուլ է թևակոխում՝ համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի կյանքի կոչումով: Հենց դրան էր միտված երկրորդ Ատենապետաց ժողովը, որ տեղի ունեցավ այս տարվա նոյեմբերի 20-ին՝ ՀԵՀԵՄ ԿԳ նախաձեռնությամբ, հեռավար ձևաչափով:

Ատենապետաց աշխատաժողովին իրենց մասնակցությունը բերեցին նվիրապետական աթոռներից Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զաքեոս Ծայրագույն Վարդապետ Օհանյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության հետևյալ թեմակալ առաջնորդները՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:

Հանդիպմանը մասնակցեցին հայաստանյան և աշխարհասփյուռ գրեթե բոլոր թեմերից շուրջ 7 տասնյակ երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։ Աշխատաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի նահատակների հիշատակը և աղոթեցին գերիների շուտափույթ արձակման համար։

Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։ Ի մասնավորի, Սրբազանը ներկաների անունից իր որդիական երախտիքի խոսքը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ՀԵՀԵՄ-ի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածու վերաբերմունքի և ուշադրության համար։

Ժողովը վարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և ԿԳ տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Հայր Թովման անդրադարձավ 2022 թ․-ին կայանալիք ՀԵՀԵՄ Տարածաշրջանային ժողովներին և ընթացիկ կազմակերպչական հարցերին:

Յուրաքանչյուր թեմ հնարավորություն ունեցավ հակիրճ ներկայացնելու իրենց թեմում իրականացված և նախատեսվելիք երիտասարդական հիմնական ծրագրերը:

 Օրակարգային հարցերից էին նաև 2022թ. հուլիսի 6-10 կայանալիք ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մանրամասները։

Ուխտագնացությունը ՀԵՀԵՄ-ի Հայաստան-Սփյուռք կամուրջ նշանակության ամրապնդմանն է ուղղված: Այն աշխարհասփյուռ հայ երիտասարդների աղոթքի համախմբում է լինելու, ինչպես նաև՝ հայրենակերտումին նվիրված ծրագրային քննարկումների կամ արդեն որոշված ծրագրերի իրականացման մեկնարկ։ Ըստ այդմ, թեմերը  ողջ եկող տարվա ընթացքում՝ թե՛ ՀԵՀԵՄ ութ տարածաշրջաններում կայանալիք ժողովների ժամանակ և թե՛ ուխտագնացության ընթացքում  պետք է գեներացնեն, մշակեն և ապա կյանքի կոչեն հայրենակերտումի տարբեր ծրագրեր՝ իրենց մասնակցությունը բերելով հայրենիքի զորացմանը։ Գրասենյակի՝ ուխտագնացության ծրագրային մասի պատասխանատուները ներկայացրեցին 2022թ. հուլիսի 6-10 նախատեսվող համահայկական ուխտագնացությանն առնչվող կազմակերպչական հարցերը։

Մասնակից երիտասարդներն առաջարկեցին 2022 թվականին համահայկական երեք ուխտագնացություն կազմակերպել՝ դեպի Երուսաղեմ՝ ամբողջ աշխարհից հավաքվելով Հայրենիքում և մեկնելով Երուսաղեմ, Մյուռոնօրհնության շրջանակներում և Մայր Տաճարի վերաօծման կապակցությամբ համահայկական ուխտագնացություններ՝ դեպի Սուրբ Էջմիածին: Ինչպես նաև դրամահավաք կազմակերպել Մայր Տաճարի նորոգության առիթով և իրականացնել առցանց դասախոսությունների շարք։

Ատենապետաց ժողովն ավարտվեց աղոթքով։ Ամփոփելով աշխատանքները՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանն առաջարկեց հունվարին՝ Տարածաշրջանային ժողովներին ընդառաջ, նույնպես կազմակեպել Ատենապետաց ժողով։

 ՀԵՀԵՄ-ը համաթեմական կառույց է, գործում է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո: Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ երիտասարդական միություններին, կազմակերպում է համաթեմական, տարածաշրջանային, համահայկական, միջտարածաշրջանային, միջթեմական, ինչպես նաև տեղական ծրագրեր։

Հաստատման օրվանից ՀԵՀԵՄ-ը որդեգրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերի երիտասարդներին Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու, երիտասարդ հայորդիներին քրիստոնեական և հայեցի ոգով դաստիարակելու առաքելություն՝ ի հարատեւություն հայ ինքնության և ի զորացումն հայրենիքի:

 

 

21 նոյեմբեր, 2021

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ