Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են առողջապահության, մշակույթի, բիզնեսի ոլորտները: Նրա հետ հանդիպմանը ներկա է եղել Լիտվայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետը նշել է, որ սա իր առաջին այցն է Լիտվա և հույս ունի, որ այն արդյունավետ կինի: «Պետք է արձանագրել հետևյալը․ հունիսի 20-ի ընտրություններից հետո նկատելի է, որ ԵՄ երկրների հետաքրքրությունը ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացման առումով մեծացել է, չնայած այն երբեք էլ փոքր չի եղել: Այս առումով Լիտվան առանձնահատուկ ակտիվություն և աջակցություն է փորձում ցուցաբերել: Դա պատահական չէ, որովհետև Լիտվայի հետ ավանդական կապեր կան, Լիտվան շատ ավելի լավ է ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, ԽՍՀՄ ժամանակ երկու երկրների միջև ակտիվ շփումներ են եղել: Հույս ունենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի արդյունավետ կլինի:

ԵՄ-ի հետ աշխատում ենք առաջիկա տարիների ընթացքում 2,6 մլրդ եվրոյի ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, որոնք ունեն մի քանի ուղղվածություն` գործարարության, տեխնոլոգիաների, ՓՄՁ-ների զարգացման, թվայնացման, Սյունիքի կամ Հայաստանի հարավային շրջանների զարգացման ուղղությամբ: Արդեն իսկ ծրագրի վերաբերյալ մեր պատկերացումները ներկայացրել ենք ԵՄ գործընկերներին և հույս ունենք առարկայական աշխատանք տանել դրանց իրականացման ուղղությամբ։ Այդ ծրագրերը պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ և այդ ծրագրերի մեկնարկը ներառված է հաջորդ տարվա բյուջեում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը և հավելել, որ հետպատերազմական շրջանը շատ ծանր էր: «Եթե ներքաղաքական իրադրության հետ կապված խնդիրները լուծեցինք, ապա արտաքին միջավայրի խնդիրները շարունակում են լարված լինել: Ընտրությունների միջոցով ներքին լարումները հաղթահարելու հետաքրքիր փորձառություն էր, դրանք ծառայեցին որպես խնդիրները կարգավորելու գործիք, իսկ նախկինում հիմնականում ընտրությունները դառնում էին ներքաղաքական լարվածության մեկնակետ։ Այս առումով, գոհունակությամբ պետք է նշեմ, որ հանրային հուզումների այն մթնոլորտը, որ ունեինք նոյեմբերից մինչև հունիս, լուծված է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` արտաքին միջավայրի հետ կապված խնդիրները բավականին բարդ են, և միջավայրը Հայաստանի շուրջ շարունակում է մնալ լարված: «Չնայած այս ամենին, մենք որդեգրել ենք մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը: Հասկանում ենք, որ խաղաղությունը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, սակայն միևնույն ժամանակ, մենք շարունակելու ենք այս ուղեգիծը»,- ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ ամեն օր տեղի են ունենում զարգացումներ, որոնց նպատակը հակառակն ապացուցելն է, սակայն Հայաստանը պիտի փորձի շարժվել այս ճանապարհով։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է. «Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք: Ըստ էության, այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա տեսանք հենց նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն, և դա շատ կարևոր է: Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, և դրա գագաթնակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ դարաշրջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական: Այս ճանապարհին կարևոր է վելուծել նախորդ շրջանը և ճիշտ հետևությունների գալ»:


Վարչապետը նկատել է, որ նախընտրական քարոզարշավն այսպիսի բաղադրիչ բավականաչափ պարունակել է, շատ է խոսվել տեղի ունեցածի մասին, բայց կան նրբություններ, որոնց մասին չի խոսվել: Կառավարության ղեկավարը կարևորել է անցած 30 տարիները վերլուծելը և հույս հայտնել, որ արդյունքում կկարողանանք նոր էջ բացել մեր պետության պատմության համար, որը կլինի շատ ավելի պոզիտիվ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձել է Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Իրանի հետ հարաբերություններին:

Վարչապետը նշել է, որ հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է իրականացնել աննախադեպ ծավալի` 350 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնք իրենց հերթին բերելու են նոր աշխատատեղեր: Լայն թափով շարունակվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկա հինգ տարիներին երկրում կառուցվելու կամ հիմնանորոգվելու են մի քանի հարյուր դպրոցներ ու մանկապարտեզներ, շարունակվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքները: «Մեր խնդիրն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ստեղծագործական ընդունակություններով սեփական բարեկեցությունը բարելավել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին երկու տասնամյակում առաջին անգամ փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` հանքարդյունաբերական ամենախոշոր ընկերությունում: «Հույս ունենք որ պետության փայաբաժինը ժամանակի հետ կավելանա: Սա ուղղակի փայաբաժնի առք ու վաճառք չէ, այլ մի մեծ ներդրումային ծրագիր է, որն իրականացվելու է կառավարության աջակցությամբ` մասնավոր ընկերության կողմից: Այսօր, երբ Հայաստանի արտահանման կառուցվածքն ուսումնասիրենք, կտեսնենք, որ մի հսկայական մասն ուղղակի խտանյութ է, որը հիմնականում արտահանվում է Եվրոպական միություն, որտեղ դրանից ձուլում են պղինձ: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի պղնձաձուլարան, ինչը նշանակում է հազարավոր աշխատատեղերի ստեղծում»,- ասել է վարչապետը` հավելելով, որ արդյունքում ՀՀ-ում կարտադրվի պղինձ: «Այս ներդրումային ծրագրի շրջանակում, տարբեր գնահատականներով, առաջիկա տարիներին մինչև 5 հազար աշխատատեղ կստեղծվի: Այդ հարցը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կառավարությունը փնտրում և գտնում է գործընկերներ, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր:

Ի պատասխան Իրանի հետ հարաբերությունների հարցին` կառավարության ղեկավարը նշել է. «Իրանի հետ ունենք ջերմ հարաբերություններ։ Նախագահ Ռայիսին պաշտոնը ստանձնել է 2021թ․ օգոստոսին, ես էլ ընտրություններից հետո պաշտոնս ստանձնել եմ օգոստոսին, և արդեն երկու անգամ հանդիպել ենք: Փաստ, որը ցույց է տալիս, թե ինչքան ենք կարևորում այդ հարաբերությունները: Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ-որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են, ու մենք երբեք չենք մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է «կյանքի ճանապարհ»։ Սա մի այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի դեմ:

Այլ բան, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ Ոչ միայն ՀՀ-ն, այլև աշխարհում շատ երկրներ կան, որ չունեն հնարավորություն` շրջանցել այս իրողությունը։ ՀՀ-ն երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չի մտնի, և դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ պետք չէ ասել: Հակառակը՝ մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Պարոն Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրանական ընկերություն, և խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել այն: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել գազ- էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Հանդիպումների ժամանակ առաջարկել եմ վերադառնանք կամ վերհիշենք, որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որը կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ, այլև ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում լուծվել է Իրանի հետ ունեցած երկարատև խնդիրներից մեկը` կապված դեպի Արաքս գետ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների հետ։ «Հարցն անընդհատ բարձրացվում էր, և ուրախ եմ արձանագրել, որ այն լուծվել է, որովհետև կոմբինատն անցել է փակ ցիկլի և արտանետումներ չի անում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի դեմս որի ունենք գործընկեր, արձագանքեց կառավարության հորդորներին, և սա մեզ հնարավորություն տվեց ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Փաշինյանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին:



«Տեսեք, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և՛ արտգործնախարարների մակարդակով, և՛ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, և կարող եմ ասել, որ մի քանի ագամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ «Ձեր կոնկրետ նշած հարցին կարող եմ տալ հետևյալ պատասխանը․ ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չէ: Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն՝ այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որևէ այլ բան այլ կերպ անել։

Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ, արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն։ Ինչ վերաբերում է վստահությանը, պարզ է, որ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում, և ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ
»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ՀՀ կառավարության գործունեության առանձին ուղղությունների և այլ հարցերի:

                                                               ***



Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է պաշտոնական ընթրիք:

Լիտվա պաշտոնական այցի առաջին օրվա վերջում ՀՀ վարչապետը իր լիտվացի գործընկերոջն է նվիրել Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգության" լիտվերեն աուդիո շքեղ հրատարակությունը,։   Այն հրատարակվել էր Լիտվայում  Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի ջանքերի շնորհիվ եւ  նվիրվել էր  ենք հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։