Հոկտեմբերի 3-ին, Բարսելոնա քաղաքում գտնվող Պեդրալբեսի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` ձեռամբ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի մատուցվեց Սուրբ Պատարագ:
Սրբազան հայրն իր քարոզում նախ հայ հավատացյալներին բացատրեց սուրբ խաչի խորհուրդն ասելով` խաչը սիրո, նվիրումի, զոհաբերության խորհրդանիշ է, այնուհետև հիշեցրեց տեղի հայությանը, որ մեզանից յուրաքանչյուրն ունի առաքելություն, հատկապես օտարության մեջ: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայի Հայ առաքելական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։
Սուրբ պատարագին իր մասնակցությունն էր բերում նաև Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:
Սուրբ Պատարագին ներկա էր նաև Իսպանիայում Հայաստանի Հանրապետության հարգարժան դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Արարողությանը ներկա էին տարբեր համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Հավարտ Սուրբ Պատարագի ձեռամբ Սրբազան Հայրերի կատարվեց սրբապատկերների օծման արարողություն:
Այնուհետև Սրբազան հայրերի առաջնորդությամբ, ներկա հավատացյալ հայորդիները ուղղորդվեցին դեպի վերոնշյալ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ, որը կանգնեցվել էր ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների` կատարելու համար խաչքարի օրհնության կարգ:
Սրբապատկերը հեղադրվել է և Խաչքարը կանգնեցվել է բարերարությամբ Մայիլյան ընտանիքի` ի մասնավորի Արման Մայիլյանի: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է.« Վերջապես իրականացավ վաղեմի երազանքներիցս եւս մեկը .Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա չքնաղ եկեղեցու բակում տեղադրվեց հրաշափառ խաչքար՝ նվիրված եղեռնի նահատակների հիշատակին ,ինչպես նաեւ եկեղեցու խորանը զարդարվեց հայ նկարիչների կողմից նկարված Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Տիրամոր հրաշք սրբապատկերներով»։
orer.eu