Հայաստանի ազգային գրադարանում քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող Ռուբեն Գալչյանի հանրային դասախոսության թեման էր 2020 թվականին իր հրատարակված «ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը։
Ռուբեն Գալչյանը ներկայացնելով գիրքը, նշեց. «Ներկա աշխատությունը ներառում է Կովկասի հարավում գոյություն ունեցող ամենակարևոր հակասություններն ու խնդիրները, որոնք հանրամատչելի կերպով ներկայացվում են ընթերցողին։ Սրանք կարևոր են, քանի որ հակասությունները, որոնց հեղինակները Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները և գիտնականներն են, ոչ մի ջանք ու գումար չեն խնայում տարածելու իրենց կեղծ տեսությունները՝ դրանք ներկայացնելով որպես իրողություն։
... Կցանկանայի պարզաբանել, որ գրքիս անգլերեն տարբերակը լույս է տեսել 2019 թվականին։ Այս աշխատությունը անգլերենից թարգմանություն չէ, այլ վերաշարադրում։ Գրքի տեքստը կրկին շարադրվել է ՝ այս անգամ հայերենով։ Հայերենում ավելացվել են մի քանի նոր պատկերներ, իսկ քարտեզների մի մասը փոփոխվել են»։Խոսելով գրքի մասին,ապա կարող ենք նշել,որ այստեղ ներկայացված են.Ակնարկ Հարավային Կովկասի պատմությանը,«Ադրբեջան» թյուրանվանումը,«Մեծ Հայք» և «Փոքր Հայք» անվանումները,Ադրբեջանի անունը, լեզուն և գիրը,«Հայկական բարձրավանդակ» կամ «Հայկական լեռնաշխարհ»,Ի՞նչ և ո՞րն է Անատոլիան,«Հյուսիսային», «Հարավային» և «Արևմտյան Ադրբեջան» անվանումները,Հայերի ներկայությունը Հարավային Կովկասում։
Միջոցառմանը զուգահեռ փոքր ցուցասրահում ներկայացված էին Ռուբեն Գալչյանի հեղինակած քարտեզները, քարտեզագրական նյութերն ու ալբոմները։Մի քանի խոսքով ներկայացնենք սիրված մտավորականի մասին:
Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում (Իրան), հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ փախել են Վանից՝ Հայաստանով, Վրաստանով, Ֆրանսիայով հասել են Իրան։ Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում՝ որպես էլեկտրոտեխնիկայի ճարտարագետ, որն ավարտել է 1963 թվականին։Աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներին, սակայն գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1976 թվականին նա ուներ իր քարտեզների առաջին հավաքածուն, որը 2013 թվականին նվիրել է Երևանի Մատենադարանին։ 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու։Այսպիսով՝ Կովկասից հարավ ընկած տարածքի քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող է։ Նրա հատուկ ուշադրության կենտրոնում են պատմական և ներկա Հայաստանի տարածքները։Գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում։ Դասախոսել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում, Հայաստանում և այլուր։ Գրում է անգլերեն, որոնք թարգմանվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և պարսկերեն լեզուներով։Հայաստանի ազգային գրադարանը բացառիկ հնարավորություն է ընձեռնում իր ընթերցողներին ներկա գտնվելու քարտեզագետի հանրային դասախոսությանը։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի