Սեպտեմբերի 10-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մեկնեց Բուլղարիա՝ Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրվան և Խաչվերացի տոնին նվիրված միջոցառումները հանդիսապետելու համար:
Բուրգասի հայոց եկեղեցին տեղի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Դեռևս 1673թ. Բուրգասում կառուցվել է Ս. Ստեփանոս անունը կրող մատուռ, որի մասին տեղեկություններ է հաղորդում Ղրիմի հայոց թեմի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոս Ղրիմեցին, որը դեպի Երուսաղեմ ճամփորդության ժամանակ հանգրվանել է Բուրգասում և Սուրբ Պատարագ մատուցել տեղի հայկական եկեղեցում: 1853թ. մատուռի տեղում կառուցվում է արդեն քարաշեն եկեղեցի և եկեղեցում պահվող Տիրոջ Խաչափայտի մասունքի անունով կոչվում Ս. Խաչ եկեղեցի: 1878թ., երբ Բուրգասն ազատագրվում է թուրքական լծից, հայկական եկեղեցի է այցելում ռուս գեներալ Լերմոնտովը, մասնակցում Պատարագին և հոգեհանգիստ պատվիրում պատերազմի ժամանակ զոհված հայ և բուլղար զինվորականների համար:
Եվ ահա պատմական այս եկեղեցում ս.թ. սեպտեմբերի 12-ին, կիրակի առավոտյան, 11:00-ին, ձեռամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի, սարկավագաց և դպրաց դասի, մատուցվեց հանդիսավոր պատարագ: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ հյուպատոս Սաթենիկ Զիրեկյանցը, տեղի եկեղեցական վարչության ատենապետ Սարգիս Կարաջյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ ու համայնքի անդամները:
Տաթև Սրբազանն իր պատգամը բերեց ներկա բարեպաշտ ժողովրդին, բացատրեց Խաչի խորհուրդը, խոսեց եկեղեցու դերակատարության և արդի մարտահրավերների մասին։ Վերջում իր շնորհակալությունը հայտնեց Բուլղար պետությանն ու իշխանություններին, ծուխի ատենապետին, ծխական խորհուրդի անդամներին, երգչախմբին, ներկա բարեպաշտ ժողովրդին, եկեղեցու բարերարներին և մաղթեց անձանձրույթ աշխատանք և Աստծո օգնականությունը` ի շահ Հայ Եկեղեցու և ի զորացումն տեղի հայ համայնքի:
Այնուհետև Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց Ս․ Հռիփսիմե կույսին պատկերող սրբապատկերի օրհնության ու օծման կարգ` նվիրաբերված համայնքի հավատավոր զավակ Պետրոս Ջանիկյանի կողմից, ապա օրհնվեց մատաղը և բաժանվեց ներկաներին։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան