Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

2021 թվականի սեպտեմբերի 18-ին Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցը սկսեց իր նոր ուսումնական տարին Կարլի համալսարանի նոր դասասենյակներում, որ այս անգամ փիլիսոփայության ֆակուլտետում են։ Դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նշելով, որ անցած մեկ տարին անցկացրել  են առցանց ուսուցում,   եւ  խոսեց Հայաստանի անկախության 30 ամյակի մասին։

Նա բեմ հրավիրեց  դպրոցի սաներին, որոնք հանդես եկան ելույթով՝  ասմունքով ու երգով  անդրադառնալով ոչ միայն հայոց լեզվին, այլեւ հայրենիքի ու  հայրենասիրության թեմաներին։ Այնուհետեւ հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանն անդրադարձավ հայերենի ուսուցման կարեւորությանը եւ 25-ամյա դպրոցի կատարած մեծ դերին, որ տարիներ շարունակ հայրենասիրություն է սերմանել  մեր երխաների մեջ, այդ թվում՝ իր թոռների, որոնք նույնպես հաճախել են այս դպրոցը։ Եվ այդ կրթությունը տվել է իր սերմերը՝   44-օրյա պատերազմի օրերին նրա  թոռը Մոսկվայից մեկնել է Հայաստան  եւ օգնություն բաժանել Արցախի  կարիքավոր փախստականներին։ Տիկին Լարիսան նաեւ կարեւորեց մայրենիի ուսուցման համար տարվող ջանքերը եւ հույս հայտնեց, որ ապագայում  հայրենիքը նույնպես կհաղթահարի առկա դժվարությունները։

Ներկաներին ողջունեց նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպանության 1-ին քարտուղար Անահիտ Կարապետյանը, նշելով, որ  անցած մեկ տարում շատ մեծ աշխատանք է կատարվել թե ուսուցիչների, եւ թե՛ ծնողների կողմից, որոնք կարողացել են ապահովել  առցանց  ուսուցումը։ Նա  նաեւ կարեւորեց  երեխաների հայեցի դաստիարակությունը ոչ միայն ընտանիքում, այլեւ՝ դպրոցում։ Անահիտ Կարապետյանը  շնորհավորեց նոր  ուսումնական տարվա  եւ Հայաստանի անկախության 30 ամյակի առիթով , եւ  նշեց, որ  այս տարի դեսպանությունը 30-ամյակը նշում է մշակութային միջոցառումներով, որոնց թվին են պատկանում  հոկտեմբեր ամսին Բռնոյում «Մորվավսկի պոդզիմ» երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվելիք հայկական օրերը, ինչպես նաեւ  հայ հայտնի երաժիշտ կատարողների ելույթները։

Վերջում ներկաներին շնորհավորեց նաեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը՝ կարեւորելով հայկական շաբաթօրյա դպրոցի դերը համայնքի կյանքում ու նոր սերնդի հայկական ինքնության պահպանության հարցում, կարեւորեց նաեւ հայ մամուլի դերը, այդ թվում՝ ՕՐԵՐ ամսագրի, եւ կոչ արեց ծնողներին եւ երեխաներին ամեն օր կարդալ հայերեն գրքեր ու մամուլ, եւ ակտիվորեն մասնակցել համայնքային մշակութային ձեռնարկներին։  Ներկա ուսուցիչները ստացան ՕՐԵՐ-ի նոր համարներ, եւ ըստ խմբագրի խոստման, առաջին կիսամյակից հետո լավագույն 5 աշակերտները կստանան ՕՐԵՐ-ի բաժանորդագրություն։

Նշենք նաեւ, որ այս տարի դպրոցում կդասավանդեն Ծովինար Բեյբությանը, Նազիկ Օթարյանը, Մարիամ Մագդեսյանը եւ Գոհար Մելիքյանը։ Պարի խմբակը կվարի Անժելա Մելքոնյանը։

Դպրոցում դասերը կանցկացվեն ամեն շաբաթ օր՝ ժամը 10-14-ը։

Տեղեկությունների համար դիմել դպրոցի տնօրեն  Գոհար Մելիքյանին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։ 

 

Orer.eu