Օրեր առաջ՝ սեպտեմբերի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «ՀՀ մարզերի շնորհալի երեխաների զարգացման ամառային երաժշտական դպրոց» վարպետաց դասընթացների ծրագրի եզրափակիչ գալա-համերգը:
Ծրագրի գաղափարը և նպատակը ծնունդ առավ այս տարեսկզբին՝ Հայաստանում և Գերմանիայում ապրող հայրենասեր անհատների նախաձեռնությամբ և արդեն ամռանն այս նախագծի առաջին փուլը հաջողվեց կյանքի կոչել: Այս նախաձեռնությանը միացան և իրենց ավանդը ունեցան Հայաստանում և արտերկրում ապրող հայ երաժիշտները:
Նախագծի մեջ իրենց գործուն ջանքերը միավորեցին Գերմանիայի Մյունխեն քաղաքում բնակվող խմբավար Արմինե Բաբայանը, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, Վիեննայում բնակվող Մարիամ-Մարգարյան Պետկովան, իսկ Երևանում ծրագիրը համակարգեց դաշնակահարուհի Աննա Ադամյանը:
ՀՀ մարզերից, Արցախից և Երևանից ներգրավված 11-18 տարեկան 12 երեխաներ և պատանիներ հնարավորություն ունեցան հուլիսի 17-ից մինչև սեպտեմբերի 12-ը մասնագիտական վարպետաց դասեր ստանալ ՀՀ առաջատար երաժիշտ-մասնագետների կողմից՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կիթառ, ֆլեյտա, կլառնետ, շեփոր և դասական երգ մասնագիտացումներով: Նախագիծն իր մեջ ընդգրկում էր անհատական մասնագիտական դասեր, օնլայն եղանակով խորհրդատվություններ արտերկրում ապրող երաժիշտների հետ, կամերային անսամբլի պարապմունքներ, գործիքների ձեռքբերում մասնակիցների համար, ճանաչողական էքսկուրսիաներ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ և Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, ժամանցային ծրագիր և եզրափակիչ համերգ:
Մարիամ Մարգարյան-Պետկովայի ջանքերով /eNikMa cultural association/ նախաձեռնությունը ձեռք է բերել 1 շեփոր և 1 կլարնետ, ինչպես նաև գնվել է 1 ֆլեյտա, փողային գործիքներ նվագող մասնակիցների համար:
Նախագծի շրջանակներում իրենց մասնագիտական արժեքավոր խորհուրդները մասնակիցներին են փոխանցել ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ Արամ Թալալյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Անահիտ Ներսեսյանը, ԵՊԿ պրոֆեսոր Նունե Բադալյանը, ԵՊԿ դասախոս, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի Ալինա Փահլևանյանը, ՀՊՄՀ դոցենտ, արվեստագիտության թեկնածու Աննա Ադամյանը, ԵՊԿ դասախոսներ Արմեն Մաիլյանը, Գևորգ Ավեստիսյանը, Հայկ Մանուկյանը, Հայաստանի սիմֆոնիկ և ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի արտիստ Ավետիք Ղազարյանը:
Նախագծի ամբողջ ընթացքում և եզրափակիչ համերգին մասնակիցներին իր հմուտ և բարձր պրոֆեսիոնալիզմով հագեցած նվագով աջակցել է կոնցերտմայստեր Տիգրան Մեսրոպյանը: Օնլայն եղանակով արտերկրից իրենց խորհրդատվությունն ու փորձն են երեխաներին փոխանցել ջութակահարուհի Մարիամ Մարգարյան-Պետկովան /Ավստրիա/, դաշնակահարուհի և մանկավարժ Գայանե Մացնելլերը /Ավստրիա/, թավջութակահար Միքայել Հախնազարյանը /Գերմանիա/, օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը /Գերմանիա/ և ֆլեյտահարուհի Մարիա Ֆեդոտովան /ՌԴ/:
Բացի մասնագիտական անհատական դասերից, մասնակիցներից ընտրված մի խումբ նաև ունեցել է կամերային անսամբլի պարապմունքներ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի ղեկավարությամբ: Եզրափակիչ համերգային երեկոյի ընթացքում Արամ Թալալյանի մասնակցությամբ հնչել են Բեթհովենի թիվ 8, մի բեմոլ մաժոռ դաշնամուրային տրիոյի առաջին /Հայկ Մարտիրոսյան, ջութակ, Սյուզաննա Մելումյան, դաշնամուր, Արամ Թալալյան, թավջութակ/, Հայդնի թիվ 1 լոնդոնյան տրոյի առաջին մասերը /Ալեքսանդրա Հայրապետյան, ջութակ, Վիկտորյա Պետրոսյան, ֆլեյտա, Արամ Թալալյան, թավջութակ/:
Եզրափակիչ համերգի ընթացքում կատարվել են հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ երեկոն եզրափակվել է Ալեքսեյ Հեքիմյանի ՛՛Բարի արագիլ՛՛ հանրահայտ և սիրված երգով, որի կատարմանը մասնակցել է նաև համերգի հատուկ հյուր Հայ Լաո կիթառահարների դուետը /Տիգրան և Վարդան Թադևոսյաններ/:
Հուսով ենք, այս գեղեցիկ նախաձեռնությունը կլինի շարունակական և իր նպաստը կբերի ազգային մշակույթի և կատարողական արվեստի զարգացման գործին:
orer.eu