Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Օրերս Լեհաստանի Սեյմի (Ազգային ժողովի) պատգամավոր Թոմաշ Օլիխվերը հերթական նիստի ժամանակ իր ելույթի ընթացքում  ընթերցել է Լեհաստանի հայկական կազմակերպություններից ստացված նամակը և անդրադարձել է հայ  ռազմագերիների վերադարձի խնդրին։

 Լեհաստանում մի շարք հայկական կազմակերպությունների անունից Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանի Լեհաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Էլիժբետա Վիտեկին ուղղված նամակում դատապարտվում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական ազատազարկումը  և Բաքվի իշխանություններից պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին։

 Պատգամավոր Թոմաշ Օլիխվերի կողմից ընթերցված հատվածում ասվում է, որ չնայած ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում դեռևս պահպանվում է անկայուն և լարված իրավիճակ։ Այս պահի դրությամբ ամենակարևոր հարցերից է հակամարտության ընթացքում և դրա պաշտոնական դադարեցումից հետո հայ գերիների ճակատագրերը և նրանց շուտափույթ վերադարձը հայրենիք։ Բաքվի իշխանությունները միտումնավոր կեղծել և շարունակում են կեղծել տեղեկատվությունը հայ բանտարկյալների մասին, ինչպես նաև օգտագործում են այս հարցը բանակցային որոշակի առավելություններ ստանալու համար: Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ շատ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև կանայք, որոնք առաջին հերթին պետք է ազատ արձակվեին, մնում են բանտարկված:

Հայկական կողմը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործում է ստրկության,  թրաֆիքինգի և այլ հանցավոր նպատակների համար: Այս կասկածներն արդարացված են սոցիալական լրատվամիջոցների հարթակներում տարածված բազմաթիվ տեսանյութերով, որոնք ցույց են տալիս հայ գերիների նկատմամբ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, ներառյալ խեղում և գլխատում:

Նամակում անդրադարձ է կատարվել նաև առ այն, որ Եվրախորհրդարանի մի խումբ լեհ պատգամավորներ դեմ են քվեարկել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու բանաձևի նախագծին:

Լեհահայ համայնքը հույս ունի, որ ադրբեջանական կողմի սադրիչ ու պախարակելի գործողությունները խստորեն կդատապարտվեն նաև Լեհաստանի իշխանությունների և խորհրդարանի կողմից:

 

orer.eu