Հուլիսի 9-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ բանասեր, մանկավարժ Գեղեցիկ Մարգարյանի «Ժամանակի երկու կողմերում» գրքի շնորհանդեսը: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, գրականագետներ, արվեստագետներ հասարակական գործիչներ, ընթերցասեր հասարակություն՝ ծանոթանալու սիրված բանասերի հերթական հրատարակությանը։
Միջոցառման սկզբում նախ բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը: Այնուհետև Գեղեցիկ Մարգարյանը ներկայացրեց օրվա բանախոսներին եւ երեկույթի ծրագիրը: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի համակարգող Ժասմինա Մխիթարյանը: Ներկայացնելով հյուրին՝ նա շնորհավորեց գրքի հրատարակության առիթով և նշեց, որ միությունը մշտապես պատրաստ է ներկայացնել նրա նոր հրատարակությունները՝ընթերցողներին ծանոթացնելով մեր նորագույն գրականությանը:
Շնորհանդեսի ընթացքում գրքի մասին խոսեցին ու բանաստեղծուհուն իրենց սրտի խոսքերն ուղղեցին սիրված մտավորական, ազատամարտիկ-գրող Հովիկ Վարդումյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը, «Դար» հիմնադրամի հրատարակչության տնօրեն Վարդան Բաղդասարյանը, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Թադևոս Տոնոյանը, գրականագետ, դոկտոր ԵՊՀ պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը, բանասերներ Ռոբերտ Սանթրոսյանը, Մարտիկ Իսկուդարյանը:
Իր ելույթի ընթացքում Գեղեցիկ Մարգարյանն ընթերցեց բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Անդրանիկ Այվազյանի խոսքը: Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Արգիշտի Մկրտչյանը՝ կիթառ, Տաթև Հակոբյանը՝ քանոն, երգերի անզուգական կատարումով հանդես եկավ Ռիմմա Սողոմոնյանը: Տաթև Ավագյանն ընթերցեց «Ժամանակի երկու կողմերում» գրքի բանաստեղծություններից: Պարային համարներով հանդես եկան Սյուզի Ղազարյանն ու Ալինա Հովսեփյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց մի տեսանյութ, որտեղ Ջիվան Սարգսյանն ասմունքեց Գեղեցիկ Մարգարյանի բանաստեղծություններից՝ ներկաներին համակելով հայրենասիրության ու համախմբվելու զգացումով: Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Գեղեցիկ Մարգարյանն, ով շնորհակալություն հայտնեց Էդիթ պրինտ հրատարակչությանը, գրքի հրատարակման աջակիցներին, ընթերցողին, Նարեկացի արվեստի միությանը։
Բանասեր Գեղեցիկ Մարգարյանը ծնվել է Հայաստանի Շիրակի մարզի Կապս գյուղում: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ավարտել նույն բուհի ասպիրանտուրան «Ընդհանուր լեզվաբանություն» մասնագիտությամբ: Ներկայում դասավանդում է Երևանի պետական հումանիտար քոլեջում, Հայերենագիտության և մանկավարժության ամբիոնի վարիչն է: 2019թ.-ին հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին՝ «Քամիներից…» ժողովածուն, 2020 թվականին լույս է տեսել «Թույլ տուր …» գիրքը, որը նա նվիրել է իր ուսուցիչ, լեզվափիլիսոփա Էդվարդ Աթայանին: Ինչ վերաբերում է «Ժամանակի երկու կողմերում» գրքին՝ ապա նշենք, որ սա հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է, որը ներառում է 3 խորագիր՝ «Աչքերս են քեզ գրում...», «Նվիրումներ», «Սրտիս միջով անցավ...»:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին տեղի էր ունեցել Գեղեցիկ Մարգարյանի « Խրամատներով դեպի լույս …» գրքի շնորհանդեսը, որը իրապատումների շարք է՝ նվիրված Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմում անմահացած կամ պատերազմի բովով անցած հայորդիներին։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի