Հայաստանի Հանրապետության Լեզվի պետական կոմիտեն զգուշացնում է «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։
Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։
Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։
Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է»։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը այցելել էր Ոստիկանության Երեւանի պարեկային ծառայության գունդ, որտեղ պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ նա ներկա է գտնվել շարային ստուգատեսին: Այսօր արդեն համացանցում հայտնվել են առաջին տեսանյութերը, թե ինչպես են պարեկները անկանոն եւ ոչ վարպետորեն կարգավորում ճանապարհային երթեւկությունը։ Քննադատության է արժանացել նաեւ մեքենաների ձեւավորումը։
Ըստ արդարադատության նախարարության, գործարկված Պարեկային ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության Պարեկապահակային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը։ Պարեկներն ունեն նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների հագեցվածություն:
Հիշեցնենք, որ թեմայի վերաբերյալ պարզաբանում էր տարածել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, որում ասվում էր․ «Հնգամսյա թիրախային և միջազգային լավագույն փորձի հիման վրա կրթություն ստացած մեր երիտասարդներն այսօրվանից երևանաբնակ մեր քաղաքացիներին ներկայանալու են բարեվարք և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերպարով։
Խոստովանեմ, սպասելիքը, որ մեր քաղաքացիները ոգևորությամբ են դիմավորելու նոր պարեկներին, արդարացավ։ Սակայն քաջալերող խոսքերի կողքին հնչեցին նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտահոգություններ, որոնցից երեքին այս պահին կուզենայի անդրադառնալ։
Ինչո՞ւ է ավտոմեքենայի վրա տրանսլիտով գրված POLICE/PATROL։
Ինչո՞ւ էր քաղաքի որոշ հատվածներում այսօր խցանում։
Պարզ է չէ՞ բոլորիս համար, որ Երևանում խցանումների խնդիրն այսօր չառաջացավ ու հենց այսօր էլ այդ խնդիրը չի լուծվելու։ Հավատացնում եմ Ձեզ, որ առաջին օրով գերպատասխանատվությամբ ծառայության դուրս եկած մեր պարեկների համար ևս հեշտ օր չի եղել ու նրանք, ուժերի ներածին չափով, փորձել են նաև ոչ իրենց գործառույթներով պայմանավորված խնդիրը հնարավորինս կարգավորել։ Բայց կարևոր է, որ առաջին իսկ օրվանից մենք հետևողական հավաքագրելու ենք բոլոր խնդիրները, որոնց լուծման համար անգամ ծառայության մեկնարկին զուգահեռ այս օրերին անցկացվելու են ադապտացիոն սցենարային վերապատրաստումներ՝ հանրությանը մատուցվող ծառայության որակն ամեն օր ավելի լավը դարձնելու համար։
Ինչո՞ւ է ընտրվել հենց այս լոգոն։
Լոգոյի ընտրության համար Ոստիկանության կողմից հայտարարված մրցույթին տարբեր առաջարկներ են եղել․ ընտրվել է այս տարբերակը։ Բայց, եթե հանրային կարծիքներն ուսումնասիրելուց հետո լոգոն փոխելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կվերանայենք»։
orer.eu