Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպես հայտնոմւ են ՀՀ կառավարությունից, պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին այսօր հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո:

 

 ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հանդես են եկել հայտարարություններով:

***

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հայտարարությունը

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, ողջունում եմ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Հանձնակատարի հետ երեկ աշխատանքային արդյունավետ առանձնազրույց ենք ունեցել, որին հաջորդեց այսօր տեղի ունեցած կառուցողական հանդիպումը Վարչապետի և Հանձնակատարի միջև: Այցի ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։

Անդրադարձել ենք 2020թ. ընթացքում ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը երախտապարտ է Եվրոպական միությանը թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար։

Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանն ուղղված մեր հետագա գործողությունները։

Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Չնայած Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ մեր երկիրը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին:
Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը։ Այս համատեքստում, անպայման պետք է անդրադառնամ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու կարևորությանը։ Ինչպես տեղյակ եք, իմ նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքում մենք արդեն իսկ ունենք Համաձայնագրի կիրարկմանն ուղղված ամբողջական հաստատված ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից: Ինչպես բազմիցս ընդգծել ենք, Համաձայնագիրը մեր բարեփոխումների օրակարգի կարևորագույն հիմնասյուներից մեկն է:  Ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ կրթություն և գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանվածություն, ենթակառուցվածքներ, տնտեսություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլ ոլորտներ:

Վերահաստատելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, վստահ եմ, մեծ դեր կունենա նաև այս բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում:

Քննարկումների ընթացքում անշուշտ անդրադարձել ենք նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը: Ինչպես գիտեք Արևելյան գործընկերությունը թևակոխում է համագործակցության նոր 5-ամյա փուլ, որի շրջանակներում պլանավորել ենք մեծածավալ ծրագրեր: Այս առումով ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1,6 մլրդ. եվրո արժողությամբ աջակցության հանձնառության համար: Գիտակցում ենք, որ ԵՄ-ն ըստ արժանվույն է գնահատում Հայաստանի գրանցած առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում, և դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենալայնածավալ աջակցություն ստացած երկիրն է:

Նշենք, որ աջակցությունը ուղղվելու է Կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած հինգ առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը:

Կարևոր ենք համարում շեշտել, որ Արևելյան գործընկերության շրջանակում պլանավորված համագործակցությունից զատ, մենք ամփոփում ենք նաև 2021-2027 թվականների մեր երկկողմ տարեկան ծրագրերի շրջանակը, որտեղ նախատեսել ենք միջոցառումներ, որոնք առնչվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմադրողականության բարձրացմանը, կայուն և համաչափ զարգացմանը, կենսական ենթակառուցվածքների արդիականացմանը, ժողովրդավար և թափանցիկ կառավարմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղությունների:

Հանձնակատարի հետ քննարկումներում կարևորել ենք նաև մարդկանց միջև շփումների խթանումը: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել ենք, որ Հայաստանը խիստ շահագրգռված է մեկնարկել ԵՄ հետ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը։

Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերընթաց զարգացումը՝ հիմնվելով համամարդկային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա:

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը:

Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: «Հայաստանը նույնպիսի հետաքրքրվածությամբ է տոգորված զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամից հետո մեր երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: «Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր: Այսպիսով մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից շարունակվում է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցության պատրաստակամությունը վառ կերպով արտահայտվել. ծրագրերը միտված են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղաքացու` որպես ինստիտուտի կայացմանը: «Բարձր ենք գնահատում Եվրամիության կողմից Հայաստանի առաջընթացին ուղղված ծրագրերի շոշափելի փաթեթը, ինչը գնահատում ենք որպես Հայաստանում տեղի ունեցող անշրջելի ժողովրդավարական պրոցեսներին արձագանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Օլիվեր Վարհեին հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամն ավարտվում է և կարող են կողմերը սկսել հետճգանաժամային ապագային միտված ծրագրերի իրականացումը: «Մենք ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսության վերականգնմանը: Առանց ջանք խնայելու պատրաստ ենք Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ աննախադեպ կերպով նպաստել Ձեր երկրի տնտեսական և սոցիալական վերականգնմանը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը՝ ընդգծելով, որ հայկական կողմի հետ առաջիկայում աշխատելու են տնտեսական և ներդրումային ծավալուն ծրագրերի ուղղությամբ՝ ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների շրջանակում: Պարոն Վարհեին նշել է, որ Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղությունների՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն: «Մենք կարող ենք այս խոշոր ներդրումներով մեծ բան փոխել: Սրանք ազդեցիկ ու մասշտաբային ծրագրեր են, որոնք կարող ենք համատեղ դարձնել իրականությունը»,- ասել է Օլվեր Վարհեին:

Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, փոխկապակցվածությանը հասնելուն, տնտեսական ինտեգրմանը: Պարոն Վարհեին հավելել է, որ ԵՄ-ն նոր ծրագրերով նպաստելու է նաև 44-օրյա պատերազմի տուժած շրջանների վերականգնմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրին հատկացվող խոշոր ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը և հավելել, որ Արևելյան գործընկերության ծրագրի առաջիկա գագաթնաժողովը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացի, GSP+ համակարգի հետագա գործակցությունն ապահովելու առումով:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կարևորել հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը և բարձր գնահատել նախընտրական շրջանում 15 գերիների վերադարձի գործում Եվրամիության, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հումանիտար բնույթի քայլերի իրականացմանը և կարևորել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ջանքերը:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող խոշոր փաթեթը ՀՀ կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում:

orer.eu