Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Արցախի Խրամորթ համայնքի դպրոցը կվերանորոգվի ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համատեղ նախաձեռնությամբ

Բրյուսել, 09 Հուլիս 2021 - ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համատեղ ջանքերով հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար: Կկատարվեն ներքին և արտաքին վերանորոգման աշխատանքներ, կկառուցվեն նոր սանհանգույց և ժամանակակից, տեխնիկապես հագեցած ճաշարան։ Կկահավորվեն և կարդիականացվեն դասասենյակներ՝ վերածվելով համագործակցային դասասենյակների։ Կտեղադրվի նոր ջեռուցման համակարգ։
 
Նախագիծը կիրականացվի «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցաբար: Վերջին ամիսներին Խրամորթ գյուղում բնակություն են հաստատել նաև Հադրութի շրջանից ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տեղահանված ընտանիքներ:
 
«Երկարօրյա դպրոց» ծրագրի նպատակն է բարելավել միջնակարգ կրթության որակը Արցախում, հնարավորինս վերացնել ծնողների կողմից տնային աշխատանքի հարցում երեխաներին տրամադրվող օգության անհավասար պայմանները, ստեղծել շփվելու և աշխատանքի նոր հնարավորություններ, ապահովել որակյալ, հավասարակշռված սննդակարգ աշակերտների համար, հաղթահարել զարգացման անհավասարությունը գյուղական և քաղաքային վայրերի միջև և Արցախի շրջաններն ավելի հրապուրիչ դարձնել քաղաքային բնակավայրերի բնակչության համար։   
 
Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը հավելեց. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմից հետո կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ: Մեր պարտքն ենք համարում նպաստել դրան և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ