Օրերս Հայաստանից վերադարձավ Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ով չեխահայության կողմից կատարված հետպատերազմյան վերջին հանգանակության 21 800 դոլար գումարը, որը անհատների միջոցով փոխանցվել էր Մայր Աթոռի սոցիալական ծառայությանը, բաժանեց 44 օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինվորներին։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում հայտնեց Հայր Սուրբը, ծխական խորհրդի որոշմամբ որոշվել էր այդ գումարները անձնամբ բաժանել վիրավորներին, որպեսզի հավաստի լինի, որ օգնությունը տեղ է հասել։
Այդ գումարից 500 դոլար փոխանցվել է Պրահայի «Տուր ինձ հույս» կազմակերպությանը, որն զբաղվում էր հայ զինվորների պրոթեզավորման ծրագրով։ Մնացյալ գումարը բաժանվել է Հայաստանի Մասյացոտնի թեմում, Տավուշի թեմում, Գուգարաց թեմում եւ «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում։ Թեմերի մոտ 30 զինվորների տրվել է 500-ական դոլար, մնացյալ 5000 դոլարը բաժանվել է վերականգնողական կենտրոնում 20 զինվորի 125 հազար դրամի չափով, իսկ մնացած 75 հազար դրամը տրվել է եւս մեկ զինվորի։ Բոլոր բաժանված գումարների մասին ստացվել են տեղեկանքներ եւ այդ արխիվը գտնվում է եկեղեցում։ Զինվորներին գումարի հետ մեկտեղ բաժանվել են նաեւ Աստվածաշունչ եւ փայտե խաչեր։ «Մեր զինվորները շնորհակալությամբ ընդունեցին չեխահայերի աջակցությունը, եւ ինձ զարմացրեց անդամահատված մեր եղբայրների ներքին ուժն ու ոգին, կյանք մտնելու ու արարելու ցանկությունը»,_ասաց Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։
Հայր Բարսեղը տեղեկացրեց նաեւ, որ Մայր Աթոռից ստացվել է Վեհափառ Հայրապետի օրհնության եւ գնահատանքի խոսքը՝ չեխահայության ցույց տված օգնության առիթով։
orer.eu