Իմ խոնարհումը ձեզ, որ պատերազմից հետո ոչ միայն չծնկեցիք, չկոտրվեցիք, ձեր մեջ ուժ գտաք, չհրաժարվեցիք Հայաստանի մասին ձեր երազանքից, մեզ ուժ տվեցիք եւ թույլ չտվեցիք, որ մեր ուսերից վայր ընկնի մեր բաժին խաչը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Հանրապետության հրապարակում Հանրապետության hրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Միասին մենք անցանք դժոխքի միջով եւ միայն այն բանի շնորհիվ, որ այդ ողջ ընթացքում մեզ հետ էիք, մեր կողքին էիք, մեր դիմացը, մեր հետեւում, որի շնորհիվ մեզ չկերան սատանաներն ու դեւերը: Եղան նաեւ այնպիսիք, որոնց հավատը սասանվեց, կասկածներ առաջացան, թե արդյո՞ք ճիշտ էին, որ մասնակցում էին 2018 թվականի հեղափոխությանը, դիմում եմ նրանց եւ ասում, որ ընդունում եմ մարտահրավերը»,- ասաց Միրզոյանը եւ հիշեցրեց երեք տարիների ընթացքում նրանց կատարած փոփոխությունները:
Նա նշեց, թե որոշներն իրենց կատարած փոփոխությունները համարում են ապիկարություն. «Համարձակվում են ասել, որ իրենք՝ նախկինները, ավելի լավ էին կառավարում։ Նրանք էլ ունեին նման տպավորիչ ցուցանիշներ, միայն թե այդ ցուցանիշները վերաբերում էին միայն իրենց անձնական գույքին եւ դրամական միջոցներին»։
news.am