ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ընտրություններին ընդառաջ տեսաուղերձով դիմելով ժողովրդին, ասել է, որ հավատում է նրա ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ունակությանը:
«Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք»,-ասել է նա:
Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է, որ երկիրը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ ընտրություն կատարել պետականության կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև:
Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը:
«Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերը ասելիք և անելիք չունեն: Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար: Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց վարչական, ֆինանսական, լրատվական և քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից:
Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկի օգտին, ըստ էության, մասնակից կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը:
Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը: Ելքը միակն է՝ ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը»,-ասել է առաջին նախագահը:
Նա հավելել է, որ քարոզարշավի ընթացքում ՀԱԿ-ը լիովին կատարել է այդ դերը և այսուհետև էլ, նոր ձևավորվելիք խորհրդարանում, պատրաստ է շարունակել այն՝ ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։