Ընդամենը մեկ օրից կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանը, մեկ օր կունենանք լուռ խորհելու, մտորելու, անցյալը արժևորելու, ապագայի մեր ծրագրերը նախանշելու և որևէ քաղաքական միավորի հետ ապագայի հույսեր կապելով կգնանք ընտրատեղամասեր։ Յուրաքանչյուրս, երբ կմոտենանք քվեատուփին ընտրություն կատարելու համար, պարտավոր ենք մի պահ կանգ առնել, մտովի հիշել Հայաստանը, Արցախը, մեր հոգսերը, դժվարությունները, մեզ պատուհասած աղետալի իրադարձությունները ու նոր միայն քվեարկություն կատարել։
Ձեզանից շատերը սրտատրոփ սպասում են այն պահին, երբ քվեարկությամբ փակելու ենք անցյալի կորստաբեր էջը, սկիզբ դնելու ապագային, նոր ծագող հույսերին, ազգային վերածննդին։
Ընդամենը վեց ամիս առաջ մենք բոլորս շփոթված էինք, մոլորված, լքված, շատերս անհույս, հիմա՝ լեցուն ենք հավատով և լիահույս ենք ապագայի նկատմամբ, անհամբեր ենք ականատեսը լինելու երկրի վերկանգմանը և վերածննդին։
Յուրաքանչյուրս մեր հույսերը կապում ենք որևէ քաղաքական ուժի, գործչի նրա առաջ քաշած ծրագրերի հետ։ ՈՒզում ենք հավատալ նախընտարական խոստումներին, հավաստիացումներին։
Նախընտրական շրջանում հետևում էի հիմնական քաղաքական ուժերի քարոզարշավին, և այդ հորձանուտում, ավաղ, ոչինչ չասող խոսքերը, խոստումների շռայլումները, քաղաքական դիլետանտիզմը և աղմուկը շատ էր։
Նորովի հետաքրքիր էր իմ նախընտրած քաղաքական միավորման և նրա առաջնորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը։ «Հայաստան» դաշինքը հանրությանը ներկայացավ որպես փորձի և երիտասարդության համադրում, երբ ակնհայտ է, որ հիմք է դրվում քաղաքական սերնդափոխության։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հասարակության ամենալայն շերտերի, մասնագիտական հանրույթների առջև՝ ներկայացնելով ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ հստակ մոտեցումներ և հնարավոր լուծումների մասին սեփական պատկերացումները: Նա ընտրեց մարդկային պարզ, անմիջական, անկեղծ շփումը, ինչը կարճ ժամանակում տվեց իր արդյունքները՝ տարիների աղմուկի մեջ խլացված ազնիվ խոսքը, գործնական մոտեցումները լսելի եղան, հասարակությունը վարակվեց օրնիբուն աշխատելու, օր առաջ հայրենիքի վերածնունդը տեսնելու ցանկությամբ, հիմք դրվեց ապագա իշխանությունների և հասարակության միջև երկխոսությանը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ստացվեց: Հասարակության գերակշիռ մասը ականջալուր եղավ նրան, սկսեց ապրել երկրի խնդիրներով, կարևոր ազդակներ հաղորդեց ապագա կառավարությանը: Ի դերև ելան տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի մասին տարածված ստերն ու կեղծիքները, կոտրվեցին հասարակությունում արմատավորված բազմաթիվ կարծրատիտիպերը: Հասարակության մեջ էյֆորիկ ընտրազանգվածը ակնհայտ կրճատվեց, մարդիկ սկսեցին վերադառնալ դառը իրականություն: Կարևորվեց անվտանգության, տնտեսության, սոցիալական ապահովության, գյուղատնեսության, կրթության, մշակույթի, արտաքին քաղաքական առաջնահերթ խնդիրների գործնական արդյունավետ լուծումների անհրաժեշտությունը, նախանշվեց ապագայում այս խնդիրների լուծման մոտեցումները: Յուրաքանչյուրս Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործելակերպից խանդավառվեցինք ու լցվեցինք հույսով և հավատով:
Երկու օրից ընտրելու ենք նոր խորհրդարան, որը պետք է ձևավորի կառավարություն առաջիկա հինգ տարիների համար: Այդ տարիները նորագույն պատմության համար լինելիության ժամանակներ են դառնալու, ուստի չեմ ցանկանում անգամ մտածել, թե ի՞նչ կլինի, եթե հույզերը գերակայեն առողջ դատողությանը, առաջարկված գործնական, կոնկրետ ծրագրերին: Անշուշտ ապրում ենք ծանր շրջան և մեր պատասխանատվությունը առավել մեծ է, քան երբևէ:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վստահությունս ձևավորվել է իմ քաղաքական գործունեության և նրա հետ համատեղ աշխատանքի արդյունքում, երբ հաջողվել է կյանքի կոչել կրթական բարեփոխումները, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրները: Հաղորդակից եմ եղել քաղաքական լայնախոհ, հավասարակշիռ, գործնական ղեկավարի մոտեցումներին, մշտապես ունեցել ենք գործելու հզոր պատվար, և պատահական չէ, որ պետությանը հաջողվել է բոլոր ոլորտներում արձանագրել ծանրակշիռ հաջողություններ:
Այս տեսլականով էլ մոտենանք բարդագույն խնդիրների լուծմանը, և առաջին քայլը պետք է կատարի մեզանից յուրաքանչյուրը՝ աջակցելով «Հայաստան» դաշինքի և Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծրագրերին, դրանով իսկ՝ Հայաստանի Հանրապետությանը:
Սերգո Երիցյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ ԿԳՆ նախկին նախարար
ՀՀ նախագահի նախկին խորհրդական
ՀՀ ԱԺ երկու գումարումների պատգամավոր
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ
orer.eu