Մայիսի 27ին առավոտյան հայ զինվորների գերեվարման առնչությամբ հայտարարություններ են տարածել ՀՀ արտգործնախարարությունը եւ ՀՀ մարդու իրվաունքների պաշտպանը։
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն:
ՀՀ մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանի հայտարարությունը
Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։
Ահազանգով նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի այդ գործողություններն է՛լ ավելի են լարվածություն առաջացրել գյուղում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի անմիջական հարևանությամբ: Միջադեպը լարվածություն է առաջացրել նաև գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում: Այս ամենը հաստատվել է նաև համայնքի ղեկավարի կողմից:
Նշված միջադեպի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել զանգվածային լրատվության միջոցներում:
Արձանագրվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 6 ծառայողներ թիվ N զորամասի պահպանության տարածքում կատարելիս են եղել ինժեներական աշխատանքներ, ում ադրբեջանական զինծառայողները շրջափակվել և գերեվարվել են:
Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքների արդյունքներով արդեն մի քանի անգամ արձանագրել է, որ ադրբեջանական զինվորականները մայիսի 12-ից սկսած, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, անօրինական առաջ են եկել Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Արձանագրվել են ադրբեջանական զինվորականների՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր գործողությունները (Սյունիքում ու Գեղարքունիքում զենքով սպառնալիքներ հովիվներին, կրակողներ գյուղերի անմիջական հարևանությամբ և այլն):
ՀՀ քաղաքացիական բնակավայրի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած՝ ադրբեջանական զինված ուժերի այսօրվա արարքները լրջորեն վտանգում են ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:
ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինծառայողների նման պարբերական սադրանքներ ու իրավունքների խախտումներ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո` մայիսի 12-ից առաջ (տեղ են գտած զեկույցներում ու հաղորդումներում):
Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:
Նշվածը լրացուցիչ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էլ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:
ԳՇ պետը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ:
Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ նախագահի, պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:
Նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության խիստ արձագանքին՝ նախագահն ասել է, որ շարունակելու է բարձրացնել հարցը միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:
Մարդու իրավունքների Եվրոպական դաատարանում
Գերեվարված 6 հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։ Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ]