Հայրենակիցնե՛ր,
Արձագանքելով հանրության պահանջին՝ համախմբվել Զինված ուժերի շուրջ, միասնական ուժերով ուղղել բանակի մեջքն ու բոլոր հնարավոր միջոցներով աջակցել հայ զինվորին, սահմանում կանգնած աշխարհազորին ու կամավորներին՝ նախ հայտարարում ենք, որ մայիսի 27-ի առավոտյան սահմանին 6 հայ զինծառայողների գերևարումն Ադրբեջանի կողմից սադրանք է, որն արվում է Հայաստանն աշխարհաքաղաքական լարվածության կիզակետի վերածելու նպատակով:
«5165» շարժման անդամները երեկ Սյունիքի պաշտպանական դիրքեր կատարած այցի արդյունքում արձանագրել են, որ թեև հայ զինվորի ոգին անկոտրում է, սակայն սահմանային վիճակն իրոք օրհասական է։ Կա պաշտպանական միջոցների և զորքի նյութատեխնիկական ապահովվածության լուրջ խնդիր, որը, մեր համոզմամբ, այս պահին ոչ այնքան նյութական սղության, որքան կազմակերպչական հմտությունների ու իշխանությունների քաղաքական կամքի բացակայության հետևաքն է։
Մենք միանում ենք հանրության պահանջին՝ հավաքել բոլոր քաղաքական ուժերին և ՀՀ Պաշտպանության նախարարությանը խորհրդակցության սեղանի շուրջ՝ ստեղծված իրավիճակից արագ ելքեր գտնելու համար: Մենք համոզված ենք, որ կա հնարավորություն երկրի ներուժը համախմբելու և սահմանների պաշտպանության անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար:
Պատրաստ ենք առաջին իսկ արձագանքի դեպքում անմիջապես հանդիպել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ։
Համախմբվենք հանուն հայի ու Հայաստանի