ԹԵՐԹ․ԱՄ, 21մայիս 2021թ․
Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ իրենց համար ինչպես դեռևս նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան բացարձակապես ընդունելի չէ, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայկական տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ է այդպիսին։
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանական զինված ուժեր տեղակայվելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վերաբերյալ հայտնի դարձած եռակողմ համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Նա նշեց՝ դա ասում է Գերմանիայում գործող և իր կողմից ղեկավարվող և նաև անդամակցող կազմակերպությունների անունից։
«Մենք նոյեմբերի 9-ից հետո՝ անմիջապես հաջորդ օրը, հայտարարությամբ ենք հանդես եկել, որ չենք ընդունում այդ փաստաթուղթը, տերն ենք մեր արժեքների, մեր հողերի, մեր հայրենիքի»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերն իրենց համար ընդունելի չեն և երբևէ լեգիտիմ կոչվել չեն կարող։
Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ նմանատիպ հարցերի լուծումը միայն ՀՀ ղեկավարին չի տրվել։ «Հայաստանի և հողերի հետ կապված հարցերի լուծումը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, և որևիցե պաշտոնյա իրավունք չունի, նաև առանց սփյուռքի հետ հարցի հետ կապված պայմանավորվածություն ունենալու, դրանք լուծել։ Այսինքն՝ ցանկացած սահմանային հարց վերաբերում է և՛ Ավստրալիայում, և՛ Արգենտինայում, և՛ Գերմանիայում ապրող հային։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն իրավունք ունեն որոշելու, թե այս կամ այն գործարանը Դիլիջանո՞ւմ են կառուցելու, Երևանո՞ւմ, թե՞ Կապանում։ Բայց ինչ վերաբերում է հայկական հողերին, ապա դրանց վերաբերյալ որոշումներ նրանք իրավասություն չունեն միայնակ կայացնելու, դա ազգային հարց է, և վերաբերում է բոլոր հայերին»,- ասաց նա։
Ազատ Օրդուխանյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած ցանկացած փաստաթուղթ հիմա լեգիտիմ չէ, զրո արժեք ունի։
«Նա այսօր կարող է բազմաթիվ փաստաթղթեր ստորագրել, բայց եթե մենք՝ որպես հայ ժողովուրդ, հայ ազգ, չենք ընդունում դա, ապա դա մնալու է իր կուսակցության, իր ճակատին որպես խարան։ Դա անընդունելի է։ Ես ինքս Սուրմալուի գավառի Կողբ գյուղից եմ, երբևիցե չեմ համաձայնել այդ մտքի հետ, որ դա թուրքական տարածք է, ուշ թե շուտ, լինի 100, 1000, թե 5000 տարի, այդ տարածքները մերն են լինելու, դրանք մեր հողերն են, մեր հայրենիքն են, մեր տունն ու տեղն են։ Կարող են այդ պաշտոնյաներն ինչ ուզում են, ստորագրեն, բայց իրականությունից դա հեռու մի բան է լինելու։ Ես վստահ եմ, որ Փաշինյանին ստիպում են, և ինքը կգնա ստորագրելու քայլին, սակայն ճիշտ, ազնիվ կլիներ, որ նա շպրտեր մի կողմ իր կնիքը, իր պաշտոնը և դուրս գար քաղաքականությունից, ավելի օգնած կլիներ դրանով մեր ժողովրդին»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի եռակողմ համաձայնագիրը 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց․«Այսօր լսել Նիկոլ Փաշինյանի ասածները, նշանակում է լսել Գյուլնազ տատի հեքիաթները և հավատալ դրանց։ Իր ասածները շատ ենք լսել։ Ճիշտ կլիներ, որ մարդավարի ներողություն խնդրեր մեր ժողովրդից, թողներ, հեռանար»,- ասաց նա։
Մեկ այլ դիտարկման էլ, թե Նիկոլ Փաշինյանը նաև ասում է, որ այդ փաստաթղթի շնորհիվ տարածաշրջանում երկարատև խաղաղության է լինելու, գերմանահայ գործիչը պատասխանեց․ «Ինքը մեզ համար ո՛չ Մեսրոպ Մաշտոցն է, ո՛չ Գրիգոր Նարեկացին, ո՛չ էլ Դավիթ Բեկը, որ անբեկանելի հեղինակություն լինի, և մենք հավատանք նրան։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ այդ փաստաթղթից տեղյակ չեն քաղաքական, մտավորական շրջանակները։ Նա իրավունք չունի սուսուփուս, գաղտնի ստորագրել ինչ-որ փաստաթուղթ։ Մենք, որպես ժողովրդի մի մաս, բացահայտ ասում ենք, որ ինքը իրավունք չունի փաստաթուղթ ստորագրելու։ Ցանկացած հողային հարց հայ ժողովրդինն է, միայն Հայաստանի իշխանություններինը չէ»,- ասաց նա։
Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի վերոնշյալ փաստաթուղթը, ապա ավելի կդժվարացնի հայ ժողովդի զարգացման գործընթացը։ «Նա Հայաստանին բավականին մեծ վնաս կտա, եթե չհեռանա և ստորագրի Հայաստանին առաջարկվող փաստաթուղթը։ Կարծում եմ՝ մենք պետք է մեր ուժն ունենանք ըմբոստանալու, ապստամբելու նրանց, հայտարարենք, որ այն չենք ընդունում։ Դա պետք է արվի գոնե կառույցների, կազմակերպությունների, ընկերությունների մակարդակով պետք է հայտարարվի, որ որևէ փաստաթուղթ, ստորագրված վարչապետի պաշտոնակատարի կողմից, չենք ընդունելու, նա իրավունք չունի դա անելու, դա խաբեբայություն է լինելու և մեր մեջքին հարված»,- ասաց նա։
Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան