Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ռումանիոյ հայությունն այս օրերին իր աղոթքի ձայնը միացրեց համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ապրիլի 23-ին, Ռումինիայի ժամով ժամը 22:00-ին, ղողանջեցին նաև Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի և թեմի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն սուրբ նահատակների հիշատակի:

Հաջորդ օրը, ապրիլի 24-ին, Ս. Պատարագներ մատուցվեցին և հիաշատակի արարողություններ տեղի ունեցան թեմի մի շարք քաղաքներում, ծաղիկներ խոնարհվեցին Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարերի ու հուշարձանների առջև:

Ապրիլի 25-ին, թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ, Առաջնորդանիստ Մայր Տաճարի բակում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված խաչքարի առջև կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ, որին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հոգևորականաց դասը:

Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվեց Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի պատգամ, որում մասնավորապես ասվում է. ,,Դժվարին պայմաններ են ստեղծված ամենուր աշխարհում և ողջ մարդկությունն այսօր ապրում է  մեկուսացման կամ արտակարգ պայմաններում: Այսօր համաշխարհային մակարդակով պայքար է ընթանում համավարակի դեմ և աշխարհն իր ուշադրությունը, համակ ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել է համավարակի դեմն առնելու և կյանքի նորմալ պայմանների վերադառնաու համար:

Սակայն այդ ամենը չի խոչնդոտում, որպեսզի այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքը հնչեցնի առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմի նրանց բարեխոսությանը: Ռումինահայ համայնքն ևս իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու իր իրավունքների պաշտպանության: 1915թ. և դրան նախոորդող ու հաջորդող տարիներին, միլիոնավոր հայեր նահատակվեցին, ցեղասպանվեցին ու փորձ արվեց ջնջել հայի տեսակը երկրագնդի երեսից: Բայց չհաջողեցին: Հայը ոչ միայն շարունակեց ապրել ու արարել, այլ նաև ստեղծեց անկախ պետականություն և մինչ օրս շարունակում է մաքառել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար:

Եվ չնայած համավարակային պայմաններին, մեր դարավոր թշնամին, ոսոխը, ինչպես պատմության բոլոր ժամանակներում, այսօր էլ օգտագործեց պատեհ առիթը 106 տարի առաջ կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար: Եվ դա արեց իր այսպես կոչված փոքր եղբոր՝ Ադրբեջանի ձեռքով, որի վառ ապացույցը 2020թ. սեպտեմբերին ադրբեջանա-թուրքական ուժերի լայնածավալ հարձակումն էր Արցախի վրա: 106 տարի անց էլ, Թուրքիան ոչ միայն չի զղջացել և ներողություն չի խնդրել, այլ հակառակը, անթաքույց կերպով շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը:

Ցանկացած ոճրագործություն` լինի մարդասպանություն, ահաբեկչություն, թե ցեղասպանություն, ոտնձգություն է ընդդեմ աստվածային արարչագործության, ընդդեմ մարդկային կյանքի սրբության և արժանապատվության, ընդդեմ աստվածադիր պատվիրանների: Ցանկացած ոճիր, եղեռնագործություն` իբրև Աստծո և մարդու դեմ գործված մեղք, պետք է քավվի խոստովանությամբ, զղջմամբ և հատուցմամբ:

Ու թեև այսօր խոսվում է ներման, նոր հարաբերությունների կառուցման, թշնամական մոտեցումների վերանայման մասին, բայց դրանք միմիայն ունայն խոսքեր են, քանզի մենք չենք կարող ներել, եթե հանցանք գործած կողմը ներողություն չի էլ խնդրել: Չենք կարող խոսել նոր հարաբերությունների կառուցման մասին Բաքվում հայ զինվորին ու ժողովրդին նսեմացնող պուրակի ստեղծման ֆոնին, չենք կարող խոսել բարեկամության և երկխոսության մասին, երբ ձեռագիրը չի փոխվել և թշնամին այսօր էլ ամեն բարեպատիհ առիթով ուղղակի գլխատում և մորթում է հայ մարդուն, ինչպես 1915թ.:

Քաղաքակիրթ աշխարհի մի մասը ցավոք այսօր էլ շարունակում է լռել, բայց այնուամենայնիվ Հայոց Ցեղասպանությունը պատմական անհերքելի և անուրանալի իրողություն է՝ անջնջելի կերպով արձանագրված 20-րդ դարի պատմության տարեգրութեան մեջ և հայ ժողովրդի հիշողության մեջ։ Ո՛չ միայն մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին, այլ նաև հազարավոր եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու կալվածքներ ոչնչացվեցին և նույնը շարունակվում է նաև այսօր: Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ միջազգային օրենքի համաձայն, որն իրագործողները պիտի պատասխանատվության ենթարկվեն:

Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ունի տարածքային ու մարդկային հսկայաան կորուստներ, դարձյալ ավերվում ու պղծվում են հայոց սրբությունները, միևնույն է վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված:

Թուրքիայի ներկայիս իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ իրենք շատ հեռահար իմպերիալիստական նպատակներ ունեն և ցանկանում են կյանքի կոչել պանթուրքիստական ծրագիրը, որի իրականացման ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է Թուրքիո համար: Վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը փորձեցին ճնշել մեզ: Օգտագործելով Արցախի խնդիրը՝ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել մասնավորապես Սփյուռքի վրա և մեր օրակարգից դուրս մղել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն մենք չպետք է սադրանքների տրվենք, պետք շատ արագ ուղղենք մեր ողնաշարը և մեր առաջնային խնդիրները պետք է լինեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, հատուցումը և, անշուշտ, Արցախի կարգավիճակի հստակեցումը:                                                                      

Մենք մեր կոչն ենք ուղղում բոլոր ժողովուրդներին, պետություններին, միջազգային կառույցների պատասխանատուներին, ի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներին` գործադրելու ամեն ջանք՝ նմանատիպ ոճրագործությունները կանխելու և ըստ արժանվույն գնահատելու ու դատապարտելու համար:

Մեր մաղթանքն ու հորդորն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության. Ամեն:,,:

              

 

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Ռումանիոյ առաջնորդին, Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանին և հավատացյալ ժողովրդին իր ուղերձն էր հղել նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Դանիելը, որն ընթերցվեց և որում մասնավորապես նշվում է. ,, Ռումին Ուղղափառ Եկեղեցու կողմից Հայ Եկեղեցու հավատացյալների ցավի համար մխիթարանք և համերաշխություն արտահայտող ուղերձ հղելու հրավերը Մեր մտքերն ուղղում է դեպի այն ժամանակաշրջանը, երբ հայ ժողովուրդն անցավ իր հազարամյակի պատմության ամենադժվար փորձություններից մեկը `1915 թ. , և որն այսօր իսկական հիշեցում է մեզ համար: Եթե ​​աշխարհը դասեր քաղեր այդ տարվա նման ողբերգական իրադարձություններից, մենք բոլորս ավելի լավ կհասկանայինք Աստծո պատկերով ստեղծված յուրաքանչյուր մարդու անգին արժեքը (Ծննդոց 1:26), որի արժանապատվությունը պետք է պատշաճ կերպով հարգել: Վստահեցնում ենք ձեզ, որ ռումին ժողովուրդը հավերժ կհիշի այն տառապանքները, որոնց միջով անցել է հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում և, ցավոք, շարունակում է անցնել նաև այսօր: Այս կենդանի հիշողությունը արգասիքն է հարգանքի և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների, հատկապես տեղական մակարդակում, Հայ Եկեղեցու հավատացյալների և Ռումի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալների միջև, հայ ժողովրդի և ռումին ժողովրդի միջև: Պատմությունը ցույց է տալիս, որ Մեր ժողովուրդների հարաբերությունները խոր արմատներ ունեն անցյալում և, հետևաբար, կունենան պայծառ հեռանկար ապագա սերունդների համար: Մենք աղոթում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին ՝ խաղաղության և սիրո Տիրոջը, Խաչյալին և հարություն առածին, որպեսզի պահի ու պահպանի Հայ Եկեղեցու բոլոր հոգևորականաց և հավատացելոց և մեծապես օգնական լինի համայն հայ ժողովրդին,,:     

Այնուհետև տեղի ունեցավ Գառնիկ Ստեփանյանի ,,Մղձավանջային օրեր,, գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: Խոսքով հանդես եկավ գիրքը հայերենից ռումիրեն թարգմանած ռումինահայ լրագրող, գրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը; Վերջինս ներկայացրեց գիրքը, հեղինակին՝ Գառնիկ Ստեփանյանին, որն իր գրքում ներկայացնում է ջարդերից փրկված և ցեղասպանությունը վերապրած իր իսկ ընտանիքի պատմությունը:              

Խոսքով հանդես եկան նաև Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:              

Դեսպան Մինասյանը, կարևորելով օրվա խորհուրդն, իր խոսքում նշեց, որ ցեղասպանության ճանաչումն ոչ միայն պատմական արդարության վերականգնումն է, այլ ունի նաև յուրատիպ բարոյական ու կարևոր կանխարգելիչ նշանակություն՝ բացառելու համար նման ոճրագործությունների կրկնությունը: Դեսպանը նաև հատուկ ընդգծեց, որ անպատժելիությունն, ինչպես ականատես եղանք 2020թ. աշնանը Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ, ծնում է նոր հանցագործություններ: Կարևորելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման և ցեղասպանություն եզրույթն օգտագործելու փաստը՝ դեսպանը հույս հայտնեց, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համար: Խաչքարի առջև ծաղիկներ խոնարհեցին և Հայրենիքին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին համայնքի մանուկներն ու պատանիները՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ նոր սերունդը ևս պահանջատեր է և շարունակելու է պայքարել պատմական արդարության վերականգնման համար:              

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարեդարձի առիթով ռումինահայոց միության կողմից Առաջնորդանիստ Տաճարի պարսպի վրա նախապես տեղադրվել էին պաստառներ, որոնց միջոցով ոչ միայն տեղի հայությունը, այլ նաև քաղաքի բնակչությունը և անցորդները հնարավորություն ունեին հաղորդակցվելու հայոց պատմության մռայլ և ծանրագույն էջերից մեկին:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ռումինիայի հայաբնակ Բայա Մարե, Կլուժ-Նապոկա, Կոնստանցա, Պիտեշտ, Ռոման և այլ քաղաքներում:
Ռումինական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն