Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Ապրիլի 24-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի և ոգեկոչման աղոթք-արարողություն։ Այս մասին հայտնում  է Բրյուսելում  Հայաստանի դեսպանությունը։ 
 
Այնուհետև Բրյուսելի Անրի Միշո հրապարակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ, տեղի ունեցան հիշատակի միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն, որոնց ներկա էին Բելգիայի Սենատի, դաշնային և համայնքային խորհրդարանների, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքապետեր և թաղապետեր, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների՝ Բելգիայում գործող կառույցների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, Բելգիայում, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու անձնակազմը։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, Բելգիայի Սենատի անդամ Գայետան Վան Գոյդսենհովենը և Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել Դը Մագդը՝ համապատասխան նախագահների անունից, Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆը, Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Քլոզեն, Իքսելի քաղաքապետ Քրիստոս Դուլկերիդիսը, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Տավիտյանը։
 
ՀՀ դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ 106 տարի անց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս՝ հանգեցնելով այդ նույն երկրի անմիջական մասնակցությամբ նոր ոճրագործությունների:
Դեսպանը կարևորեց Հայաստանի և միջազգային հանրության կողմից շարունակական ջանքերի գործադրումը ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ:
 
orer.eu