Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 24-ին Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի, Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանի և Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից տեղի ունեցավ ծաղկեպսակի խոնարհման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

 ԼիտվականLrytas.tv հեռուստաընկերությունն անդրադարձել է  այսօր Վիլնյուսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Դեսպան Մկրտչյանը, լիտվական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է և զոհերին ոճրագործների հետ հավասարեցնելու փորձեր են կատարվում, մարդկությունը ցեղասպանությունների կրկնության սպառնալիքի առջև է կանգնած։ Դեսպան Մկրտչյանը շեշտել է միջազգային հանրության բոլոր դերակատարների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և նշել, որ միայն ճանաչմամաբ, դատապարտմամբ և զոհերի հիշատակը ոգեկոչելով է հնարավոր հասնել Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչմանը և պատմության հետ առերեսմանը, քանզի մինչ օրս էլ մենք ականատես ենք լինում Թուրքիայի կողմից քայլերի, հայտարարությունների և սպառնալիքների, իբրև թե 1915թ. երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն «ամբողջությամբ չի իրականացվել» և հայերի գլխին ցանկացած պահի կարող է կախվել դրա «կրկնության վտանգը»։

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակման 106-ամյակը միջազգային այլ գործընկերների հետ միասին հավելյալ կարևորություն ունի, քանի որ 2020 թ. Արցախում հայ ժողովուրդը բախվեց բնաջնջման վտանգի առջև, որում Ադրբեջանին անթաքույց աջակցում էր Թուրքիան։
Դեսպանն ընդգծեց օրենսդիր և գործադիր մակարդակներով այս տարի Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչման կարևորությունը։ Դեսպանը հավելեց, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը ուղերձ է միջազգային հանրությանը, ինչպես նաև Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անխուսափելի է, և որ «Այլևս երբեքը» պարզապես խոսքեր չեն։
 
Իսկ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասն իր տպավորություններն է ներկայացրել Ծիծեռնակաբերդից։
«Հուզված եմ Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումից: Մենք՝ լիտվացիներս, խորապես վշտակցում ենք բոլոր նրանց, ում ընտանիքներն ու հիշողություններն առնչվել են այդ ողբերգական իրադարձությանը: Զոհերին հիշելը ամրապնդում է մեր վճռականությունը ձգտելու կանխել նման վայրագությունների կրկնումը»:

 

Այսօր Տալլիննում Հայ Առաքելական Եկեղեցու զանգերի ղողանջի ներքո մեր հավատավորները բակի խաչքարին ծաղիկներ խոնարհեցին և մոմեր վառեցին ի հարգանք Ցեղասպանության նահատակների սուրբ հիշատակի: Էստոնիայի Հայկական Ազգային Միության կողմից Խաչքարին ծաղկեպսակ դրեց Նախագահ Ռազմիկ Իվանյանը:
Եկեղեցում առ Աստված հնչեցին աղոթքներ ու Բարեխոսական արարողակարգի ընթերցումներ: Բալթյան Երկրների Հայ Առաքելական Եկեղեցու թեմական առաջնորդ Գերաշնորհ Վարդան Սրբազանի օրհնությամբ հայ համայնքի ներկայացուցիչները մեկնեցին Հաապսալու քաղաք, ուր որբացած հայորդիների փրկարար Հեդվիգ Բյուլին ձոնված խաչքարին դրվեցին հիշատակի ծաղիկներ ու ծաղկեպսակ:
Խաչքարի մոտ կատարվեցին խնկավառութուն ու աղոթքներ:
Տարտու քաղաքում նույնպես մատուցվեց սուրբ հիշատակի հարգանքի տուրք Մարգարիտա Ազրոյանի ուղեկցությամբ:
 
 
Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը Արժ. Տ. Խոսրով Քհն. Ստեփանյանի և հայորդիների հետ Ռիգայի կենտրոնում գտնվող հայկական Խաչքարի առջև իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության Ս. Նահատակների ամնար հիշատակին:
 
Ի դեպ, Լատվիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Նոր պահպանողական» կուսակցությունը երկրորդ տարին անընդմեջ վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։ Կուսակցությունը, Լատվիայում սկսելով պատմական կարևորություն ունեցող գործընթաց, միանում է աշխարասփյուռ հայությանը և հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
 
 
 
orer.eu