Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Երեւանի Մատենադարանից խոր վշտով հայտնում են, որ ապրիլի 11-ին վախճանվեց Մատենադարանի Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, աստղագետ, տոմարագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Բրուտյանը։
 
Գրիգոր Բրուտյանը ծնվել է 1955 թ․ հունիսի 28-ին Երևանում։ 1973 - 1978 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Ուսումնառության վերջին տարիներին աշխատել է Համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնում որպես լաբորանտ։ Ուսումնառության ավարտից անմիջապես հետո աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում։ Երկար տարիներ աշխատել է աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի բաժնում որպես գիտաշխատող։ Զբաղվել է բռնկվող աստղերի (նաև՝ Վոլֆ Ռայե դասի աստղերի) ուսումնասիրությամբ, գործուն մասնակցություն է ունեցել աստղադիտարանում ընթացող դիտողական ծրագրերին։ 1999 թ․ աշխատել է նաև նորաստեղծ՝ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, իսկ 2000 թ․ այդ թանգարանի տնօրենն էր։ 2004 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2005 թ.-ից Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդել է «Տոմարագիտություն» առարկա։ Դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանում և Մխիթարյան Միաբանության ճեմարանում։ 2009 թ․ Վիկտոր Համբարձումյանի տուն- թանգարանում իր պաշտոնավարությանը զուգահեռ աշխատանքի է անցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը հայկական հին և հնագույն օրացույցների դաշտն է։
Հեղինակ է երեք տպագրված և մեկ անտիպ մենագրությունների, տպագրել է շուրջ վաթսուն գիտական հոդվածներ՝ հիմնականում հայկական օրացույցի, դրա պատմության, հարակից խնդիրների և աստղաֆիզիկայի որոշ հարցերի վերաբերյալ։
Մատենադարանի տնօրինությունը, աշխատակազմն իրենց վշտակցությունն են հայտնում Գրիգոր Բրուտյանի հարազատներին վաստակաշատ գիտնականի մահվան կապակցությամբ:
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00-ին։ Հուղարկավորությունը՝ երեքշաբթի՝ ժամը 11:00-ին Բյուրականի աստղադիտարանի տարածքում։