Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այնպես էր ստացվել, որ Նիկոլայ Հովհաննիսյանի հետ ծանոթացել էի վերջին տարիներին, երբ չնայած իր պատկառելի տարիքին շարունակում էր աշխատանքի գնալ ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն, որը նախկինում գործում էր որպես բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ։ Երկար տարիներ գլխավորել էր այն, հեղինակել ավելի քան 350 աշխատություններ՝ փաստորեն դառնալով Հայաստանում ճառագայթային բժշկության հիմնադիրը։ Բժշկակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը իր գիտական հետազոտությունների համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի։

Ես որպես լրագրող հետաքրքրված էի նրա առատ գիտական հունձքով, հասցրել եմ մի քանի գրքերի ծանոթանալ, մասնավորապես շատ ուշագրավ «Ռադիացիոն բժշկության ժամանակակից հիմնախնդիրները», որը տարբեր միջազգային համաժողովներում Նիկոլայ Հովհաննիսյանի ելույթների սինթեզված հանրագումարն է։

Միջազգային ճանաչում ունեցող գիտնական էր, տարբեր ակադեմիաների և կազմակերպությունների անդամ, որովհետև նա այլ կերպ չէր պատկերացնում ճառագայթային բժշկության զարգացումը։ Նա ասում էր,որ Հայաստանը մի կողմից փոքր երկիր է գիտության ցանկացած ճյուղի զարգացման համար, բայց առանձին գիտնականների համարձակ և նպատակային քայլերը ծածկում են և այդ բացը։ «Պետք է կարողանալ պահպանել ձեռքբերումները և լավագույն ավանդույթները փոխանցել երիտասարդներին, որը ոչ միշտ է հաջողվում մեզ»,- ասում էր նա։ Իսկ երբ խոսակցությունը լրջանում էր,կատակում էր. «Գիտությունից երբեմն ավելի հզոր է պոեզիան,-ասում էր իմ լավ բարեկամը, -ինձ համար դժվարին պահերին բանաստեղծությունը միշտ փրկօղակ է եղել»։ Եվ կարող էր երկար արտասանել տարբեր և հայ, և ռուս հեղինակների բանաստեղծություններ։ Ոգևորվում էր իր սիրած հեղինակների ստեղծագործություններով, մասնավորապես՝ Սերգեյ Եսենինով, Կոնստանտին Սիմոնովով։ Եվ պատահական չէր, որ նա իր թոռներին ու ծոռներին նրանց ծննդյան օրվա առթիվ պոեզիայի հին հրատարակության գրքեր էր նվիրում։Նա դրանով չէր բավարարում. ինքն էլ էր համարձակվում ու իր բանաստեղծությունները ձոնում նրանց ու սիրով արտասանում։

Հարազատները ասում են նաև, որ նա ընդհանապես խոհափիլիսոփայական բանաստեղծություններ էր գրում, որպես կանոն ինքն իր համար,ուր արտահայտվում էին նրա զգացմունքները,հույզերը։ Կնոջը՝ Իրինային, կորցրել էր տարիներ առաջ և իր կյանքը իր գրած բանաստեղծությունում մենակություն համարել, չնայած նա միշտ ընտանիքի ուշադրության կենտրոնում էր՝ ընտանեկան սեղանի գլխին՝ իր հաստատուն տեղով։

Արդեն երկու ծոռ ուներ։ Ավագ ծոռի հետ արդեն հաղորդակցվում էր սիրով, աչքերում միշտ փայլ կար,երբ փոքրիկը իր մեծ պապին ցանկանում էր հաղորդակից դարձնել իր յուրօրինակ աշխարհին։ Փոքր ծոռնիկին էլ, որ նոր էր լույս աշխարհ եկել ամեն անգամ արևշատություն էր մաղթում ու երազում այն օրը, երբ կլսի նրա թոթովախոս արտահայտությունները։ Ուրախ էր, որ զավակը՝ Աշոտը, և իր անվանակից թոռը՝ Նիկոլայը,բժշկության ասպարեզում են, շարունակում են իր և իր կնոջ գործը, քանի որ բժշկությունը նա շատ կարևոր մասնագիտություն էր համարում։Չէ ո՞ր այն մասնագիտություն է, որին նվիրվում են երդվելով։

Նրա կարծիքով հայը իր էությամբ ու խառնվածքով կարող է լավ բժիշկ դառնալ և պատահական չէ, որ աշխարհի առաջատար բժշկական հաստատություններում ,որտեղ էլ այն լինի,միշտ շնորհալի ու տաղանադավոր բժիշկներ կգտնես։Շատ են և ճանաչված գիտնական-բժիշկները։Ասում էր,որ միշտ էլ հպարտանում է նրանցով։

Ընթերցասեր էր Նիկոլայ Հովհաննիսյանը։ Մի առիթով տարբեր գրքերի մի ամբողջ հավաքածու նվիրեցի իմ լավ բարեկամին։ Ինչ որ ժամանակ անց ինձ հետ ոչ միայն այդ գրքերի բովանդակությունն էր քննարկում, այլև զուգահեռներ անցկացնում,օրինակ ներկայացնում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների թարգմանական արվեստի արժեքային համակարգը՝ ստեղծագործությունները ավելի հաճախ բերանացի ներկայացնելով։ Նրա նման բազմակողմանի մտավորականների թիվը, ցավոք, ավելի ու ավելի է քչանում։ Մեր ավագ սերնդակիցները հեռանում են մեզանից՝ իրենց հետևից թողնելով բարի հիշատակներ ու նաև ուղերձներ՝ պահպանել Երկիր Հայրենին, փոխանցել գալիք սերունդներին: Իսկ իրենք ձգտել են այս աշխարհում թողնել այն ամենը, ինչ կարող էին։Այդպիսին էր 87-ը դեռ չբոլորած գիտնական, մարդ-անհատականություն Նիկոլայ Հովհաննիսյանը։

 

Սերգո Երիցյան

բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

 

 Հ.Գ.Հարազատները ինձ տեղեկացրել են, որ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Մեսրոպի Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ապրիլի 12-ին ժամը 18.00-ից մինչև 20.00-ն, հուղարկավորության արարողությունը՝ նույն վայրից՝ ապրիլի 13-ին ժամը 14.00-ին