Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Այսօր լրանում է վաղամեռիկ գիտնական, հայտնի պատմաբան Արտակ Մովսիսյանի 51 ամյակը։ Անցյալ տարի նա նույնպես զոհ գնաց կորոնավիրուսային վարակին՝ անավարտ թողնելով բազում նախագծեր ու ծրագրեր։ Անուրանալի է Արտակ Մովսիսյանի դերը նորանկախ Հայաստանի պատմագրության զարգացման, մատաղ սերնդի կրթության եւ գիտահանրամատչելի գրականության տպագրության գործում։ Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում դեռեւս 2007 թվականին  Հրաչուհի Փալանդուզյանի  վարած հարցազրույցը Երեւանի պետհամալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր Արտակ Մովսիսյանի հետ։ 
 
 
Հայ ժողովրդի ինքնաճանաչության վրա ծանրացած արգելքներն ու թմբիրը կարծես թե սկսել են տեղի տալ. գիտական մտավորականության մի ստվար հատված ստանձնել է մեր ժողովրդի պատմության ճշմարտացի արտացոլման անհետաձգելի գործը, որն արդեն նշանավորվել է արժեքավոր ձեռնարկներով: Այդ շարքում են «Տիգրան Մեծ» տեսաֆիլմը, «Հայ ժողովրդի պատմության» քառահատորյակի մեկնարկը, «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիայի» 1-ին հատորը, դպրոցական դասագիրքը, մի շարք թարմաշունչ երկասիրություններ: Այս բոլոր աշխատանքներում ներգրավված է Պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը:
 
– Պարոն Մովսիսյան, չեմ կարող հետաքրքրությունս զսպել և անմիջապես չհարցնել` ճի՞շտ եմ նկատել, թե իսկապես Հ1-ի եթերից «Հայեր» հաղորդաշան անհետացել է: Դա շատ մեծ վարկանիշ ունեցող ծրագիր էր, թերևս միակը, որը մեր ժողովրդի մասին ասում էր տասնամյակներով լռեցված ճշմարտությունը:
– Արդեն կես տարի է` այդ հաղորդաշարը եթերում չկա, մեր հեռուստատեսության «ազգային» ղեկավարությունն է այդ որոշումը կայացրել: Պատճառներն իրոք անհասկանալի են, քանի որ շատ մեծ լսարան ունեինք, արձագանքները միշտ հիացական էին: Ցավով եմ ասում, բայց կարծես «Հայերը» հանվեց, որպեսզի նրան փոխարինեն լատինամերիկյան անբարո սերիալները: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել` դրանք հոգեբանական պոռնո են տարածում, որն ապականում է մեր երիտասարդությանը, աղավաղում ազգային արժեքները:
 
– Սա մեծ խոսակցության թեմա է, այժմ խնդրում եմ պատմեք, թե ինչպես մտահղացաք «Տիգրան Մեծը»:
– Ռեժիսոր Վահե Սուքիասյանի հետ նույն «Հայերն» էինք հեռարձակում, և քանի որ վիթխարի նյութ ու տեխնիկական հնարավորություններ ունեինք` 6 հայ պատմաբաններով որոշեցինք ֆիլմի վերածել մեր հզորագույն թագավորներից մեկի կյանքն ու գործը: Հատկանշականն այն է, որ մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք պատմական զուգահեռների վրա: Այն, ինչը Ք.ա. 1-ին դարում հրատապ էր, արդիականությունը չի կորցրել նաև մեր օրերում: Հայտնի է, որ Տիգրան Մեծը պատանդությունից ազատագրվել է 45 տարեկանում: Նա վերադարձավ և թագադրվեց մի քաղաքում, որը ոչ մայրաքաղաք էր, ոչ հոգևոր կենտրոն: Շատերը չէին ընկալում դրա պատճառները, հասկացան, երբ Տիգրան Մեծը հետագայում կառուցեց մայրաքաղաքը: Նա քսան տարի առաջ մտքում ուրվագծել էր ապագա մեծ տերության` աշխարհակալության սահմանները, որի կենտրոնն այդ անհայտ քաղաքն էր: Այսօր ի՞նչ է կատարվում. 1990-ականներից սկսած բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որևէ նախարարի ներկայացրել են հոյակապ ծրագրեր, սակայն դրանք հետաձգվել են, որովհետև արդյունքը պետք է երևար ասենք 10 տարուց հետո: Իսկ այդ ժամանակ, հասկանալի է, տվյալ պաշտոնյան իր տեղում չէր լինի: Այսինքն, ի տարբերություն Տիգրան Մեծի ժամանակների, այժմ բացակայում է պետական մտածողությունը: Կարծում եմ` նշածս դրվագը այսօրվա համար շատ լավ դաս է:
 
– Տիգրան աշխարհակալը ևս թուլություններից զերծ չի եղել, հենց թեկուզ` բանակն օտարներով համալրելը:
– Այդ դասը նույնպես մեր օրերի համար է: Տեսեք. 5-6 ամիս հռոմեացիները պաշարել էին Տիգրանակերտը և ոչ մի կերպ չէին կարողանում գրավել: Հռոմեական զենքն այդպես էլ հայոց մայրաքաղաքին չդիպավ, դավաճանեցին հույն վարձկանները` դավադրություն կազմակերպելով: Դա ռազմավարական շատ լուրջ բացթողում էր: Այսօր մեր սահմանները պաշտպանում են օտարերկրյա զորքերը: Ինձ համար ոչ մի նշանակություն չունի` դրանք ռուսական, ֆրանսիական, թե ամերիկյան զորքեր են, միևնույն է` հայ չեն: Երկրի պաշտպանությունը երբեք չի կարելի օտար զինվորին վստահել, սեփական անվտանգությունը պետք է ապահովել սեփական ձեռքերով: Վերջիվերջո մենք մեր կողքին ունենք մեկմիլիոնանոց թուրքական բանակ, որքան էլ ասենք, որ այսօր քանակը չէ որոշողը, այլ տեխնիկան: Մեր երկիրը հսկայական գումարներ է ծախսում այլևայլ ոլորտներում, մինչդեռ դրանք հարկավոր է ներդնել ռազմարդյունաբերության զարգացման գործում: Այդ դեպքում մենք մյուս հարցերը ևս հեշտությամբ կլուծենք, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը:
 
– Շնորհանդեսի ժամանակ արտահայտված բուռն ոգևորությունը վկայեց, որ մեր ժողովուրդն իսկապես նման արժեքների քաղց ունի: Մանավանդ նշվում էր ֆիլմի կրթադաստիարակչական բացառիկ նշանակությունը:
– Դրանով փաստորեն մենք սկսեցինք մի ֆիլմաշար, որն աստիճանաբար իրականանում է: Վահե Սուքիասյանի հետ նկարահանում ենք Նեմրութին, Կոմմագենին նվիրված մի ֆիլմ, որը շուտով կավարտենք: Ծրագրում ենք անդրադառնալ նաև մեր գրավոր մշակույթի նախամեսրոպյան փուլին, Արևմտյան Հայաստանում արդեն նկարահանումներ ենք կատարել: Ծրագրերը շատ են, մասնագետներ ևս կան, մնում է, որ պետության աջակցությունը լինի: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ որոշակի բանակցություններ ենք տանում, հույս ունենք, որ առաջիկայում գործնական լուրջ քայլեր կկատարվեն: Թեև իմ ոլորտը հայ ժողովրդի պատմության վաղագույն շրջանն է, սակայն հաճախ եմ մտածում, թե ինչ ու, օրինակ, Սասունցի Դավիթը դյուցազնավեպը մուլտֆիլմի չի վերածվում: Նույնիսկ ոչինչ պետք չէ անել` Հակոբ Կոջոյանի հրաշալի նկարազարդումները նորագույն տեխնիկայի միջոցով կարելի է էկրանավորել և մատուցել մեր երեխաներին: Այդպես` շատ ավանդազրույցներ ու պատմական իրադարձություններ, որոնք հայրենասեր, ուժեղ սերունդ կդաստիարակեն:
 
– Որքան էլ դրանք կարևոր լինեն, թվում է` առաջնահերթը հայ ժողովրդի ծագման ու ձևավորման, ինչպես և հայկական առաջին պետականությունների պատմության ճշգրտումն է: Հոգնել ենք լսելուց, որ հայերը պատմական ասպարեզ են իջել Ուրարտուի գրկից, մինչ այդ ընդամենը... նախահայեր էին: Դուք Հայաստանի պատմությունն սկսում եք Արատտայից, ընդ որում` ըստ միջագետքյան սկզբնաղբյուրների: Դրանք ի՞նչ են հաստատում:
 
– Որ հայերի գրավոր ավանդված պատմությունը սկսվում է Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբից` 28-27 դարերից և ոչ թե Ուրարտուից: Ես այս հացի ուսումնասիրմամբ զբաղվում եմ 1990-ականների սկզբից և բազմիցս արժանացել եմ քննադատության կամ թերահավատության: Սակայն սեպագիր սկզբնաղբյուրներն անաչառորեն վկայում են, որ Արատտան եղել է հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը: Անգամ 7-րդ դասարանի երեխան շումերական տեղեկությունների օգնությամբ կարող է քարտեզի վրա պարզել, որ Արատտան` Եփրատի ափով ձգվող լեռնային այդ երկիրը հենց Հայկական լեռնաշխարհն է: Շատ արժեքավոր են Սարգոն Աքադացու արձանագրությունները, որոնք կասկածի տեղ չեն թողնում, որ հայերն են եղել Արատտայի բնակիչներն ու տերերը: Երբ ակադեմիայում քննարկվում էր «Հայ ժողովրդի պատմության» քառահատորի առաջին հատվածը, որի նախաքրիստոնեական շրջանի հեղինակը ես եմ, հայտարարեցի. եթե որևէ մեկը կապացուցի, որ Արատտան ոչ պատմական հորինվածք է` ես հեռուստատեսությամբ ժամ կգնեմ և հրապարակավ կայրեմ բոլոր աշխատություններս: Մինչև օրս թեկուզ մեկ արձագանք չեմ ստացել:
 
– Ձեր, ինչպես նաև մեր մի շարք պատմաբանների հետևողականության շնորհիվ այս տարի 6-րդ դասարանցիներին հանձնված «Հայ ժողովրդի պատմության» դասագիրքն սկսվում է Արատտայից: Հույս կա, որ այլև չենք հանդիպի այնպիսի հայ պատմաբանի, որն այդ անունը լսելիս զայրույթից գունատվի:
– Դասագրքի խմբագիրը նշանավոր պատմաբան Բաբկեն Հարությունյանն է, մենք ևս հույս ունենք, որ մեր ժողովրդի կենսագրությունն այլևսա չի խեղաթյուրվի, պատմական բոլոր իրադարձություններն ու դմքերը կստանան իրենց արժանի գնահատականը և մանավանդ` կկատարեն այն զորեղ դերը, որը յուրաքանչյուր ժողովրդի կյանքում վերապահված է նրա ճշմարտացի պատմությանը: Մեր պատմության գրքերից հաճախ այնպիսի դրվագներ են դուրս մնացել, որ տրամաբանության շրջանակում չեն տեղավորվում: Օրինակ` պատմությունից հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չի արշավել, սակայն ուղարկել է մի զորագունդ, որը գլխովին ջախջախվել է: Այդ փաստն արձանագրել է Ստրաբոնը, սակայն մենք երբևէ չենք հիշատակել: Պատկերացնում եմ` այդ մասին ինչ հպարտությամբ կգրեին ուրիշ ժողովուրդները, եթե փաստեր ունենային: Նարամ Սուենի արձանագրությունում կա մի հազվագյուտ խոստովանություն, ասում է` մարդկության արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նվաճել Արմանու երկիր, որ Արմենիա անվան նախաձևն է` Ք.ա. 24-23 դարերում: Պատմությունը վկայում է, որ մենք Տիգրան Մեծից 2000 տարի առաջ ունեցել ենք Ուտիական աշխարհակալություն: Միջագետքյան սեպագրերում պահպանվել է Հայյա աստծու անունը, որի ձեռքին բռնած կավե գավաթից թափվում են դրախտի երկու գետերը` Տիգրիսն ու Եփրատը: Իսկ այս երկու գետերը, ինչպես հայտնի է` Հայկական լեռնաշխարհի խորհրդանիշներն են: Այսինքն արարիչ Աստված մայր դիցուհուց այստեղ է ստեղծել մարդկային ցեղը: Մեր դասագրքերից դուրս է մնացել մի հետաքրքիր փաստ ևս. ասորեստանյան զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, թե Արգիշտիի անունը լսելն անգամ սարսափելի էր: Նոր դասագիրքն այսպիսի շատ լրացումներ ունի, ավելի փաստառատ է Քրեստոմատիայի 1-ին հատորը, և կարծում եմ, որ մեր ժողովրդի պատմությունն սկսում արժանիորեն լուսաբանվել, ինչպես ասում են` ամեն ինչ իր տեղն է ընկնում:
 
– Պարոն Մովսիսյան, դուք մանրակրկիտ ուսումնասիրել եք մեր պատմական գործիչների, արքաների, զորավարների կերպարները, վերջերս հայ իրականությունն ալեկոծվում էր նախագահական թեկնածուների առատությունից: Ի՞նչ որակներ կուզենայիք, որ Հայաստանի ապագա նախագահն ունենար:
– Գլխավոր հատկանիշը, որով կուզենայի մեր ապագա նախագահն օժտված լիներ` հայրենասիրությունն է: Եթե երկրի նախագահն ինչ-որ հարցեր չի հասկանում` նրան կարող են օգնել հմուտ նախարարները, խորհրդականները, սակայն եթե նա օտար գործակալությունների լրտես լինի` մեզ ոչինչ չի փրկի: Երկրի նախագահը պետք է լինի ժողովրդի տերը և ծառան, որդին և արքան:
 
– Հազարամյակների ընթացքում մեր ժողովրդի ձեռքբերումներից մեկը եղել է ազնվականական դասը` արժեհամակարգի կրող լինելու առաքելությամբ: Այսօրվա մտավորականությունն այդ դերը որքանո՞վ է կատարում:
– Հիշում եմ` 1988թ. բուռն կերպով քննարկվում էր այն հարցը, թե մենք ինչու ենք թուլացել, որն է եղել հայոց պետականության անկման պատճառը: Շատերն անգամ մեղքը գցում էին քրիստոնեության վրա, թեև հայտնի է, որ բազմաթիվ երկրներ այդ հավատքն ընդունելուց հետո են հզորացել: Իսկ իմ կարծիքով մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է: Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության վրա, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետ 12-13-րդ դարերում մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը: Եվ այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել: Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում: Եթե այսպես շարունակվի և միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետև ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում:
 
Հրաչուհի Փալանդուզյան
«Ազգային գիտակցություն» հիմնադրամ, 2007թ.